Լրահոս

10.02.2016 11:40


Հայաստանի մարզական պատվիրակությունը մեկնեց Պատանեկան օլիմպիական խաղերին

Հայաստանի մարզական պատվիրակությունը մեկնեց Պատանեկան օլիմպիական խաղերին

Հայաստանի մարզական պատվիրակությունը մեկնեց Լիլեհամեր, որտեղ փետրվարի 12-ին կմեկնարկեն ձմեռային պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Հայաստանը ներկայացնելու են դահուկորդ Միքայել Միքայելյանը և գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը, ով թիմին կմիանա Մոսկվայից:

Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարն է ՀԱՕԿ-ի սպորտի բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը:

Ձմեռային պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերը կանցկացվեն նորվեգական Լիլեհամեր քաղաքում, որն իր պատմության ընթացքում երկրորդ անգամ է հյուրընկալում խաղերը: Դեռևս 1994 թվականին Լիլեհամերն ընդունել էր 15-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը:

2016 թվականի պատանեկան խաղերը հյուրընկալելու միակ հայտը ներկայացրել էր հենց Լիլեհամերը: 2011 դեկտեմբերի 7-ին պաշտոնապես հայտարարվեց, որ երկրորդ պատանեկան Խաղերը կանցկացվեն նորվեգական այս քաղաքում: Լիլեհամերը դարձավ երկրորդ քաղաքն Ինսբրուքից հետո, որը կընդունի թե՛ Ձմեռային օլիմպիական խաղերը, թե՛ պատանեկան խաղերը:

Բացման պաշտոնական արարողության ժամանակ խաղերի կրակը կվառի Նորվեգիայի արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրան, ինչպես իր հայրը՝ թագաժառանգ արքայազն Հաակոնը 1994 թվականի Օլիմպիական խաղերի բացման ժամանակ:

Պատանեկան օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 12-ին և կեզրափակվեն 21-ին:

Այս խորագրի վերջին նյութերը