Քաղաքական

09.10.2010 09:57


Ալեքսանդր Քանանյան. «Սերժ Սարգսյանը տասը տարի շարունակ ոչ մի առիթ չի կորցրել հաստատելու, որ նա տարածք հանձնող է»

Ալեքսանդր Քանանյան. «Սերժ Սարգսյանը տասը տարի շարունակ ոչ մի առիթ չի կորցրել հաստատելու, որ նա տարածք հանձնող է»

Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը «7օր»-ի զրույցում «միանգաման բացասաբա՛ր» է գնահատել  Արցախում ԵԱՀԿ ՄԽ իրականացնելիք դաշտային փաստահավաք առաքելությունը։

Նա նշել է, թե  հարցը բոլորովին չի սահմանափակվում հայկական կողմերի՝ Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի նախկին հայաբնակ բնակավայրերի այցելության անմարմին և ինքնաբերաբար երբևէ չկայանալիք պահանջով: Ա. Քանանյանի խոսքերով, խնդիրը ոչ թե բանակցային գործընթացի մանրամասների, այլ հայկական ներկայիս արտաքին դիվանագիտության հայեցակարգի մեջ է:

-ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ազատագրված տարածքներ այս օրերին կատարելիք «ստուգայցը»՝ 1991 թվականից ի վեր որդեգրված և ցայժմ «սրբորեն» գործադրվող արտաքին սնանկ և անմարմին քաղաքականության բազմաթիվ տխուր հետևանքներից է: Եթե Հայաստանի ղեկավարությունում գտնվեին պետական շահի գերակայության և ազգային արժանապատվության մասին գոնե տարրական պատկերացում ունեցող անձինք, ապա համանախագահներն ազատագրված տարածք ոտքն անգամ դնելու թույլտվություն չէին ստանա: Բայց ներկայիս Երևանը՝ ուստև Ստեփանակերտը, մի ոչն ասելու համարձակություն էլ չունեն: Եվ այս հարցում ստեփանակերտյան վերնախավի վիճակը ավելի հակասական է, քան Սերժ Սարգսյանինը: Սերժ Սարգսյանը տասը տարի շարունակ ոչ մի առիթ չի կորցրել հաստատելու, որ նա տարածք հանձնող է, Աղդամն էլ իր Հայրենիքը չէ: Այս տարի նա ևս մեկ անգամ կրկնել է, որ «տարածքները չեն բնակեցվում և չեն յուրացվում», քանզի «փոխզիջումային» փաթեթի բաղկացուցիչն են, այսինքն՝ ենթակա են հանձնման: Այլ է Ստեփանակերտի քաղաքական ղեկավարության կացությունը: Նրանք, ավելի մոտ գտնվելով դաշտային իրողություններին, քաջ գիտակցում են, թե ինչ կարող է պատահել, եթե նրանցից որևէ մեկը հանդգնի ի լուր հանրության խոստովանել՝ Սերժ Սարգսյանի տարածքներ հանձնելու մտքին համամիտ լինելու կամ ենթարկվելու վերաբերյալ: Բակո Սահակյանը՝ Սերժ Սարգսյանի պես «հանձնող» լինելու հանրային տարակուսանքը փարատելու համար նախագահական աթոռը զբաղեցնելուց ի վեր մի քանի անգամ հրապարակայնորեն հաստատել է, որ բոլոր ազատագրված տարածքները ենթակա են պետության կողմից ռազմավարական գերնպատակ հռչակված վերաբնակեցմանը: Առ այդ նա մատուցել է նաև ԼՂՀ սահմանադրության վերջին հոդվածի «հայանպաստ» մեկնաբանությունը, թե «ԼՂՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լիարժեք կերպով տարածվում են ներկայիս ԼՂՀ ողջ՝ 12 000 քկմ տարածքի վրա: Մենք շատ շնորհակալ ենք նրան այս ձևակերպման համար, քանզի, ինչպես հայտնի է՝ ԼՂՀ սահմանադրության վերջին հոդվածն Արկադի Ղուկասյանի հանցակցությամբ իրավաբանորեն հստակ չի ձևակերպվել, իսկ Բակո Սահակյանն իր նախագահական լիազորությունների սահմաններում այն «հայնպաստ» է մեկնաբանել: Իհարկե, անձամբ ես կկամենայի, որ ԼՂՀ նախագահի վերաբնակեցման ու 12 000 քկմ վրա ինքնիշխանության մասին արված հավաստիացումները հնչեին ոչ թե Քարվաճառից ու Բերձորից (Լաչին), այլ Կովսականից (Զանգելան) կամ Ուխտասարից (Աղդամ): Իսկ այժմ գալիս են համանախագահները և այդ նույն մարդը և ԼՂՀ ԱԳՆ պաշտոնեությունը հարկադրված կլինեն անհեթեթաբար համոզել համանախագահներին, թե ազատագրված տարածքների բոլոր բնակիչներն Ադրբեջանից փախստական են և թե ԼՂՀ իշխանությունները վերաբնակեցման քաղաքականություն երբևէ չեն վարել, այլ, ընդամենը, մարդասիրական նկատառումներից ելնելով՝ ապահովել են խնդրո առարկա տարածքների բնակչության կրթական և իրավապահ կարիքները: Ողբերգություն է, որ վերջին հավաստիացումն, ըստ երևույթին, ճշմարտությանը շատ մերձ է, քանզի վերաբնակեցումը՝ պետության ռազմավարական չափերի շահագրգռվածության դեպքում կգրանցեր բոլորովին այլ ցուցանիշներ: Թեև այս ամենը հիրավի էական չէ: Էական է, որ Հայաստանում և վերջինիս անտարանջատելի մաս հանդիսացող Արցախում արագորեն աճում և ամրապնդվում է տարածքային զիջումների աղետալի կործանարարության վերաբերյալ հանրային գիտակցությունը, իսկ ազատագրված տարածքի բնակչությունն անհամեմատ ամուր է կառչած հողից, քան, ասենք, դրանից տասը տարի առաջ: Վերաբնակեցումը վաղուց ի վեր համարյա անկախ գործընթաց է, որը հայ մարդու հայրենատիրության ոգով և ստեղծագործ կորովի շնորհիվ ի հեճուկս լևոնասերժական պարտվողականության գրեթե անկասելի է,–եզրափակել է Ալեքսանդր Քանանյանը։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը