Ուղիղ խոսք

Վերջիհան Զիֆլիօղլի.

Ապրիլ 25, 2009 16:29 Ինչպես, որ Հայաստանը բարձրացնում է ցեղասպանության հարցը, այդպես էլ Թուրքիայում խոսվում է այն մասին, որ հայերն են ջարդերը սկսել։ Կա ուրիշ մի նրբություն։ Անընդհատ շեշտվում է, որ Թուրքիայում աշխատում է 70 հազար Հայաստանի քաղաքացի։ Հայաստանը ներկայացվում է որպես ցածր կենսակերպով, աղքատ, ոչինչ չունեցող երկիր։

Գեղամ Բաղդասարյան.

Ապրիլ 24, 2009 17:21 Ինչ վերաբերում է տարածքների վերադարձի թուրքական նախապայմանին, ապա այն հայկական կողմի աննախապայման դիրքորոշման տրամաբանական պատասխանն է, և ուրիշ բան չէր էլ կարելի սպասել։

Կարինե Խոդիկյան.

Ապրիլ 23, 2009 19:35 Ճիշտն ասած տագնապի զգացում ունեմ։ Նույն տագնապը, երբ Գետաշենն էինք կորցնում։ Բայց այն ժամանակ գիտեինք, թե ինչի համար ենք պայքարում, հանուն ինչի են տղաները ճակամարտում, մենք ինչու ենք մթի ու խավարի մեջ։ Այսօր, չնայած շուրջօրյա լույս ունենք, բայց այսքան խավար մեր շուրջը, գոնե ինձ համար, երբևէ չի եղել։

Հրանուշ Խառատյան

Ապրիլ 22, 2009 19:15 Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե իշխանության համար, ընդհանրապես, ո՞րն է ազգային շահը։ Ազգային շահ ասվածը մեր հասարակության տարբեր շերտեր և քաղաքական ուժեր տարբեր կերպ են մեկնաբանում։

Արմեն Աշոտյան.

Ապրիլ 21, 2009 19:41 Սերժ Սարգսյանն է երկրի նախագահը։ Եվ նա իրականացնում է քաղաքականություն, որը չարամիտ մեկնաբանությունների դեպքում, փորձ է արվում զուգահեռներ անցկացնել Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների հետ։

Լևոն Զուրաբյան.

Ապրիլ 20, 2009 21:04 Փաստորեն ճգնաժամը Բուշի ադմինիստրացիային շեղեց ղարաբաղյան խնդրից, որովհետև արդեն հասկանալի դարձավ, որ այդ ամիսներին շատ ավելի առաջնային խնդիր է ճգնաժամի հաղթահարումը, քան ղարաբաղյան հարցի կարգավորումը։

Ռուբեն Բաբայան

Ապրիլ 17, 2009 19:40 Մենք, բոլոր դժվարություններով հանդերձ, ազատ մարդկանց հասարակություն էինք։ Հետո սկսեցինք դա չգիտակցել և կամաց-կամաց այդ ազատությունից հրաժարվել...Ինքներս հրաշալի գիտենք, թե երբ դա սկսվեց։ Եթե կոնկրետ ընտրություններին է վերաբերում, ապա, իհարկե, 1995 թ.-ից։ Որովհետև 1995 թ.-ին առաջին անգամ տեղի ունեցավ այն, ինչը որ ազատ հասարակության մեջ չպետք է տեղի ունենար։

Արծվիկ Մինասյան.

Ապրիլ 16, 2009 15:51 Բախումների և լարվածության մեծ հավանականություն եմ տեսնում, քանի որ, թե՛ այն «սոցիոլոգիական հարցումները», և թե՛ մամուլի առանձին միջոցների կողմից բևեռացմանն ուղղված գործողությունները, կարծես թե թելադրվում են ինչ-որ մի կողմից, և հասարակությանը տարաջատվելու արհեստական լիցքեր են հաղորդում՝ ներարկելով չարի և բարու գաղափարը։

Վարդան Բոստանջյան.

Ապրիլ 15, 2009 19:23 Ես իրատես մարդ եմ և չեմ ուզում պարզապես լինել ընդդիմադիր, կամ ընդունել նման կեցվածք։ Ամեն երկրի հայրենասեր քաղաքացի, իսկ ես ինձ այդպիսին եմ համարում, պետք է մտածի միայն պետության մասին։ Մարդկանց պետք է աշխատալու հնարավորություն տրվի, որպեսզի նրանք ամբողջությամբ կարողանան դրսևորվել և ոչ թե անտեղի քննադատել։ Ե՛վ անցյալում, և՛ այսօր Հայաստանում ընդդիմադիր կեցվածք ընդունելը կրում է նաև արհեստական բնույթ։

Տիգրան Կարապետյան.

Ապրիլ 14, 2009 21:03 Ես ոչ մեկի չեմ տա իմ ալիքը։ Ես այն ոչ մեկից չեմ վերցրել, չեմ ժառանգել, զրոյից հեռուստաընկերություն եմ ստեղծել։ Պետք է թվայնացնել՝ ես դա կանեմ։ Ե՛վ գումար ունեմ, և՛ ամեն ինչ։ Որևէ մեկը չի կարող ինձ խանգարել։ Այսօր ոմանց մոտ ցանկություն կա մենաշնորհել նաև այդ ոլորտը՝ բոլոր հեռուստաընկերությունները փողով գնել։ Թող լավ իմանան՝ ես չեմ վաճառում, ոչ էլ վաճառվում եմ։

Ժիրայր Սեֆիլյան

Ապրիլ 13, 2009 19:15 Հայերի համար արցախյան խնդիրը լուծված է։ Պարզապես մեր ռեժիմի պարագլուխները, ելնելով իրենց շահադիտական նկատառումներից, պատրաստ են ոչ միայն զիջելու ազատագրված տարածքները, այլև նրանք պատրաստ են զիջել ամբողջ Արցախը, միայն նրա համար, որ շարունակեն իրենց նյութապաշտությունը։

Միխայիլ Սահակաշվիլի.

Ապրիլ 13, 2009 14:07 –Դժվար թե ես ինչ-որ բան այլ կերպ անեի։ Արժեքները, որոնք կարևոր են մեզ համար չեն ընդունվում Ռուսաստանի կողմից։ Արդյո՞ք, ես պետք է գնայի փոխզիջման։ Եթե այդպես անեի, ապա Ղրղստանի պես կկորցնեինք մեր ժողովրդավարական արժեքները, կամ կլինեինք աղքատ ինչպես Հայաստանը, որի տնտեսությունն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից։

Տիգրան Խզմալյան.

Ապրիլ 11, 2009 18:29 Կարծում եմ, որ մինչև 1995-96 թվականները մենք դեռ կարող էինք արձանագրել իշխանության պատկանելը ժողովրդին։ Խնդիրները սկսվեցին դեռ առաջին նախագահի օրոք, և 1996-ին ամեն-ինչ վերջացավ, ժողովրդից իշխանությունը խլեցին։ Դրա միտումները խորացան, ինչը բերեց մարտի 1-ին։

Ստեփան Սաֆարյան.

Ապրիլ 10, 2009 19:28 Ցավում եմ, որ մեր բնական դաշնակիցների շրջանում գտնվեցին մարդիկ, ովքեր տրվեցին պիտակավորումներ տալու գայթակղությանը։ Կարծում եմ կգա ժամանակը և նրանք ներողություն կխնդրեն իրենց պահվածքի համար։ Ամեն դեպքում «Ժառանգության» որոշման վրա դա չէր կարող ազդել։

Ստեփան Գրիգորյան.

Ապրիլ 09, 2009 19:14 Գյուլի այն հայտարարությունը, թե առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման, սահմանի բացման հարցում դժվար թե կողմերը գան ընդհանուր հայտարարի, նշանակում է, որ ԼՂ հիմնահարցը, այնուամենայնիվ, բանակցային սեղանին կա։