Տնտեսական

03.03.2016 11:30


49 դոլարով հնարավոր կլինի ՀՀ–ից Եվրոպա մեկնել

49 դոլարով հնարավոր կլինի ՀՀ–ից Եվրոպա մեկնել

Հայաստանի ավիաշուկայում ապրիլից կհայտնվի նոր ազգային փոխադրող` «Armenia» ավիաընկերությունը, որն ուղևորներին էժան գներով ավիատոմսեր կառաջարկի:

«sputnik.armenia»–ի փոխանցմամբ՝ «Armenia» ավիաընկերությունը 49 դոլարով չվերթներ կիրականացնի Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` Ասիայի երկրներ։ Այդ մասին «Sputnik Արմենիայի» թղթակցի հետ զրույցում հայտնել է ավիաընկերության բաժնետերերից մեկը` Թամազ Գաիաշվիլին։

Նրա խոսքով` այսուհետև Հայաստանից կարելի է մեկնել տարբեր ուղղություններով մատչելի և խելամիտ գներով։

«Նման գնով կարող են թռչել նրանք, ովքեր նախօրոք` մեկ կամ երկու ամիս առաջ, տոմսեր կպատվիրեն»,- Գաիաշվիլիի խոսքն է մեջբերում «Sputnik»–ը։

Նշվում է, որ հայկական ազգային ավիափոխադրողի առաջին թռիչքը կիրականացվի ապրիլի երկրորդ կեսին։

Մեկնաբանելով լուրերն այն մասին, որ նոր ավիաընկերության բաժնետերերից մեկը կդառնա Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Գաիաշվիլին նշել է, որ դա սուտ է և սադրանք։

Նա հավելել է, որ ոչ ոք, հատկապես Հայաստանի ղեկավարությունը, կապված չէ ընկերության հետ։

Ազգային փոխադրողի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ առաջին չվերթը կիրականացվի Boeing 737-700 ինքնաթիռով։ Ավիաընկերության անձնակազմը կազմված կլինի 350 հոգուց, որոնց թվում կլինեն վրացական «Airzena» ավիաընկերության մի քանի աշխատակից, իսկ մնացած կադրերի ընտրությունը կկատարվի տեղի մասնագետներից։

Մանրամասն՝ «sputnik.armenia»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը