Լրահոս

29.04.2016 16:07


Ի. Մուկուչյան. «Ինձ թվում էր, թե իմ նյարդերը չեն դիմանալու»

Ի. Մուկուչյան. «Ինձ թվում էր, թե իմ նյարդերը չեն դիմանալու»

«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը և մրցույթի հայաստանյան կազմակերպիչներն այսօր՝ ապրիլի 29-ին, հանդիպել են լրագրողների հետ և ներկայացրել եվրատեսիլյան անելիքները:

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է, որ սրտնեղած են սահմանում տեղի ունեցած դեպքերի պատճառով, բայց, միևնույն ժամանակ, ավելի քան երբևէ, մարտական են տրամադրված.

-Սա ևս մեկ հիանալի առիթ է, որպեսզի մենք մեր ազգին ուրախանալու և հպարտանալու պահեր պարգևենք: Առիթ է, որպեսզի մեր ողջ աշխարհասփյուռ հայությունը միավորվի մեր կատարման շուրջ և որպեսզի 43-ից ավելի երկրներում միլիոնավոր հադիսատեսի առջև հնչի Հայաստանի անունը,- Գոհար Գասպարյանի խոսքն է մեջբերում «vesti.am»–ը։

Երգչուհի Իվետա Մուկուչյանը մրցույթի մեկնելուց առաջ լրագրողներին է պատմել իր տպավորությունների և զգացողությունների մասին.

-Ես չէի սպասում, որ այս վերջին օրերին այսքան հավասարակշռված կարող եմ լինել: Ինձ թվում էր, թե իմ նյարդերը չեն դիմանալու, սակայն ես շատ հանգիստ եմ, բացարձակ լարված չեմ, ինչն էլ մեր ողջ անձնակազմի պրոֆեսիոնալ և միասնական լինելու արդյունքն է: Մարտական հագուստի պես ես կրելու եմ ժողովրդիս ջերմ խոսքերը և բարձրանալու եմ բեմ,-ասել է երգչուհին:

Անդրադառնալով համարի բեմականացմանը՝ Իվետան նշել է, որ այս անգամ նա համագործակցում է շվեդ բեմադրող-խորեոգրաֆ Սաշա Ժան Բատիստի հետ, ով բավականին հետաքրքիր լուծումներ է առաջարկել:

-Ողջ ուշադրությունը լինելու է մեր երգչուհու վրա, իսկ նա մենա՞կ կլինի բեմում, թե՞ նրա հետ կլինեն ևս մի քանիսը, փոքրիկ գաղտնիք է: Լինելու է շատ հետաքրքիր գրաֆիկական, լուսային հատուկ էֆեկներով հագեցած բեմադրություն, շեշտն էլ դրված է լինելու մոնտաժային ներկայացման վրա: Ելույթը դիտելուց ձեզ կարող է թվալ, թե դուք տեսահոլովակ եք նայում,- մանրամասնել է Գոհար Գասպարյանը:

Խոսելով մրցույթի կազմակերպիչների կողմից ներկայացրած այս տարվա դրոշների «քաղաքականությունից», ըստ որի՝ Արցախի դրոշն արգելվածների ցանկում է, Գոհար գասպարյանը նշել է, որ միևնույն է, իրենց հետ տանելու են Արցախի դրոշը:

Մանրամասն՝ «vesti.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը