Մեկնաբանություն

05.02.2016 13:50


Ումից և ինչու է վախենում Սերժ Սարգսյանը

Ումից և ինչու է վախենում Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանը 2008–ին Բաղրամյան 26 տեղափոխվեց շատ ծանր գնով։

2013–ին նախագահական «ֆեյք» ընտրություններ էին կազմակերպվել, բայց, միևնույն է, նա հեշտ կյանք չունեցավ ու ծանր ապրումների գնով կարողացավ մնալ Բաղրամյան 26–ում։

Կյանքը ցույց տվեց, որ Սարգսյանը կարող է պարտվել անգամ «էպոսագետին», քանզի հանրային դժգոհությունը նրանից չափազանց մեծ է, ինչը բնական է. Հայաստանի թուլացման և ՀՀ քաղաքացիների արտագաղթի գնով մեկ ընտանիքի հարստացումը ոչ մեկի համար էլ ընդունելի չէ։

Հարկ է նկատել, որ չնայած ներքին ու արտաքին քաղաքական տապալումներին՝ Սարգսյանը դեռ շարունակում է պաշտոնավարել ու դեռ մի բան էլ ցմահ իշխանություն ունենալու հայտ ներկայացնել։

ՀՀԿ ղեկավարը կարողացել է մանրամեծածախ գներով սեփականաշնորհել քաղաքական դաշտի «ընդդիմադիրներին», «երկխոսացնել» թերթերի ու կայքերի խմբագիրների ճնշող մեծամասնությանը, բուծել վճարովի «քաղաքացիականներ» և անապատացնել քաղաքական դաշտը։

Նա հաջողացրել է նաև տոկոս «խփել» սահմանադրական հանրաքվեի ժամանակ։

Ու չնայած այս ամենին՝ Սերժ Սարգսյանը վախենում է, քանզի մեր երկրի, թերևս, ամենատեղեկացված մարդն է։

Սարգսյանը վախենում է ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունից։

Փորձը ցույց է տվել, որ «Վերջի բոլշևիկը» կարող է «երկխոսացնել» հաճախորդներին, օգտագործել ՀՅԴ–ին, փչացնել «թունդ ընդդիմադիրներին», գնել «անկախ» մամուլին, բայց հանրության հարցերը լուծել նա չի կարողանում և չի կարողանալու։

Դա է պատճառը, որ նա իր շրջապատի հետ կատաղի հարձակվում է բոլոր այն սուբյեկտների վրա, ովքեր կարող են կոնսոլիդացնել հանրային օբյեկտիվ դժգոհությունն ու հասնել քաղաքական փոփոխությունների։ Սարգսյանն, ըստ այդմ, վախենում է ֆինանսապես ինքնաբավ և քաղաքականապես ինքնուրույն մարդկանցից։ Ովքեր իրենից կախված չեն, ունեն քաղաքական հավակնություններ և ֆինանսապես անկախ են։ Հանրությունն այս մարդկանց անմիջապես կտարբերի ճղճղան ձայնով հաճախորդներից ու կմիանա նրանց՝ դուրս գալով պայքարի։

Հանրությունը ցույց է տվել, որ գործող ռեժիմը փոխելու համար պատրաստ է ձայն տալ անգամ քաղաքական առումով երբեմն ոչ ադեկվատ Րաֆֆի Հովհաննիսյանին և հանգամանքների բերումով քաղաքական դաշտ մտած Գագիկ Ծառուկյանին։

Պարզ է, որ Հովհաննիսյանն ու Ծառուկյանը չեն հանրության քաղաքական իդեալը (մեղմ ասած), բայց նույնիսկ այս տիպի գործիչների էր պատրաստ օգտագործել նույն հանրությունը՝ Հայաստանը կործանող քաղաքական մեքենան կանգնեցնելու և մեր երկիրը զարգացման ուղի դուրս բերելու համար։

Սարգսյանը շատ լավ գիտի այս մասին ու դրա համար նախ վերացրեց նախագահական ընտրովի ինստիտուտը, որպեսզի խուսափի ուղղակի մրցապայքարից ու հիմա էլ լծվել է քաղաքական դաշտն ամբողջությամբ վերահսկելի դարձնելու գործին։

Դատելով «Գեբելսյան» քարոզչամեքենայի հրապարակումներից՝ քաղաքական դաշտի վերահսկելիության խնդրի հետ կապված՝ նա վտանգ է տեսնում Արա Աբրահամյանից ու Վարդան Օսկանյանից (Սարգսյանի մտքից, բնականաբար, դուրս չի գալիս նաև Ռոբերտ Քոչարյանը)։ Նշված գործիչներն ունեն հանրային ու քաղաքական լայն կոնսոլիդացիա ապահովելու հսկայական պոտենցիալ և էականորեն տարբերվում են Սարգսյանի նախորդ մրցակիցներից (սրան գումարվում է նաև քաղաքական թիմ հավաքելու նրանց հնարավորությունը)։ Այդ պոտենցիալն ամենաբարձրն են գնահատում Սերժ Սարգսյանն ու իր հաճախորդները։ Դա է պատճառը, որ Աբրահամյանն ու Օսկանյանը պարբերաբար հարձակման են ենթարկվում «Գեբելսյան» քարոզչամեքենայի կողմից։ Բայց դե, շունը հաչում է, քարավանը՝ գնում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը