Լրահոս

10.02.2016 21:00


Ավտոմեքենաները՝ թիրախ

Ավտոմեքենաները՝ թիրախ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Ներքին Շենգավիթի 11-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 Հայկ Թ.-ին՝ իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով:
Նա խոստովանական բացատրություն է տվել, որ Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողացել է էլեկտրական մարտկոցը և ձայնարկիչը, իսկ մեկ այլ փողոցում կայանված «ՎԱԶ-2107»-ից` էլեկտրական մարտկոցը, ձայնարկիչը և պահեստային անիվը, ինչպես նաև փետրվարի 7-ին Աբովյան քաղաքում «ՎԱԶ-2106»-ից գողացել է էլեկտրական մարտկոց և ձայնարկիչի 2 բարձրախոս:

Փետրվարի 8-ին՝ ժամը 10.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 48-ամյա մի կին և հայտնել, որ իրենց շենքի բակում կայանված, որդուն պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են ձայնարկիչը և դրամապանակը, որի մեջ եղել է փաստաթղթեր և էլեկտրական մարտկոց:
Պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Հայկ Թ.-ն: Գողոնը հայտնաբերվել է նրա ավտոմեքենայում:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ վերջինս Արշակունյաց պողոտայի թիվ 54/2 շենքի բակում կայանված, 1957 թ. ծնված Վարուժան Ս.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողացել է էլեկտրական մարտկոցը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1989 թ. ծնված Հենրիկ Ա.-ն և հայտնել, որ իրենց տան մոտ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցը և ձայնարկիչը:
Պարզվել է, որ նշված գողությունը նույնպես կատարել է Հայկ Թ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը