Մեկնաբանություն

12.02.2016 11:35


Ալիևին ծանր ընտրության առաջ են կանգնեցնում. Հայաստանում պաշտոնակռիվ է

Ալիևին ծանր ընտրության առաջ են կանգնեցնում. Հայաստանում պաշտոնակռիվ է

Ռուսական օդուժի աջակցությամբ Սիրիայի նախագահ Ասադի գլխավորած բանակը կարողացել է օղակի մեջ առնել ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպը, ինչը նշանակում է, որ այդ քաղաքի արևելյան հատվածում գտնվող հակակառավարական ուժերի և տարատեսակ ահաբեկչական խմբավորումների օրերը հաշված են։

Եթե հաջողվի Հալեպը «մաքրել» և փակել թուրք–սիրիական սահմանը Սիրիայի հյուսիսային հատվածում, ապա բեկում կմտցվի սիրիական ռազմական թատերաբեմում։ Դա էլ իր հերթին նշանակում է Սաուդյան Արաբիայի ու հատկապես Թուրքիայի հնգամյա քաղաքականության լիակատար ձախողում։

Այդ երկրներն աջակցում էին Ասադի դեմ պայքարին՝ փորձելով ստանալ սուննիական իշխանությամբ խամաճիկային Սիրիա այնպես, ինչպես ԱՄՆ–ն է Իրաքում ստացել խամաճիկային շիական իշխանություն։ Ռուսական միջամտությունը փոխեց իրավիճակը, և հիմա պաշտոնական Անկարան և Էր Ռիադը հայտարարում են, որ պատրաստվում են ցամաքային զորք մտցնել Սիրիա։

Արևմուտքը կողմ է Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի այդ ծրագրերին, քանզի հնարավորություն է ստեղծվում այլոց ձեռքերով կռվել Ասադի ու ռուսների դեմ։

Թե ցամաքային զորք մտցնելու հարցում ինչ վերջնական որոշում կկայացվի, դեռ դժվար է ասել։ Մոսկվան ամեն կերպ հասկացնում է, որ կլինի կոշտ պատասխան, ինչը կարող է բերել գլոբալ պատերազմի։

Հիմա, այսպես կոչված, մահմեդական երկրների կոալիցիա է ձևավորվում՝ սուննի Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ։ Այդ կոալիցիա են ուզում ներգրավել նաև Ադրբեջանին։

Ալիևին Անկարան ընտրության առաջ է կանգնեցնում՝ ո՞ւմ հետ է նա՝ ՌԴ–ի՞, Իրանի՞, Ասադի՞ ու «Հըզբոլլահի՞» (այլ կերպ ասած՝ ռուս–շիական դաշինքի), թե՞ սուննիների (ի դեպ, Ալիևն ինքը քուրդ սուննի է, իսկ Ադրբեջանի մեծ մասը շիաներ են)։ Ալիևը, հասկանալի պատճառներով, մշտապես խուսափել է կրոնական գործոնն ուժեղացնել Ադրբեջանում և փորձել է մուլտիկուլտուրալիզմ խաղալ՝ պահելով աշխարհիկ կարգը, և բնական է, որ նա շատ անցանկալի վիճակի մեջ է հիմա հայտնվելու։

Ալիևը մի կերպ կարողացավ կրոնական հիմքով բողոքի ալիքը մարել Նարդարանում ու հիմա հաստատ չի ուզենա կրոնական բաժանարար գծի այս կամ այն կողմում հայտնվել, քանզի դրա գինը կարող է լինել իշխանության կորուստը։

Ադրբեջանի նախագահին առաջարկվում է նաև ավելի խնդրահարույց ընտրություն կատարել Մոսկվայի ու Անկարայի միջև և անհրաժեշտության դեպքում ռազմական նոր ճակատ բացել՝ լայնամասշտաբ պատերազմ սկսելով Ղարաբաղում։ Թուրքիան շահագրգված է հայ–ադրբեջանական մեծ բախմամբ, քանզի այդպիսով կարող է Կրեմլի համար լրացուցիչ խնդիրներ առաջացնել ի պատասխան ռուսների պրոքրդական քայլերի։

Հենց այս հարցերն են քննարկվելու Թուրքիայի նախագահ Էրդողանի Ադրբեջան այցելության ժամանակ՝ փետրվարի 18–ին։

Ալիևն, ըստ այդմ, շատ ծանր վիճակում է հայտնվելու։ Մինչև վերջերս նրան հաջողվել էր Հայաստանից փոխառնել կոմպլեմենտար քաղաքականության մեթոդներն ու Սերժ Սարգսյանի տխրահռչակ «նախաձեռնողականության» և «արևմտամետության» համապատկերին՝ լուրջ արդյունքներ գրանցել արտաքին ոլորտում ու հատկապես Կրեմլի հետ լավ հարաբերությունների հաստատման գործում։ Ռուս–թուրքական լարվածությունը, սակայն, փոխեց իրավիճակը։ Ալիևի խուսանավելու հնարավորությունը փոքրացավ ու հիմա գրեթե զրոյական է. նրան ստիպում են կողմնորոշվել ընդդեմ Մոսկվայի։ Թուրքիան դա անում է ուղղակի, իսկ Արևմուտքը՝ անուղղակի ձևով (Արևմուտքն ակնարկում է, որ եթե պաշտոնական Բաքուն մտնի հակառուսական կոալիցիա, ապա արևմտյան պատժամիջոցային վտանգը կվերանա ծանր տնտեսական վիճակի մեջ գտնվող Ադրբեջանի համար)։

Հասկանալի է, որ սիրիական թնջուկում ու ՌԴ–ի հարցում Ալիևը կփորձի չեզոքություն պահել, քանզի հակառակը շատ վտանգավոր է և՛ Ադրբեջանի, և՛ անձամբ Ալիևի համար։ Թե ինչքանով կհաջողվի նրան պահել Անկարայի հետ հարաբերությունները, չգրգռել շիական Իրանին, որն ուզում է իշխանափոխություն իրականացնել Ադրբեջանում և չփչացնել հարաբերությունները ՌԴ–ի հետ, կերևա մոտ ապագայում։

Ուշագրավն այն է, որ այս բոլոր գործընթացներն ուղղակիորեն առնչվում են Հայաստանին ու շոշափում են մեր անվտանգության խնդիրները, սակայն իշխանական վերնախավին, նրանց կցված մանր առևտրականի հոգեբանությամբ դաշնակցական վերնախավին և «անկախ» փորձագիտական ու լրագրողական շրջանակներին պաշտոնակռվից, էժանագին «մուտիլովկաներից» ու փող փախցնելուց բացի՝ այլ բան չի հետաքրքրում։

Բաղրամյան 26–ը ստի ու կեղծիքի ստեղծման արտադրամասի է վերածվել։ ՀՀԿ ղեկավարին ու նրա նեղ շրջապատին ոչ մի բան, բացի սեփական շահից, չի հուզում։ Անվտանգության հետ առնչվող խնդիրները թողնված են ինքնահոսի։

Թուրքիան Ղարաբաղի նոր կռիվ է նախապատրաստում, իսկ Հայաստանում քննարկում են, թե Աշոտյանին «Աշոտյան» անելուց հետո ո՞ր մի կաշառակեր դաշնակցականն է զբաղեցնելու նրա տեղն, ու առաջիկա ընտրություններում ով քանի տոկոս է «խփելու»։

Ինչքա՞ն կարող է դիմանալ Հայաստանն այս բարդ տարածաշրջանում՝ այսպիսի իշխանությամբ և այսպիսի քաղաքական վերնախավով։ Հարցը հռետորական է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը