Մեկնաբանություն

14.04.2016 09:55


Սերժ Սարգսյանն արձագանքել է Սամվել Բաբայանի նամակին

Սերժ Սարգսյանն արձագանքել է Սամվել Բաբայանի նամակին

Սամվել Բաբայանի 2013-ին գրված նամակը տալիս է շատ հարցերի պատասխաններ և առաջացնում նոր հարցեր:

Հիմա արդեն պարզ է, թե ինչու այսքան զոհ տվեցինք, ու ինչու էինք անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում հրացանով, իսկ երկնքից թափվող մահաբեր կրակին դեմ տալիս մեր զինվորին՝ հայտարարելով, թե նրա ոգին բարձր է:

Այո՛, մեր զինվորի ու սպայի ոգին բարձր է, բայց պետք է պահել ու փայփայել այդ ոգու տիրոջը, այլ ոչ թե առաջնագծում նրան դեմ տալ մինչև ատամները զինված թշնամուն, իսկ թիկունքում զբաղվել թալանով:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը Սամվել Բաբայանի կողմից զգուշացված է եղել (թեև Բաբայանը որևէ ֆորմալ պարտավորություն չուներ զգուշացնելու, սակայն պետական շահերից ելնելով՝ դա արել է), սակայն որևէ կերպ չի արձագանքել: Արդյունքները տեսանելի են՝ 4 օրում ունենք մեծաքանակ զոհեր և մի քանի կորցրած դիրք:

Մենք արդեն պաշտոնապես հայտարարված 92 զոհ ունենք չորսօրյա պատերազմի արդյունքում: Այդ զոհերը չէին լինի (մեր պատրաստվածությունը կարող էր զսպել թշնամու հարձակողական ախորժակը) կամ կլինեին մի քանի անգամ քիչ, եթե Սերժ Սարգսյանը համապատասխան քայլեր կատարած լիներ:

Պետության գերագույն գլխավոր հրամանատարի թիվ մեկ ֆունկցիան անվտանգության ապահովումն է: Բաբայանի նամակը հենց այդ ֆունկցիային էր վերաբերում, ինչը ցավալիորեն անտեսվել է ու հիմա էլ է լռության մատնվում:

Սարգսյանը Բաբայանի նամակին արձագանքել է իրեն հատուկ ոճով:

Բ26-ին կից «1in.am»-ը նամակի հրապարակումից հետո մի «մուտիլովկայական» հոդված տարածեց Բաբայանի մասով, ինչը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանին անգամ չորսօրյա պատերազմը և մեր տասնյակ զոհերն ու վիրավորները չեն շտկել: Նա շարունակում է իր ոճով աշխատել, այն է՝ զբաղվել բացառապես իր անձնական խնդիրներով և պետական լուրջ հարցադրումներին արձագանքել «անկախ» մամուլի հետևում պախկված՝ էժանագին բանսարկություններ կազմակերպելով ու դրանց մեջ ներքաշելով իր ենթականերին:

Սա ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանն իր բազմակի օգտագործման «միաբանների» հետ մնացել է հին Հայաստանում՝ մինչապրիլյան Հայաստանում:

Սակայն որքան էլ Տեր-Պետրոսյանը հիմա կրքոտ պաշտպանի Սարգսյանին, որքան էլ դիակների վրա այս երկուսն առևտուր անեն ու մարգինալների դաշինք կազմեն, միևնույն է, բան չի ստացվելու, քանզի կան կոնկրետ հարցեր, և պետք է տրվեն կոնկրետ պատասխաններ:

Չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ գերագույն գլխավոր հրամանատարի ֆունկցիան չի իրականացվել, իսկ դա շատ լուրջ խնդիր է, ու ոչ մի «մուտիլովկա» չի օգնելու: Կան աններելի անգործության և սխալ գործունեության փաստեր:

Հարաբերական զինադադարը, որը հաստատվել է չորսօրյա թեժ մարտերից հետո, հնարավորություն է տալիս հաշիվ պահանջել, քանզի ոչ կոմպետենտ ղեկավարության ներքո՝ մենք կրկին խնդիրներ ենք ունենալու:

Հարաբերական անդորրի ժամանակ ոչ թե պետք է, պատկերավոր ասած, համախմբվենք պետական մեքենան դեպի անդունդը տանող վարորդի հետ ու քաջալերենք նրան մեզ փոսը գլորելու հարցում, այլ այս պահին պետք է գոնե կանգնեցնենք մեքենան, կարգավորենք տեխնիկական հարցերը, ընտրենք ճիշտ ուղղություն և նոր անձնակազմով մասնակցենք «մրցումներին»:

Ի դեպ, հանուն արդարության՝ պետք է նշել, որ Ս. Սարգսյանը 2013-ին որոշ քայլեր արել է և, իր կարծիքով, ապահովել է մեր անվտանգությունը:

Այսպես, Բաբայանն իր ահազանգող նամակը գրել է 2013-ի հունիսի 26-ին: Եթե հիշում եք, դա այն փուլն էր, երբ Սերժ Սարգսյանը «եվրաասոցացվում» էր, իսկ Ալիևը, օգտվելով Հայաստանի «ասոցացված» խաղերից, լավացրել էր իր հարաբերությունները Ռուսաստանի հետ և հսկայական քանակի զինատեսակներ էր գնում, ինչը չէր կարողանում անել մինչ այդ:

Եվրաասոցացման այն փաթեթը, որին համաձայնել էր Սերժ Սարգսյանն իր ունեցած իշխանության վերարտադրության նպատակով, Հայաստանը դարձնելու էր ռազմական բախումների թատերաբեմ: Այն իր բնույթով ոչ թե պրոհայկական, այլ հակառուսական էր: Հայաստանն, ըստ այդմ, համաձայնել էր Արևմուտքի ձեռքում դառնալ հակառուսական մանրադրամ, և դա այն դեպքում, երբ մենք հանդիսանում ենք ՀԱՊԿ անդամ, ՆԱՏՕ-ն ոչ մի կոնկրետ երաշխիք չի տալիս անվտանգության հարցերում, և առկա է Ղարաբաղի հակամարտություն:

Սարգսյանը միայն վերջին պահին հասկացավ, թե ինչ արկածախնդրային նախագծի մեջ է մտել, և ինչեր են սպասվում: Հասկացավ ու ընկավ մյուս ծայրահեղության գիրկը՝ մտնելով Մաքսային միություն, ապա՝ ԵՏՄ: Դա 2013-ի սեպտեմբերի 3-ին էր:

Պաշտոնապես հայտարարվեց, որ եվրաասոցացումից ՀՀ-ն հրաժարվում է և մտնում ՄՄ, քանի որ կան անվտանգության և Ղարաբաղի հետ կապված խնդիրներ: Մեզ ասվեց, որ ՄՄ և ԵՏՄ մտնելով՝ այդ խնդիրները լուծվում են:

Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը համարել է, որ արտաքին կտրուկ շրջադարձը նրան հնարավորություն կտա Ռուսաստանի հաշվին անվտանգություն ապահովել և Հայաստանում շարունակել «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործընթացը: Ասել է թե՝ նա ապավինել է երրորդ ուժին, ու թերևս դա է եղել պատճառը, որ նա ոչ արձագանքել է Բաբայանի նամակին, ոչ էլ կոնկրետ քայլեր ձեռնարկել մեր բանակի ու սպառազինությունների արդիականացման ուղղությամբ:

Սարգսյանը համարել է, որ կարելի է անվտանգության հարցում ուրիշի վրա հույս դնել, իսկ բանակի համար անհրաժեշտ գումարները ներդնել այլ ոլորտներում ու ստանալ մասնավոր շահ:

Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ Սարգսյանի այս մի «նախաձեռնողականությունն» էլ պատուհաս դարձավ հայ ժողովրդի գլխին: Բանսարկություններն ու խարդավանքները պետական կառավարման հիմքում դնելով, մեր պաշտպանության հարցերին մատների արանքով նայելով և բանակի ղեկավար Սեյրան Օհանյանի ու նրա ընտանիքի դեմ քարոզարշավ իրականացնելով (փաստացի, «փչացնելով» բանակն ու այդ կառույցի իմիջը)՝ Բ26-ից հսկայական հարված է հասցվել ՀՀ-ին:

2013-ին ՄՄ մտնելուց հետո Սարգսյանի համար ահազանգ չեղան 2014-ին Ադրբեջանի իրականացրած մի քանի հետախուզական փոքրիկ մարտերը: Նա շարունակեց անվտանգության հարցերում ապավինել երրորդ ուժին:

Նրա համար ահազանգ ու դաս չեղան 2015-ի ամռանը տեղի ունեցած դիվերսիոն հարձակումները, որի ժամանակ մենք, ճիշտ է, հետ շպրտեցինք թշնամուն, սակայն ահագին զոհեր ունեցանք, որոնք չէին լինի, եթե գերագույն գլխավոր հրամանատարն իր ֆունկցիան կատարեր:

Տեղին է հիշեցնելը, որ 2015 ամառային մարտերի ընթացքում Սերժ Սարգսյանի ձայնը չէր լսվում: Ըստ լավատեղյակների՝ նա այդ օրերին Բադեն Բադենում հանգստանում էր և նպատակահարմար չգտավ Հայաստան վերադառնալ: Սարգսյանը միայն Պուտինի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ ի հայտ եկավ:

ՀՀԿ ղեկավարը միամտաբար կարծում էր, որ Զորի Գայկովիչի միջոցով Կրեմլին քծնող նամակ հրապարակելը կավելացնի մեր բանակի մարտունակությունը և կպահպանի մեր զինվորների կյանքը: Բայց դե ...

Մի խոսքով, Սարգսյանն առնվազն կոմպետենտ չէ անվտանգության ու պաշտպանության հարցերում կամ էլ անձնական շահ չի տեսնում այդ հարցերով զբաղվելու համար: Ամեն դեպքում, ունենք լուրջ խնդիր:

Ու այս պայմաններում հայտարարել, թե եկեք ժամանակավորապես (ի դեպ, չկա ավելի հավերժական բան, քան ժամանակավորը) որպես բանակցային հրամանատար ընդունենք Սերժ Սարգսյանին, որպեսզի նա գնա ու արագ լուծի Ղարաբաղի հարցը, և պաշտպանենք նրան, պարզապես ռազմական տրիբունալին արժանի պահվածք է:

Սերժ Սարգսյանին հիմա «ընդդիմադիր» դիրքերից ատամներով պաշտպանողները, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, կիսում են անցած ութ տարիների բոլոր ձախողումների, արտագաղթի, Հայաստանի թուլացման ու չորսօրյա պատերազմի ընթացքում մեր ցավալի կորուստների պատասխանատվությունը:

Սարգսյանն այժմ մեկ բան ունի անելու՝ է՛լ ավելի մեծ վնասներ չտալ ՀՀ-ին ու ԼՂՀ-ին և այս փուլում գոնե ժամանակ ձգել, որպեսզի թիկունքում հնարավոր լինի այդ ընթացքում վերակազմակերպվել, քաղաքական նոր իրականություն ձևավորել և զսպել թշնամու ախորժակը: Սարգսյանն այլ անելիք այլևս չունի:

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը