Մեկնաբանություն

29.04.2016 14:40


ՀՀԿ–ական «սխոդկան» և դրա հետևանքները

ՀՀԿ–ական «սխոդկան» և դրա հետևանքները

Երկու օր առաջ Սերժ Սարգսյանն անսպասելիորեն ուշ երեկոյան հավաքել էր ՀՀԿ խմբակցությանը և կուսակցական վերնախավին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր: Այլ տեղեկատվություն չկա: Բայց կա հայաստանյան քաղաքական դաշտին բնորոշ ամենաճշգրիտ ինդիկատորը, որը թույլ է տալիս ամենայն ճշգրտությամբ հասկանալ, թե ինչ է կատարվել ՀՀԿ նիստում: Դա ՀՀԿ–ական պատգամավորների հաջորդ օրվա պահվածքն է:

1.Սերժ Սարգսյանն ակնհայտորեն պատժիչ գործողություններ է իրականացրել Հերմինե Նաղդալյանի նկատմամբ: ԱԺ փոխխոսնակի` Ադրբեջանին հողեր նվիրելու պատրաստակամությունը մեծ ռեզոնանս էր առաջացրել (Նաղդալյանն ի՞նչ իմանար, որ հողեր հանձնելու մասին խոսելու մենաշնորհը ՀՀԿ–ում պատկանում է Սերժ Սարգսյանին. մտածել է, որ շեֆին դուր կգա, բայց ստացվել է՝ ինչպես միշտ): Իհարկե, ինչպես հաճախ է պատահում նման իրավիճակներում, պաշտոնյան մեղքը գցում է լրագրողի և «համատեքստի» վրա: Իսկ կուսակից Բադեյանն էլ հայտարարում է, թե Նաղդալյանն իր անձնական տեսակետն է հայտնել։

Ըստ ամենայնի՝ Նաղդալյանին չէին հասցրել ասել, որ շեֆի մոտ հիմա «հայրենասիրության» փուլ է սկսվել, և պետք է խոսել մյուս շրջաբերականի համաձայն։ Ինչևէ։

Հաջորդ օրը ԱԺ փոխխոսնակը ամեն կերպ ուզում էր Հռոմի պապից կաթոլիկ երևալ և «աչոկներ հավաքել» շեֆի առաջ: Բայց տեղի ունեցավ լրիվ հակառակը, և նա շեֆին է՛լ ավելի մեծ վատություն արեց` ԸՕ քվեարկության բացահայտ կեղծիքը դարձնելով կայացած փաստ:

2.Ս. Սարգսյանը կասկածի տակ է դրել ԱԺ ղեկավարության աշխատանքային ունակությունները: Դա երևաց Գալուստ Սահակյանի կարճատև այցից` ԱԺ աթոռին: Բայց Գալուստ Իմաստունը, ով նույնիսկ նախկինում չէր փայլում համապատասխան ունակություններով, ուղղակի տապալեց ԸՕ ընդունման օրենքը: Եվ անիմաստ վատություն արեց շեֆին:

3.Հրազդանի ցեմենտի գործարանի վերաբերյալ նախորդ օրվա քվեարկության տապալման թեմայով ակնհայտորեն «սխտորի հոգնա» են ստացել մի խումբ ՀՀԿ պատգամավորներ (ՀՀԿ ղեկավարը շատ հետևողական է իր ու իր շրջապատի բիզնես շահերն առաջ մղելու հարցում և չէր կարող կուլ տալ քվեարկության տապալումը):

Հայտնի նիստից հետո ՀՀԿ–ականների դեմքի արտահայությունից այլ հետևություն ուղղակի հնարավոր չէր անել: Եվ եթե նույնիսկ երեկ քվեարկութան դրվեր սեփական ինքնահրկիզման մասին օրինագիծը, այդ պատգամավորները կողմ էին քվեարկելու:

4.Ակնհայտորեն Ս. Սարգսյանը ասել էր, որ ուշադրությամբ հետևելու է ԸՕ քվեարկության արդյունքներին: Այս մասին մատնում է այն փաստը, որ երկրագնդի բոլոր ծայրերից բերման էին ենթարկվել ՀՀԿ–ից և հարակից քույր կուսակցություններից պատգամավորներ:

5. «Զռռում» է, որ Ս.Սարգսյանը որոշ պատժիչ գործողություններ է իրականացրել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ: Նախկին բռնցքամարտիկ Վ. Բաղդասարյանն ասես երիտասարդ տարիների առաջին նոկդաուններից հետո լիներ: Եվ ԱԺ–ում անհամբեր սպասում էր իր ելույթին, որպեսզի կարողանա քավել «մեղքերը»։

6.Ըստ ամենայնի՝ Սերժ Սարգսյանն արգելել է խոսել թալանածը հետ բերելու, պետական համակարգում և բանակում տիրող կոռուպցիայի մասին: Սրա ապացույցն է այն, որ միանգամից թեման փակվեց հայտնի քարոզչամեքենայում, որը մինչ այդ հավեսով դա գեներացնում էր: Ու նաև այնպիսի պատգամավորներ, ինչպիսիք են, օրինակ, Սեյրան Սարոյանը և այլք, շտապեցին խոսել դրա դեմ: Հասկանալի է, որ այդ պատգամավորները դա չեն արել խոր մտորումներից և համաշխարհային գրականությունն ուսումնասիրելուց հետո:

Սերժ Սարգսյանը, երևի, հասկացել է, որ ամեն ինչ կարող է թարս գնալ, ու հանրությունը կարող է կուլակաթափության կոչի իրականացումը սկսել գլխավոր կուլակից ու ամեն ինչին քաղաքական «աստառ» տալ։ Հասկացել է ու հիմա հետ է պտտեցնում կուլակաթափության քարոզը կամ էլ արգելում է քարոզիչներին շատ խորանալ այդ ուղղությամբ։

7. Ակնհայտորեն Ս. Սարգսյանը ջղայնացել է նաև ինստիտուցիոնալ ընդդիմության վրա` Հրազդանի ընտրություններից հետո որոշակի պասիվություն և նեղացածություն ցուցաբերելու համար: Բայց ոչ մի անձնական. ուղղակի ընթացիկ հարցեր:

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Այս ամենը չէր լինի այսքան զավեշտալի, եթե մի տխուր փաստ, այնուհանդերձ, չլիներ: Ընտրական օրենսգրքի համար իրենց անհրաժեշտ «կողմ» ձայների քանակն ապահովելու համար երեկ դիրքերից բերել էին երկրապահ-ազատամարտիկ պատգամավորներին: Սրանք էլ դիրքերը կամ էլ սելֆիների «պոստերը» թողել ու եկել էին ԱԺ «խրամատ»՝ քվեարկելու։

Հ.Գ.–2։ Նկատենք, որ ո՛չ մի ձայնաքանակի կամ գլխաքանակի ապահովման համար չարժե նման բան անել: Նայեք խնդրին դիրքերում կանգնած 18-19 տարեկանների աչքերով:

Կամավորականի կարգավիճակով իրենց միացած գեներալին, գնդապետին, հրամանատարին մի զանգով կանչում են Երևան` չկարդացած բանին «կողմ» քվեարկելու, ու նրանք, դիրք ու թշնամի թողած, ենթարկվում են հրահանգին:

Սրանով դիրքի, խրամատի արժեքն ենք գցում: Դիրքը քեֆի սեղան չէ, որ ամեն պահի ասես` զանգեցին` գնացի, ներող:

Այս խորագրի վերջին նյութերը