Խմբագրական

18.03.2016 12:05


Մարտի 1-ը և երեք նախագահները

Մարտի 1-ը և երեք նախագահները

Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու մասին հայտարարությունից հետո սպասվում էր, որ Սերժ Սարգսյանի շահերը սպասարկող «անկախ» մամուլի և հաճախորդների կողմից հարձակում կլինի, բայց որ հիմնական շեշտը կդրվի մարտի 1-ի վրա, ոչ թե անսպասելի էր, այլ պարզապես անբարոյականություն:

Նախկին արտգործնախարարին մարտի 1-ին տված ասուլիսի համար տիեզերական մասշտաբների մեղադրանք ներկայացնելը, այն էլ՝ Սերժ Սարգսյանի կողմից, բարոյական, իրավական ու քաղաքագիտական սահմաններից անդին է:

Դա նույնն է, թե Հիտլերը հրամայեր Գեբելսին Հոլոքոսթի համար կուրծք ծեծել և դառնալ հրեաների ցեղասպանության դատապարտման առաջամարտիկ:

Կարող եք չկասկածել, որ եթե չլիներ Նյուրնբերգյան դատավարություն, և պարտված պատերազմից հետո նացիստներն ինչ–որ հրաշքով մնային իշխանության ղեկին, ապա դառնալու էին արևմտյան (համամարդկային) արժեքների քարոզիչներ և գեբելսյան քարոզչամեքենայի միջոցով դատապարտելու էին միլիոնավոր մարդկանց սպանությունները:

Օսկանյանի դեմ Սարգսյանի կողմնակիցների հարձակումներն այդ ողբերգական իրադարձությունների թեմայով նույնն է, թե երիտթուրքերի իշխանության ներկայացուցիչները սրտաճմլիկ հարցադրումներ բարձրացնեին Հայոց ցեղասպանության թեմայով՝ զուգահեռաբար որպես 1915 թվականին տեղի ունեցածի թիվ մեկ զոհ ներկայացնելով Թալեաթին կամ Նազիմին (Արամ Զավենի Սարգսյանի ականջը կանչի):

Հայաստանյան «գեբելսիկները» հիմա մոտավորապես նույն բանն են անում՝ կոկորդիլոսի արցունքներ թափելով մարտի 1-ի համար:

Դե, քանի Սերժ Սարգսյանն իր քարոզչամեքենայով ակտիվացրել է մարտի 1-ի թեմայով քննարկումները, փորձենք մեր լուման դնել այդ հարցում:

Ո՞ւմ էր ձեռնտու մարտի 1-ը

Դեռևս հին ժամանակներից հայտնի այս հարցը մեզ կօգնի հասկանալ, թե ինչ և ինչու տեղի ունեցավ 2008-ի նախագահական «ընտրությունների» ժամանակ, դրանից առաջ ու դրանից հետո: Ու քանի որ մարտի 1-ին հատվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ուղիները, ուստի ճիշտ կլինի մնալ «եռանկյունու» ներսում և հասկանալ բոլոր երեք սուբյեկտների մոտիվացիաները:

«Ո՞ւմ էր ձեռնտու մարտի 1-ը» հարցի պատասխանը գտնելու համար նախ գանք հակառակ կողմից, այն է՝ ո՞ւմ դա ձեռնտու չէր:

1.Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահին ձեռնտու չէր մարտի 1-ը: Նրա մարտավարությունը հստակ էր՝ Ազատության հրապարակում պահել հոծ զանգվածներին այնքան ժամանակ, մինչև որ իշխանական բուրգը լուրջ ճաքեր կտա և, ի վերջո, կփլուզվի: Նման երևույթներ կամաց-կամաց տեղի էին ունենում, և իշխանությունների համար գնալով դժվարանում էր բուրգի փլուզումը կանխելը:

Շուրջօրյա հանրահավաքները, պարբերաբար տեղի ունեցող երթերն ու այլ ակցիաները նպատակ ունեին փողոցային «ռասկաչկան» հասցնել գագաթնակետին մինչև Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկումը:

Հայտնի է, որ ՍԴ ղեկավար Գագիկ Հարությունյանը սուպերկոնյունկտուրային պաշտոնյա է, և եթե փողոցում հարյուր հազար մարդ լիներ, ապա նա կդառնար անկանխատեսելի ու անկառավարելի իշխանությունների համար:

2003-ի նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական գործընթացները ցույց տվեցին, որ Հարությունյանը մի թեթև փողոցային ճնշումից անգամ կարող է տեղի տալ և խուճուճ որոշում կայացնել, էլ ուր մնաց՝ Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված հսկայական զանգվածի ճնշմանը դիմանար: Մանավանդ որ Հարությունյանը որևէ խնդիր չէր ունենալու Տեր-Պետրոսյանի հաղթանակի արդյունքում և կարող էր հանգիստ հանձնել գործող իշխանություններին:

Եթե ՍԴ-ն ընտրության առաջին փուլի արդյունքները չեղյալ հայտարարեր ու նշանակեր երկրորդ փուլ, ապա պետական ապարատը կփլուզվեր, կսկսվեր «առնետավազք», և Սերժ Սարգսյանը չէր կարողանա նախագահ դառնալ:

Իշխանությունները շատ լավ հաշվեցին այս ամենը և փորձեցին կանխել ՍԴ-ում տեղի ունենալիքը՝ որոշում կայացնելով ցրել Ազատության հրապարակում հավաքվածներին մինչև ՍԴ նիստը (նիստն, ի վերջո, տեղի ունեցավ արտակարգ դրության պայմաններում):

Հարկ է նկատել, որ հանրահավաք ցրելը չստացվեց այնպես, ինչպես պլանավորվել էր: Եղավ դիմադրություն, և հնարավոր չեղավ մեկ գրոհով հարցը փակել: Մարդիկ ցրվեցին Ազատության հրապարակից, բայց հետո հավաքվեցին Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Ուժի կիրառումը հակառակ էֆեկտն ունեցավ, և դիմադրությունը դարձավ զանգվածային:

Թե ինչ եղավ հետո, բոլորը գիտեն: Արդյունքն այն էր, որ կանխվեց առաջին նախագահի պլանը, և նա չվերադարձավ Բաղրամյան 26:

Եվ այսպես, Տեր-Պետրոսյանին բախումը ձեռնտու չէր, քանզի նա նախ դրա ռեսուրսը չուներ, և բացի այդ, ինչպես վերևում նշեցինք, լրիվ այլ մարտավարություն էր ընտրել, ինչը ուժի չկիրառման դեպքում գրեթե հարյուր տոկոսանոց արդյունք էր ապահովելու իր համար:

2.Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահն, անշո՛ւշտ, չէր ուզում, որպեսզի նախագահ դառնա Լևոն Տեր-Պետրոսյանը: Ճիշտ է, նա հանգամանքների բերումով էր պաշտպանում Սերժ Սարգսյանին, սակայն դա անում էր անկեղծորեն, քանզի իրավիճակն էր այդպես թելադրում:

Երկրորդ կարծիք անգամ լինել չի կարող այն հարցում, որ Քոչարյանին արյուն պետք չէր, քանզի նա հեռացող նախագահ էր, ով կարողացել էր բազում դրական արդյունքներ արձանագրել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ոլորտում և հաստատ չէր ուզենա այդպես հեռանալ:

Ուժով հանրահավաքը ցրելուն նա կողմ էր, բայց սպանությունները հաստատ չէին կարող մտնել նրա պլանների մեջ, քանզի ինքն անձամբ դրանից միայն վնաս կկրեր: Պատահական չէ, որ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում խոսում էր սպանությունների մասին և հատուկ նշում, որ դրանք բուն բողոքի գործողություններից հեռու մի տեղում են եղել, և պետք է հասկանալ, թե ովքեր են այդ տարածքում գործել, և ովքեր են վերահսկել այդ հատվածը:

Քոչարյանին ձեռնտու չէր մարտի 1-ը նաև այն պատճառով, որ դա բարդացնում էր իր հնարավոր վերադարձի հարցը ինչպես Պուտին-Մեդվեդև՝ վարչապետ-նախագահ փոխատեղման տարբերակով, այնպես էլ մեկ այլ սցենարով: Այսինքն՝ եթե Քոչարյանը հեռանում էր ոչ թե ընդմիշտ, այլ ժամանակավոր, և ուներ վերադառնալու ծրագիր, ապա այդ դեպքում ևս արյունը միայն խանգարելու էր վերադարձի ծրագրի կյանքի կոչմանը գոնե 2008-ին հաջորդող մեկ-երկու տարվա ընթացքում:

Ասել, որ նա պատասխանատու չէ մարտի 1-ի համար, սխալ կլինի: Իշխանությունները, բնականաբար, պատասխանատու են տեղի ունեցածի համար, և որպես ՀՀ նախագահ՝ Քոչարյանի պատասխանատվության բաժինը մեծ է, սակայն ակնհայտ է, որ նրան արյուն պետք չէր, և նա շահառու չէ այս առումով:

Դատելով Սերժ Սարգսյանի այդ օրերի վարքագծից և վերջին տարիներին տեղի ուենցած իրադարձություններից՝ տպավորությունն այնպիսին է, որ մարտի 1-ով ոչ միայն լուծվում էր Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու հարցը, այլ նաև կանխվում էր Քոչարյանի հնարավոր վարչապետ դառնալը, եթե նա այդպիսի ցանկություն հայտներ:

2008-ից հետո Սերժ Սարգսյանը սկսեց հսկայական քարոզարշավ՝ իր վաղեմի ընկեր Քոչարյանին որպես միակ մեղավոր ներկայացնելու նպատակով: Հարցի բարոյական կողմը մի կողմ թողնելով՝ նկատենք, որ սկզբնական փուլում այդ քարոզն աշխատում էր, բայց հետո հակառակ էֆեկտն ապահովեց, որովհետև մարդկանց մոտ էմոցիաները նահանջեցին, ու եկավ տրամաբանելու փուլը:

Մեղավո՞ր է Քոչարյանը, որ տեղի ունեցավ մարտի 1: Իհա՛րկե, մեղավոր է: Միայն այն հանգամանքը, որ նա չկանխեց քրեաօլիգարխիայի ներկայացուցիչ Սերժ Սարգսյանի՝ իշխանության կողմից նախագահի թեկնածու դառնալը, արդեն իսկ քաղաքական լուրջ քննադատության է արժանի:

Չլիներ Սարգսյանի թեկնածությունը, և իշխանությունը հանրությանը ներկայանար այլ՝ ժամանակակից մտածողությամբ, երկրորդ սերնդի բարեփոխումների գնալուն պատրաստ և քրեաօլիգարխիայի հետ կապ չունեցող դեմքով, չէր լինի այդ մեծագույն ողբերգությունը, և հնարավոր կլիներ պահպանել ու զարգացնել այն դրական ձեռքբերումները, որոնք կային Քոչարյանի նախագահության տարիներին, ինչպես նաև ձերբազատվել բացասական երևույթներից:

3.Սերժ Սարգսյան

ՀՀԿ ղեկավարը միակ մարդն է «եռանկյունուց», ում ձեռնտու էր մարտի 1-ը, քանզի եթե այն չլիներ, ապա նա չէր դառնա նախագահ: Դա միանշանակ է:

Սարգսյանն է, որպես գործող վարչապետ, ղեկավարել արտակարգ դրությունը, և նա է եղել կառավարության շենքում տեղակայված, այսպես կոչված, շտաբի ղեկավարը:

Ըստ լավատեղյակների՝ Սարգսյանն ուզեցել է, որ այդ շտաբը տեղակայվի Բաղրամյան 26-ում, սակայն Քոչարյանը հայտարարել է, որ Սարգսյանն իր օգտին մեկ փուլով հաղթանակ է արձանագրել, և ուրեմն, թող տեր կանգնի ստացած քվեներին:

Սարգսյանը երկար էր գնացել իր ուզած պաշտոնի հետևից և, փաստորեն, տեր կանգնեց: Ուժով:

Սարգսյանն, իհա՛րկե, չէր ուզենա այդ ձևով հասնել նախագահի աթոռին, բայց դե, ուրիշ տարբերակ չկար:

Արժե առանձնահատուկ ընդգծել, որ մինչ այդ տեղի էին ունեցել երկու ներիշխանական քրեաօլիգարխիկ հեղաշրջումներ, որոնք դեպի մարտի 1 տանող գործընթացներ էին:

Քրեաօլիգարխիկ 1-ին հեղաշրջումը

Քոչարյանի նախագահության փուլում Սերժ Սարգսյանը հանդիսանում էր իշխանության դե ֆակտո երկրորդ մարդը և կոորդինացնում էր քրեաօլիգարխիկ շրջանակներին՝ իր իսկ ձևակերպմամբ՝ «հայերեն վատ խոսող մականունավորներին»:

Սարգսյանն ուներ ներիշխանական հակակշիռներ, որոնցից մեկը ՀՀԿ-ն ղեկավարող Անդրանիկ Մարգարյանն էր (իշխանական բուրգում սուբյեկտայնություն ունեին նաև ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը, ինչպես նաև Վարդան Օսկանյանը (արտաքին քաղաքական հարցերում), Արմեն Գևորգյանը, Հովիկ Աբրահամյանը, Աղվան Հովսեփյանը և էլի մի քանիսը):

2003-ի ԱԺ ընտրությունների ժամանակ Ս. Սարգսյանը, հետագայում ՀՀԿ-ն սեփականաշնորհելու նպատակով (հիշեցնենք, որ 2000-ին Անդրանիկ Մարգարյանի գլխավորած ՀՀԿ-ն պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով հոկտեմբերի 27-ի գործի բացահայտմանը խոչընդոտելու համար), հայտնվեց այդ կուսակցության համամասնական ցուցակում՝ զբաղեցնելով երկրորդ համարը: Ապա նա անդամագրվեց ՀՀԿ-ին՝ իր հետ տանելով «հայերեն վատ խոսող» քրեաօլիգարխներին: Դա ներիշխանական առաջին հեղաշրջումն էր, քանզի դեպի ՀՀԿ քրեաօլիգարխիայի մուտքով խախտվեց որոշակի հավասարակշռություն, և տեղի ունեցավ պետական ապարատի ու քրեաօլիգարխիայի սերտաճում:

Քրեաօլիգարխիկ 2-րդ հեղաշրջումը

Ներիշխանական քրեաօլիգարխիկ երկրորդ հեղաշրջումը տեղի ունեցավ 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ՀՀԿ-ն գլխավորած Սերժ Սարգսյանը վերցրեց խորհրդարանի հսկիչ փաթեթն ու այդպիսով դարձավ 2008-ի նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուն, ինչին դեմ էր Քոչարյանը, սակայն ստիպված էր տեղի ունեցածի հետ հաշվի նստել:

Ի դեպ, տեղին է արձանագրել, որ 2007-ին քրեաօլիգարխիկ հեղաշրջումը հնարավոր դարձավ Անդրանիկ Մարգարյանի հանկարծամահության արդյունքում: Մինչ այդ նա հայտարարում էր, որ դեռ չի որոշված, թե ով պետք է լինի ՀՀԿ-ի թեկնածուն 2008-ի նախագահական ընտրություններում՝ ակնարկելով, որ այդ թեկնածուն Սերժ Սարգսյանը չի լինելու:

ՀՀԿ-ի մեծ մասը, բնականաբար, Մարգարյանին էր տեսնում որպես նախագահի թեկնածու: Սարգսյանը գիտեր այդ տրամադրությունների մասին, սակայն ոչինչ չէր կարող անել: Պարզ էր, որ խորհրդարանական ընտրություններում հենց Ա. Մարգարյանն էր, որպես ՀՀԿ նախագահ, գլխավորելու համամասնական ցուցակը, ինչը նրան բնականորեն կդարձներ ՀՀԿ-ի և, ի վերջո, նաև իշխանության կողմից նախագահի թեկնածու:

Եվ ահա, Մարգարյանը համամասնական ցուցակները ներկայացնելու նախաշեմին մահանում է: Այդպիսով փակվում է նրա թեկնածության թեման: ՀՀԿ-ի ղեկավար է դառնում Սերժ Սարգսյանը՝ զբաղեցնելով նաև Մարգարյանի մյուս աթոռը՝ վարչապետականը:

Ուշագրավն այն է, որ ՀՀԿ նախորդ երկու ղեկավարների՝ Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի մահերը կարիերային աճ և իշխանության ներսում դիրքերի ուժեղացում են ապահովել անձամբ Սերժ Սարգսյանի համար:

Վ. Սարգսյանի մահից հետո Սարգսյանը դարձավ պաշտպանության նախարար և ձեռք բերեց հսկայական ազդեցություն, մինչդեռ Վազգենի կենդանության օրոք նա անկյուն քշված նախարար էր, ով «Արմենիկումի» միջոցով էր փորձում արդարացնել իր տեղն ուժային կառույցում:

Դե, իսկ Ա. Մարգարյանից հետո, ինչպես արդեն նշեցինք, Ս. Սարգսյանը դարձավ ՀՀԿ ղեկավար և վարչապետ, ու որն ամենակարևորն է՝ կարողացավ այդպիսով դե յուրե դառնալ պետական բյուրոկրատիայի ու քրեաօլիգարխիայի սերտաճման կնքահայրը:

Ոմանք կարծում են, որ այլոց մահերի արդյունքում մշտապես շահած Սերժ Սարգսյանի բախտը պարզապես բերել է, և նա առաջ է գնացել մահացած մարդկանց տեղերը զբաղեցնելով, իսկ ոմանք էլ այլ կարծիք ունեն, բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Սարգսյանը նախագահ դարձավ տասը հոգու մահվան արդյունքում

Ահա այսպիսի ճանապարհ անցած մարդը 2008-ի ընտրապայքարի մեջ մտավ, որպեսզի ավարտին հասցնի քրեաօլիգարխիկ հեղաշրջումը, սակայն հայ ժողովուրդն ընդվզեց այդ ծրագրի դեմ՝ որպես գործիք օգտագործելով Լևոն Տեր-Պետրոսյանին:

Հետո եղավ մարտի 1-ը:

Կրկնենք՝ չլիներ մարտի 1-ը՝ Սարգսյանի համար ամեն ինչ մշուշոտ կդառնար:

Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը մարտի 1-ի թիվ մեկ շահառուն է առնվազն քաղաքական առումով:

Նա քոչարյանական կառավարման շրջանի բոլոր բացասական երևույթների խտացված մարմնավորումն է եղել, և բնական է, որ հանրային մերժում պետք է ստանար, ինչը 2008-ից հետո, ի դեպ, ավելի է խորացել ներքին ու արտաքին քաղաքական դաշտում արձանագրված բացասական արդյունքների պատճառով:

Քոչարյանի կառավարման շրջանի համեմատ հետընթացը բոլոր ոլորտներում արձանագրել է պաշտոնական վիճակագրությունը, և այստեղ վիճելու թեմա չկա:

Սարգսյանը ձախողված և անարդյունավետ կառավարում է իրականացրել, և այս պայմաններում վերարտադրվելու հայտ ներկայացնելը հղի է նոր մարտի 1-երի կրկնությամբ:

Կանխել նոր մարտի 1-ը

Կարելի՞ է կանխել նոր մարտի 1-ը: Իհա՛րկե, կարելի է: Դրա համար պետք է հանրային լուրջ մոբիլիզացիա ապահովել, քաղաքական լայն համախմբում ստեղծել առանց ձևականությունների, աշխատել պետական ապարատի հետ և նպաստել այն բանին, որ կրակելու հրամանները տրվեն, բայց չիրականացվեն:

Նաև ընտրական համակարգը բարելավելու միջոցով է հնարավոր խուսափել նոր ողբերգություններից:

Պետք է համապատասխան դասեր քաղել և սպասվող ընտրական գործընթացներին լրջորեն պատրաստվել՝ թույլ չտալով «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելուն միտված «սահմանադրական» հեղաշրջում:

Ի դեպ, վերը նկարագրված քրեաօլիգարխիկ հեղաշրջումները տեղի են ունեցել ներիշխանական հատվածում: Հանրությունը, մեծ հաշվով, անտեղյակ էր ու առանձնապես չէր հետևում իրադարձություններին, քանզի տնտեսական կյանքի որոշակի բարելավումը նրան հեռու էր պահել քաղաքականությունից: Բայց, ինչպես հայտնի է, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է քեզանով զբաղվում: Եվ զբաղվեց: Ունեցանք մարտի 1:

Կանխել «սահմանադրական» հեղաշրջումն ու ապահովել արդար Հայաստան

Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ կարող ենք պնդել, որ ի տարբերություն քրեաօլիգարխիկ հեղաշրջումների՝ «սահմանադրական» հեղաշրջումը թույլ չտալու համար մի շարք նպաստավոր պայմաններ կան:

Նախ՝ հիմա հնարավոր է հանրության լայն զանգվածներին ներգրավել գործընթացի մեջ: Դա ամենակարևոր հանգամանքն է: Պատահական չէ, որ իշխանություններն իրենց հաճախորդների միջոցով անընդհատ քարոզում են, թե հանրահավաքների ժամանակներն անցել են, իսկ Աշոտյանի շուրթերով էլ հանրությանը քաղաքական գործընթացներում վերապահում են «երկրպագուի», այսինքն՝ օբյեկտի դեր: Իշխանություններն, ըստ այդմ, չեն էլ թքացնում, որ վախենում են հանրային գործոնից ու «փողոցից»:

Բացի այդ՝ եթե քրեաօլիգարխիկ հեղաշրջմանը կողմ էին Հայաստանի մի շարք ազդեցիկ շրջանակներ, քանզի կարծում էին, թե իրենց կյանքը դառնալու է մեղր, ապա այժմ ՀՀԿ-ի մեծ մասը, պետական բյուրոկրատիայի ճնշող մեծամասնությունը և բիզնես վերնախավի հսկայական շերտը դեմ են Սերժ Սարգսյանի վերարտադրությանը: Ասել է թե՝ այդ առումով հանրության ու իշխանական բուրգի մեծ մասի շահերն առնվազն մարտավարական առումով համընկնում են: Իսկ դա լուրջ գործոն է:

Հանրային մոբիլիզացիայի ու քաղաքական համախմբման միջոցով հնարավոր է հասնել դրական փոփոխությունների: Վարդան Օսկանյանի հայտը հենց այդ նպատակն է հետապնդում:

Սերժ Սարգսյանն ու իր նեղ թիմը շատ լավ հասկանում են դա և նախկին արտգործնախարարի դեմ մարտի են նետել բոլոր ռեսուրսները: Ցինիզմն այն է, որ Օսկանյանի դեմ որպես գործիք է ընտրվել մարտի 1-ի թեման:

Նկատենք, որ անբարոյականություն է մարտի 1-ի թեմայով շահարկումներ անելն ու Սերժ Սարգսյանին սատարող լրատվամիջոցների կողմից Օսկանյանին այս հարթության մեջ քննադատելն այն բանի համար, որ նա փորձել է խոսքով դիմել հանրությանը և կանխել հնարավոր արյունահեղությունը:

Սերժական շրջապատում բոլորն էլ գիտեն դա, բայց լկտի ձևով ստում են, քանզի կոնի վրա ցմահ իշխելու հարցն է դրված, բայց դե, ամեն ինչ ունի սկիզբ և վերջ:

Արդար Հայաստան կառուցելն օրակարգի թիվ մեկ կետն է:

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը