Խմբագրական

13.04.2016 13:40


Սամվել Բաբայանի նամակն ու «գառների» լռությունը

Սամվել Բաբայանի նամակն ու «գառների» լռությունը

Երեկ մենք մասնակիորեն հրապարակեցինք 2013-ի հունիսի 26-ին Սերժ Սարգսյանին ուղարկված ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար և ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նամակը:

Սամվել Բաբայանի նամակը «պայթեցրել է» համացանցը: Տասնյակ հազարավոր մարդիկ են այն ընթերցել, ինչը բնական է: Բայց «գառները» լուռ են: Քլիքոմաններն անգամ չփորձեցին մոտ գալ նամակին, քանզի, պատկերավոր ասած, «վերևից» տոկը կխփեր: Նամակը լռության մատնելու հարցում իրոք որ «ներազգային համախմբման» ականատես եղանք:

Եվ քանի՞ կոպեկ արժեն այն լալահառաչ հայտարարությունները և շոուները, թե պետք է պաշտպանել հայ զինվորի կյանքը: Բա մարդը էն գլխից հայ զինվորին պաշտպանելու միջոց է առաջարկել, ինչո՞ւ եք բերաններդ ջուր առել:

Ուշագրավ է, որ Բ26-ին կից լրատվամիջոցներն ու հիմա սրանց հետ «ներազգային համախմբման» ռեժիմի մեջ գտնվող շրջանակները «չնկատեցին» այդ նամակը և չանդրադարձան դրա բովանդակությանը՝ շարունակելով ռազմահայրենասիրական ու դեմագոգիկ ճառեր արտասանել «համախմբման» թեմայով:

Լռում են նաև նրանք, ովքեր ի պաշտոնե պետք է պատասխան տան: Դա, ի դեպ, շատ աղմկոտ ու պերճախոս լռություն է, ինչի բացատրությունը դժվար չէ տալ:

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի նամակում ներկայացված կանխատեսումներին, գնահատականներին, վերլուծություններին, եզրակացություններին և առաջարկներին, ապա դրանք մի շարք հարցեր են առաջացնում: Հարցեր, որոնց անձամբ Սերժ Սարգսյանը պետք է պատասխան տա, քանզի ինքն է ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնում, և ինքն է մեր երկրի ու քաղաքացիների անվտանգության ապահովման համար պատասխանատու թիվ մեկ պաշտոնյան:

Չորսօրյա պատերազմից հետո ութ տասնյակի չափ զոհ ունենք ու բազմաթիվ վիրավորներ: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ մենք այսքան զոհ տվեցինք ու նաև որոշ դիրքեր հանձնեցինք:

Բա մեզ ասում էիք, թե աչք փակեք ընտրակեղծիքների, թալանի, գանձագողության, քաղաքական դաշտի անապատացման ու այլ բացասական երևույթների վրա, քանզի ամեն ինչ հանուն Ղարաբաղի համար ենք անում, ու ամեն ինչ «OK» է:

Այդ ինչո՞ւ հիմա հայտարարվեց, որ 80-ականների զենքով ենք կռվում: Իսկ ի՞նչ է արվել, որ այդպես չլինի:

Բաբայանը երեք տարի առաջ է, փաստորեն, զգուշացրել, որ մեր բանակի մարտավարական պատրաստվածությունը մնացել է քսաներորդ դարի մակարդակին: Բա ինչո՞ւ հետևություններ չեն արվել: Իսկ եթե Բաբայանը սխալվել է մեր պատրաստվածության հարցում, ապա ինչո՞ւ այսպես ստացվեց, ու միայն մերոնց կյանքի գնով կարողացանք կանգնեցնել ոչ այնքան լայնամասշտաբ ադրբեջանական բլից-կրիգը:

Ինչո՞ւ են հիմա տղերքը բողոքում, որ մարտի ժամանակ որոշ «ավտոմատներ» չեն կրակել, քանզի հնամաշ են եղել: Այս բնույթի այլ հարցեր էլ կան, որոնք, հասկանալի պատճառներով, չենք հնչեցնում, բայց դա չի նշանակում, որ հարցերը լռությամբ կարելի է փակել:

Բանակին չես կարող մեղադրել: Մեր զինվորներն ու սպաները արել են հնարավորն ու անհնարինը, բայց չի կարելի մարդկային ռեսուրսի վրա թողնել ամեն ինչ:

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի արձագանքել Սամվել Բաբայանի նամակին ու համապատասխան քայլեր չի ձեռնարկել: Իրեն փոխանցված անհրաժեշտ զենքերի ու տեխնիկայի ցուցակի համաձայն գնումներ արվե՞լ են, թե՞ ոչ: Բնականաբար, չեն արվել, այլապես նույնիսկ ճնճղուկը չէր կարողանա թռչել մեր տղաների գլխավերևով, էլ ուր մնաց՝ անօդաչու սարքերը դառնային երկնքից իջնող մահաբեր մահակներ:

Այդ ինչպե՞ս է, որ Հայաստանի փողոցները գերժամանակակից տեխնիկայով են հագեցած, որպեսզի քերթեն վարորդներին, այդ ինչպե՞ս է, որ «Գեբելսյան» քարոզչամեքենան գերժամանակակից տեխնիկայով է համալրված, որպեսզի արմանբաբաջանյանները կարողանան «մուտիլովկաներով» զբաղվել, իսկ ահա իսրայելական անօդաչու թռչող սարքերի դեմ մերոնց որպես կենդանի վահան էիք կանգնեցրել: Անօդաչուի դեմ Բ26-ը որոշել է դեմ տալ հայ զինվորի ոգի՞ն:

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ հիմա ռազմահայրենասիրական քարոզ է իրականացվում, ու համախմբման կոչեր են հնչեցվում, իսկ ահա Սամվել Բաբայանի նամակը չնկատելու են տալիս պրոֆեսիոնալ հայրենասերները:

Բաբայանը, փաստորեն, տարիներ առաջ է զգուշացրել, թե ինչ է սպասվում, և առաջարկել լուծումներ, որպեսզի կամ հնարավոր լինի թույլ չտալ հակառակորդի լկտիացում, կամ էլ, եթե, այդուհանդերձ, լինի հարձակում, ապա մենք կարողանանք խուսափել մարդկային կորուստներից (3-4 անգամ) ու հաջող հակահարձակման հնարավորություն ունենանք, այլ ոչ թե գլուխ գովենք, որ մի երկու-երեք հարյուր մետր ենք ընդամենը հանձնել: Եվ սա դեռ լայմանասշտաբ հարձակում չէր: Բա որ լիներ, ի՞նչ էինք ասելու: Ասելուն էինք, որ հայ զինվորի ոգին բարձր է, ու ընդամենը մի երկու-երեք հազար մե՞տր ենք հանձնել: Էլ չեմ ասում այն մասին, թե այդ դեպքում ինչ քանակի զոհերի մասին կարող էր խոսք գնալ:

Զոհերի համար ո՞վ պետք է պատասխան տա: Բա մեզ ասում էիք, թե ԵՏՄ մտանք, որ անվտանգությունն ապահովվի: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ չեք կարողանում ռուսների հետ նորմալ բանակցել ու համապատասխան զենք գնել, այն էլ՝ Ադրբեջանի համեմատ զգալիորեն էժան գներով, քանզի, որպես ՀԱՊԿ անդամ, Հայաստանը կարող է ՌԴ ներքին գներով զենք ու տեխնիկա ձեռք բերել:

Նախորդ պատերազմի ժամանակ Վազգեն Սարգսյանը կարողացավ լեզու գտնել ՌԴ պաշտպանության նախարար Գրաչովի հետ ու լուծել մատակարարումների հարցը: Հիմա, փաստորեն, այդպիսի մեկը չկա մեր պետական կառավարման համակարգում: Չկա, քանզի նման խնդիր, մեծ հաշվով, չի էլ դրվում: Կարևորը Սահմանադրությունը փոխելն ու վերարտադրության թեմայով մտահոգվելն է, մեկ էլ հաճախորդների ցուցակը, «էջմիածնական միաբանների» հիացական բացականչությունների ներքո, վերաթարմացնելը:

Մենք սահմանի վրա զոհեր ունեցանք ու դիրք հանձնեցինք, քանզի թիկունքում խայտառակ մակարդակի թալան է, անարդյունավետ կառավարում և դիլետանտիզմ:

Եթե, իրոք, խնդիր է դրված համախմբում ապահովել, օբյեկտիվորեն վերլուծել տեղի ունեցածը և համապատասխան քայլեր ձեռնարկել, ապա պետք է արձագանք լինի Բաբայանի նամակի թեմայով, հասարակական-քաղաքական լայն շրջանակները պետք է հարցադրումներ հնչեցնեին ու պատասխան պահանջեին, բայց առայժմ կա «գառների» լռություն: Բայց դա արդեն նշանակություն չունի: Կարևորը, որ հանրությունն արձանագրեց, թե ինչն ինչոց է, ու իր հետևություններն անպայման անելու է:

Պատերազմը բացեց բոլորի աչքերը: Հիմա է երևում, թե ով ով է եղել նախորդ պատերազմի ժամանակ, ով ով է հիմա, ով է կեղծ պաթոսով խոսում հայրենասիրությունից, ով է սելֆիներ անում դիրքերից՝ օգտվելով հարաբերական հրադադարից, և ով է տեսախցիկների առաջ «ազատամարտիկություն» անում, ով է կամուֆլյաժ-փարթի անում, ով է հանձնում հարավարևելյան դիրքերը, ով է մասնագիտությամբ «ազատամարտիկ», իսկ ով՝ շոումեն:

Սերժ Սարգսյանի հենարան հանդիսացող Մանվելն ու Լիսկան դեռ Բաքուն չե՞ն գրավել: Ոչինչ, դեռ կհասցնեն գրավել: Հիմա Լիսկայի Զարզանդին հերոսական մարտերի համար պարգևատրելու ժամանակն է: Մեկ էլ լուրջ թեմաներով լուռ մնալու ժամանակն է:

Բայց Բաբայանի նամակն այն հարցը չէ, որ լռության մատնվի:

Եվ այսպես, Սարգսյանը զգուշացված է եղել: Հարց՝ ի՞նչ է արել նա դրանից հետո: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Մատաղիսի ու Թալիշի ժողովուրդը մի կերպ փախավ, մինչև որ տղաներն իրենց կյանքն էին դնում առաջապահ դիրքերում:

Մատաղիսում զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանն ապրիլի 2-ի առավոտյան մի կերպ կապվել է Մատաղիսում բնակվող իր ընտանիքի հետ, կնոջը կոչ է արել երկու փոքրիկ երեխաների հետ շտապ հեռանալ գյուղից, քանզի հասկացել է, որ չեն կարողանալու պահել դիրքերը: Հովսեփը չի լքել դիրքերը, մնացել է զինվորների հետ ու զոհվել է: Նրա կինը առավոտ շուտ երեխաներին մի կերպ գրկած (2 և 3 տարեկան տղաներ են) գնդակոծությունների տակ հասել է Մարտակերտ: Նույնն արել են նաև մյուս մատաղիսցիները:

Սա միայն մի զոհվածի պատմություն է, որը ցույց է տալիս շատ բան ու առաջացնում շատ հարցեր:

Սարգսյանը Բաբայանի նամակին չի արձագանքել (երևի, պետք է գրեր՝ Սե՛րժ, չե՞ս կարծում, որ արժե հանդիպել, քանի որ դա երկուսիս համար էլ կարող է լավ լինել), բայց ի՞նչ է արել Բաբայանի ասածների առումով: Եթե արել է ինչ–որ բան, ապա ինչո՞ւ այսպես ստացվեց:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է հնչեն, այլ ոչ թե «հայրենասիրական» ու «համախմբման» թամաշայի օգնությամբ լռեցվեն: Միևնույն է՝ թեման տաք ենք պահելու, և ծածկադմփոց թույլ չենք տալու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը