Կարծիք

29.04.2016 16:25


Պատմական պատասխանատվության պահը. Բենիամին Մաթևոսյան

Պատմական պատասխանատվության պահը. Բենիամին Մաթևոսյան
1910 թվականին հրապարակվել էր անգլիացի գրող, հրապարակախոս ու լրագրող Ռալֆ Նորման Էնջելի «Մեծագույն պատրանք» («The Great Illusion») գիրքը, որտեղ ներկայացված հիմնական գաղափարն այն էր, որ 20-րդ դարում մեծ պատերազմներ չեն լինելու, քանզի տեխնիկական զարգացումը, երկրների միջև եղած սերտ տնտեսական կապերը կբերեն նրան, որ նույնիսկ պատերազմում հաղթող կողմն այնքան մեծ կորուստներ կունենա, որ իրեն բազում տարիներ պետք կլինեն, որպեսզի նա կարողանա վերականգնվել այդ պատերազմից հետո: Ըստ Էնջելի՝ հենց այս փաստի գիտակցումը թույլ չի տա ոչ մի կառավարության հրահրել նոր պատերազմ:

Նույն տարիներին մեծ տարածում էր գտել այն գաղափարը, ըստ որի՝ գլոբալ պատերազմից թույլ կտար խուսափել նոր զինատեսակը՝ գնդացիրը: Այդ զենքը պիտի լիներ «հավերժ խաղաղության» գլխավոր գրավականը, քանզի նրա օգտագործումը հանգեցնում էր բազում զոհերի, որոնց քանակն այնքան մեծ էր լինելու, որ ոչ մի սթափ մտածող իշխանություն չէր հրահրի պատերազմ, որովհետև մարդկային կորուստները կլինեին աննախադեպ մեծ չափերի:

Տարածված էր նաև այն տեսակետը, թե մեծ պատերազմից թույլ կտար խուսափել այն, որ Եվրոպայի արքայական տոհմերը կապված էին միմյանց հետ բարեկամական կապերով: Մասնավորապես, Գերմանիայի կայսր Վիլհելմ Երկրորդը Անգլիայի թագավոր Գեորգ Հինգերորդի զարմիկը և Ռուսաստանի կայսր Նիկոլայ Երկրորդի բարեկամն էր: Շատ գործիչներ պնդում էին, որ հենց այս կապերը թույլ կտային պահպանել խաղաղությունը ու զերծ պահել աշխարհը գլոբալ ցնցումներից:
«Եղբայրը եղբոր վրա չի կրակի»,- պնդում էին նրանք:

Իսկ այդ նույն ժամանակ Գերմանիան շարունակում էր ակտիվորեն նախապատրաստվել պատերազմին:Նախ և առաջ նա մեծացնում էր իր գաղութների քանակը (Նոր Գվինեայի մի մասը, Կարոլինյան ու Մարիանյան կղզիները, Սամոայի կղզիները, 1898 թվականին Գերմանիան գրավեց նաև Չինաստանի Կյաոչաո տարածքը՝ այն դարձնելով տարածաշրջանի տնտեսական կյանքի կարևոր օջախ, և այլն), որովհետև այդ գաղութները ոչ միայն աշխարհագրական առավելություն կարող էին ապահովել, այլ նաև այն պատճառով, որ դրանք պետք է դառնային անհրաժեշտ բոլոր ապրանքների աղբյուրը:

Գերմանիան նաև շարունակում էր ակտիվորեն զինվել. այսպես, 1904 թվականին ստեղծվել էր հայտնի «Մեծ Բերտա» կոչվող հրետանին, որը կրակում էր այն տարիների համար աննախադեպ՝ 14 կիլոմետր հեռավորության վրա: Այս ծանր հրետանին նաև ունակ էր 8 րոպեն մեկ կրակել, ինչը նույնպես աննախադեպ էր այդ տարիների համար: Արդեն 1910 թվականին այս ծանր հրետանին սկսեց արտադրվել գերմանական «Կրուպպ» կոնցերնի գործարաններում: Պետք է նշել, որ նաև զինվորականների քանակով 1914 թվականին Գերմանիան գերազանցում էր, օրինակ, Ֆրանսիային ավելի քան 2 անգամ (Գերմանիա՝ 1 մլն, Ֆրանսիա՝ 430 հազ. զինվոր): Այս շարքը կարելի է շատ երկար շարունակել: Այսինքն՝ ստացվել էր մի իրավիճակ, որում մեկ կողմն ակնհայտորեն պատրաստվում էր լայնամասշտաբ պատերազմի, իսկ մյուս կողմը կարծես թե չէր էլ նկատում կամ չէր ուզում դա նկատել:

Վերջին տարիների մեր իրավիճակը շատ է նման նկարագրված վիճակին՝ 20-րդ դարում Եվրոպայում տեղ գտած իրողությանը: Մեզ մոտ «գնդացիրի, բարեկամական կապերի կամ կողմերի մեծ տնտեսական կորուստների» դերը ստանձնել էր «միջազգային հանրություն» կոչվածը:
«Ադրբեջանը չի սկսի պատերազմ, որովհետև միջազգային հանրությունը դա չի հանդուրժի, թույլ չի տա», - ասում էին շատերը: Ցավալին նաև այն էր, որ վերջին տարիներին նշված գաղափարի շրջանակներում իր գործունեությունն էր ծավալում իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Նա կարծում էր ու, հավանաբար, մինչ այժմ կարծում է, որ Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը կարելի է ապահովել ոչ թե էֆեկտիվ պետություն կառուցելով, որում հաստատված կլինի բաց, ժողովրդավարական-քաղաքական համակարգ, առողջ մրցակցային տնտեսական համակարգ, որն իր հերթին թույլ կտա պահպանել ռազմական բալանսը մեր տարածաշրջանում, այլ արտաքին ասպարեզում որոշակի գործունեություն ծավալելու միջոցով:

Սերժ Սարգսյանը կարծում էր, որ մտնելով ԵԱՏՄ ու լինելով ՀԱՊԿ-ի անդամ՝ նա կարող է շարունակել ոչ էֆեկտիվ կերպով կառավարել երկիրը՝ հույսը դնելով այն հանգամանքին, որ Ռուսաստանը (և ընդհանրապես, ողջ միջազգային հանրությունը) քաղաքական ճանապարհով կզսպեն Ադրբեջանին, ու պատերազմը չի վերսկսվի: Իսկ այդ նույն ժամանակ Ադրբեջանը շարունակում էր զինվել, շարունակում էր միջազգային բոլոր հարթակներն օգտագործել, Ղարաբաղի հարցով իր տեսակետը հանրության սեփականությունը դարձնելու նպատակով շարունակում էր հակահայկական թեզերը երկրի ներսում որպես գաղափարական հիմք օգտագործել: Հայերն ու Հայաստանը շարունակում էին մնալ Ադրբեջանի գլխավոր թշնամին, այն թշնամին, որին վաղ թե ուշ պետք է ոչնչացնել:

Մի օր այս ամենը պետք է ինչ-որ հանգուցալուծում ստանար, ու դա տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլին: «Քառօրյա պատերազմն» այն գործընթացների տրամաբանական հետևանքն էր, որոնք ծավալվում էին վերջին 8 տարիների ընթացքում: Հետևելով բազում փորձագետների վերլուծություններին՝ կարող ենք ֆիքսել, որ կա հավանականություն, որ Ադրբեջանը ոչ հեռու ապագայում կրկին կփորձի ռազմական ուժով լուծել իր խնդիրները, եթե չստանա հարցի լուծման իր նախընտրելի տարբերակը՝ քաղաքական ուղու շրջանակներում: Այս իրողությունը մեզ բոլորիս պետք է ստիպի ոչ թե համախմբվել երկրի կառավարումը անարդյունավետ կերպով իրականացնող իշխանությունների շուրջ, այլ համախմբվել, քաղաքական ճանապարհով փոխել իրավիճակ երկրի ներսում, ու, հիմնվելով որակապես նոր իշխանություններին, կառուցել 21-րդ դարին ու մեր տարածաշրջանի մարտահրավերներին համապատասխան պետություն: Այս ճանապարհին գործընկերներ են դառնում ընդդիմադիր առողջ ուժերը, հայկական սփյուռքը, բիզնեսի բոլոր շերտերը, իշխանության ներսում գտնվող առողջ ուժերն ու առաջին հերթին հայ հասարակությունը, որն արժանի է ունենալ մի իշխանություն, որն ունակ կլինի կառուցել հզոր պետություն:

Փոփոխությունների հասարակական պահանջ

«Քառօրյա պատերազմն» ու համահայկական համախմբումը ցույց տվեցին, որ, ի հեճուկս բոլոր խոսակցությունների ու շահարկումների, մեր ժողովուրդը լավն է: Իհարկե, «լավն է»-ն քաղաքական կատեգորիա չէ, ավելի շատ բարոյականության ոլորտի հասկացություն է, սակայն ո՞վ ասաց, որ քաղաքականությունը բարոյական կատեգորիա չէ: Քաղաքականության մեջ նույնպես պետք է տեղ ունենան բարոյական կատեգորիաները: Ինչևէ, մեր ժողովուրդը ցույց տվեց, որ նա լավ ժողովուրդ է, և օրհասական պահին ունակ է միավորվելու ու պաշտպանելու իր հայրենիքը: Ուղղակի ամոթ է նման ժողովրդին ոչ արդյունավետ կառավարել ու իշխանությունն օգտագործել սեփական ներանձնային խնդիրները լուծելու համար: Ամոթ է չօգտագործել Սփյուռքի ներուժը, որը ևս այս օրերին ցույց տվեց, որ իր պատմական հայրենիքի կողքին է: Մարդիկ արժանի են լավ ու էֆեկտիվ իշխանություն ունենալու, ու ստեղծվելիք այլընտրանքային քաղաքական բևեռն իր գաղափարներով, իր մոտեցումներով, իր ազնվությամբ ու կադրային պաշարով պետք է կարողանա բավարարել բոլորի պահանջը ու, իշխանության գալով, կառուցի էֆեկտիվ պետություն, որում կհաստատվի օրենքի գերակայությունը: Իրականում սա ցույց է տվել դեռ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն, որի արդյունքում 500 հազ. ավելի քաղաքացի (խոսքը պաշտոնական տվյալների մասին է) չահաբեկվեց, չվաճառեց իր ձայնը, իր վճռական «ոչ»-ն ասաց իշխանություններին:

Մնում է միայն, որ ստեղծվելիք նոր քաղաքական բևեռը կարողանա ճիշտ ընկալել հասարակության ուղերձները ու, տեր կանգնելով այդ 500 հազարից ավելի քաղաքացիների քվեներին, կարողանա քաղաքական նոր իրավիճակ ստեղծել մեր երկրում: Դա անելը շատ բարդ և շատ աշխատատար գործընթաց է, քանզի պետք է լինելու աշխատել ոչ միայն Երևանի կենտրոնում, այլեւ ամբողջ երկրում և մեր երկրից դուրս էլ կարողանալ համախմբել ռեսուրսներն ու մարդկանց: Այլ ճանապարհ չկա: Մի փոքր ձևափոխելով հայտնի խոսքերը` ասեմ. «Отступать некуда, позади Ереван»: Եւ սրա մասին, ցավոք սրտի, մեզ հիշեցրեց Ալիևը: Սակայն հասկանանք, թե ինչ կարող է, ու ինչ պետք է առաջարկի նոր ուժը, ստեղծվելիք նոր այլընտրանքային քաղաքական բևեռը ներքաղաքական ու արտաքին քաղաքականության ոլորտներում:

Բիզնեսի ու իշխանության հարաբերությունները

Ինչպես արդեն նշվեց, հասարակության մաքսիմալ լայն շերտերը պետք է հստակ ուղերձներ ստանան նոր կուսակցությունից, նոր բևեռից, և բիզնեսն այդ շերտերից մեկն է: Տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է բիզնեսի ու իշխանության միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորում, որը կբերի երկուստեք շահավետ փոխգործակցության: Միմիայն այդ պարագայում հնարավոր կլինի խոսել Հայաստանում լայնածավալ տնտեսական բարեփոխումներին զարկ տալու մասին, և, ի վերջո, միայն հարաբերությունների այս մոդելը թույլ կտա ժամանակակից աշխարհում կառուցել մրցակցային ու առողջ տնտեսական համակարգ:

Կուսակցության և ամբողջ նոր քաղաքական բևեռի գլխավոր ուղերձը բիզնեսին կարելի է շատ կարճ ձևակերպել` մասնավոր սեփականության անձեռնմխելիություն: Մասնավոր սեփականությունը պետական երաշխիքներով պետք է անձեռնմխելի լինի, և դա իրականացնելու համար պետք չէ ստեղծել ոչ մի կոմիտե ու ոչ էլ հատուկ հանձնաժողով, որի գործունեությունը, «հին և բարի ավանդույթների» համաձայն, ոչ մի աղերս չի ունենալու իրական խնդիրների ու նրանց լուծման ճանապարհի փնտրման հետ: Կուսակցությունը պետք է երաշխավորի, որ այն պահից ի վեր, երբ նա կձևավորի իշխանություն, անմիջապես քաղաքական որոշում կկայացվի, ու կհռչակվի մասնավոր սեփական իրական անձեռնմխելիությունը, ու բոլոր գործարարներն, իրենց գործունեությունը ծավալելիս, բացի հարկերից՝ պարտադրված չեն լինի այլ «մուծումներ» անել:

Եւս մեկ անգամ պետք է նշել՝ պետք է հստակ պայմանավորվածություն ձեռք բերվի, որ իշխանության գալուց հետո անմիջապես քաղաքական որոշում կայացվի, ու մասնավոր սեփականությունը անձեռնմխելի լինի, իսկ մինչ այդ կուսակցությունը, օգտագործելով ԱԺ ամբիոնը, պետք է գործարարների շահերը պաշտպանի այնպես, ինչպես պատշպանելու է ուսուցիչներին, բժիշկներին, պետական ծառայողներին, զինվորականներին, ուսանողներին ու այլոց:

Ավելին, համատեղ գործունեության ընթացքում պետք է կոտրել ժողովրդի մեջ արմատավորված այն կարծրատիպը (ասենք՝ շնորհակալություն իշխանությունների կողմից ստեղծված «գեբելսյան քարոզչամեքենային»), թե երկրի բոլոր խնդիրները հարուստներից են գալիս, որ բիզնեսմենները, օլիգարխները խանգարում են Հայաստանին առաջ քայլ կատարել իր զարգացման մեջ: Իսկ ահա խոշոր բիզնեսն իր հերթին պետք է ավելի լուրջ վերաբերվի իր սոցիալական պատասխանատվության հարցերին ու նույնպես քայլ կատարի դեպի հանրությունը` զիջումների գնալով այս կամ այն հարցում (օրինակ՝ խոշոր սուպերմարկետները պետք է աշխատեն ժամը 9-ից 9-ը, իսկ մնացած փոքր խանութները պետք է հնարավորություն ունենան ծավալել շուրջօրյա աշխատանք): Այս խնդիրը հնարավոր կլինի լուծել միմիայն համատեղ գրագետ քաղաքական գործունեության արդյունքում:

Վերոնշյալ քայլերը նաև կապահովեն բիզնեսի ու իշխանության իրական տարանջատումը, քանզի գործարարը, վստահ լինելով, որ իրենից չեն խլի տարիների ընթացքում ստեղծած կապիտալը, ոչ թե ստիպված կլինի կուսակցության անդամ դառնալ, որ պաշտպանի իր սեփականությունը, այլ կզբաղվի իր բիզնեսի անմիջական զարգացմամբ: Իշխանությունը սրանով կդադարի լինել բիզնեսի զարգացման գլխավոր խոչընդոտը, իսկ գործարարը կազատվի քաղաքականությամբ զբաղվելու գլխացավանքից: Այս ամենի արդյունքում կշահեն թե՛ երկիրը, թե՛ գործարարները, թե՛ հանրությունը:

Ինչ վերաբերում է մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին, ապա իրենց պետք է ուղերձ հղվի, ըստ որի՝ իրենք ընդհանրապես ազատված կլինեն հարկերից, ու այլևս ոչ մի տեսուչ իր վերադասի հրահանգով (որին իր հերթին հրահանգում են ամենաբարձր օղակներից) հարկային տեռորի չի ենթարկի ՓՄՁ-ների ներկայացուցիչներին: Հարկային տեսուչների ոտքը նույնիսկ երկար ժամանակ չպետք է հայտնվի բիզնեսի փոքր ու միջին ներկայացուցիչների օբյեկտներում:

Պետությունը պետք է շարունակի կատարել իր պարտավորությունները

Բոլորին էլ վաղուց հայտնի է, որ ծանր սոցիալ-տնտեսական խնդիրները աշխարհի ցանկացած վայրում հանգեցնում են թոշակների, աշխատավարձերի, նպաստների ուշացման կամ դրանց իսպառ բացակայության: Մեր պետությունը 90-ականներից անցել է այդ ճանապարհով, և այս պահին մենք, ցավոք սրտի, մոտ ենք նրան, որ նմանօրինակ խնդիրները կրկին ջրի երես դուրս գան: Այս իրավիճակում կարևոր է անցնել բյուջեի գերնպատակային օգտագործմանը` բացառելով ցանկացած տիպի շռայլություններ (թանկարժեք մեքենաներ, կոնյակներ, պետական գրանտների քողի տակ մսխվող միլիոններ և այլն): Այս բոլոր ծախսերը պետք է այլևս չկատարվեն, ու բյուջեի հնարավորություններն օգտագործվեն նպատակային: Որպեսզի թույլ չտրվի, որ որևիցե մի սոցիալական ծրագիր դադարեցվի: Պետք է բացառել աշխատավարձերի, նպաստների ու թոշակների վճարումների ուշացումը: Սա պետք է լինի կարճաժամկետ նպատակներից մեկը:

Նոր ձևավորվող քաղաքական բևեռը իշխանություն ձեւավորելուց հետո հենց այս քաղաքականությունը պետք է որդեգրի: Իսկ ահա 1-1,5 տարի անց, երբ ի հայտ գան տնտեսության առողջացման առաջին ծիլերը, պետք է հանրության դատին ներկայացվի պետական վճարների ավելացման իրատեսական ծրագիր: Սկզբի համար այդ գումարները կարող են քիչ տոկոսով ավելանալ, սակայն որդեգրած քաղաքականությունը պետք է այնպիսի միտումներ ունենա, որ տարին առնվազն մեկ անգամ աշխատավարձերը, թոշակները ենթարկվեն ինդեքսացիայի` գնաճին համապատասխան:

Արտաքին քաղաքականություն

Նոր այլընտրանքային քաղաքական բևեռը պետք է որդեգրի արտաքին քաղաքականության կոմպլիմենտարիզմի դոկտրինը: Բազմիցս նշվել է ու կրկին պիտի նշվի, որ Հայաստանի համար կոմպլիմենտարզիմն այլընտրանք չունի ու մոտ ապագայում չի էլ կարող ունենալ: Իհարկե, Հայաստանը չի կարող դուրս գալ ԵԱՏՄ-ից, սակայն կարող է երկկողմանի հարաբերություններ ձևավորել Արևմուտքի ու առաջին հերթին ԵՄ-ի հետ:

Եվրամիության հետ մեզ անհրաժեշտ են հատուկ համագործակցության պայմանագրեր, ինչի շուրջ բանակցությունները պետք է սկսել օր առաջ: Սակայն որպեսզի մեր հյուսիսային գործընկերները չընկալեն դա որպես իրենց դեմ ուղղված քայլ, այդ բանակցությունները պետք է ընթանան բաց ու թափանցիկ ֆորմատով` բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:

Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է առաջին հերթին հետ վերցնել ստորագրությունները հայ-թուրքական արձանագրություններից, վերադարձնել Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգ, ինչպես նաև ձևավորել պահանջների հստակ փաթեթ, որի բավարարման դեպքում մենք կարող ենք քննարկել Թուրքիայի հետ այս կամ այն մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը:

Հատուկ պետք է ընդգծել, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն օրակարգ վերադարձնելն անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք տարանջատել Թուրքիային Ադրբեջանից, ու որպեսզի ԼՂ հակամարտության լուծման գործընթացը չկապվի հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում:

ԼՂ խնդրի վերաբերյալ պետք է հասնել նրան, որ բանակցային սեղանին հայտնվի նոր փաստաթուղթ, որը հիմք կլինի բանակցությունների շարունակման համար: Նոր իշխանության առկայությունը թույլ կտա լեգիտիմ հիմքերի վրա դնել բանակցությունների «ռեստարտը»` նոր առաջարկությունների հիման վրա: Դա իր հերթին նշանակում է, որ պետք է հրաժարվել այն թեզից, թե բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանի ուժեղ լինելու համար պետք է համախմբվենք նրա շուրջ: Բանակցությունները մեզ ձեռնտու ուղիով տանելու համար մեզ պետք է նոր իշխանություն: Պետք է հասնել նաև նրան, որ բանակցությունների ֆորմատը փոփոխության ենթարկվի և 1997 թվականի ապրիլին բանակցություններից դուրս մնացած Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Հենց այս գաղափարների շուրջ պետք է համախմբվել:

Սփյուռքի հետ համակարգված աշխատանքը պետք է նույնպես դառնա արտաքին քաղաքականության օրակարգային խնդիրը: Քննարկման առիթ կարող է լինել հետևյալ առաջարկը, թեև կարծում եմ, որ սա նույնպես պետք է լինի նոր քաղաքական բևեռի հնարավոր ծրագրային դրույթներից մեկը. Սփյուռքի նախարարը պետք է ստանա փոխվարչապետի կարգավիճակ ու նրա գործունեությունը պետք է ծավալվի հետևյալ ուղղություններով.

* Օգտագործելով հայկական համայնքի ներուժը` տարբեր երկրներում ձևավորել հայկական լոբբի, իսկ որտեղ այն արդեն կա, օժանդակել այդ լոբբիի ուժեղացմանը:

* Հայաստանի տնտեսության համար հայկական կապիտալի ներհոսքը ու հետագայում տեղում անհրաժեշտ բոլոր տիպի օժանադակության ապահովումը:

* Հայկական ինքնության պահպանմանն ուղղված իրական կրթական ու մշակութային լայնամասշտաբ գործունեության ծավալումը:

* Հայերի ներգաղթի ապահովմանն ուղղված` Սփյուռքում անհրաժեշտ աշխատանքների իրականացումը:
Պատմական պատասխանատվության պահը

Պատմական այն փուլը, որը մեզ է բաժին հասել, անշուշտ, լի է հակասություններով, կոնֆլիկտներով ու չլուծված խնդիրներով: Միաժամանակ այս փուլը ճիշտ կողմնորոշման ու զարգացման լուրջ հեռանկարներ է բացում մեր պետության առջև: Փորձագետների կարծիքով՝ 21-րդ դարում իրենց զարգացման մեջ հաջողություններ են գրանցելու այն պետությունները, որոնք ունակ կլինեն սերտել ու ինտեգրել այլ պետությունների զարգացման պատմական փորձը: Պետությունների այն մոդելները հզոր կլինեն, որոնք,մտապահելով սեփական երկրի պատմական փորձը, ազգային, մշակութային, գեոստրատեգիական յուրահատկությունները, ունակ կլինեն որդեգրել այլ երկրների մոտեցումները տարբեր ոլորտներում զարգացման ապահովելու հարցում:

Այսօր Հայաստանը միանշանակորեն դեռ ունի պատմական այս բացառիկ հնարավորությունից օգտվելու շանսեր: Ստեղծվելիք այլընտրանքային քաղաքական բևեռի ամեն մի անդամ, սկսած տարածքային կառույցի շարքային աշխատակցից, վերջացրած ընտրացուցակը գլխավորող գործիչով, պետք է գիտակցեն իրենց պատմական առաքելությունն ու պահի կարևորությունը հայկական պետականության համար: Սրանով ստեղծվելիք բևեռը պետք է տարբերվի այսօրվա իշխանությունից, որը, դատելով վերջին տարիների տնտեսաքաղաքական զարգացումներից, որպես իր պատմական առաքելություն, դիտարկում է սեփականության վերաբաշխման ու տնտեսական գերկենտրոնացման միջոցով սեփական վերարտադրության հիմքեր ստեղծելը: Սա մի նպատակ է, որը չի բխում Հայաստանի Հանրապետության պետական շահերից:

Սա էմոցիոնալ գնահատական չէ, սա պահի սթափ վերլուծություն է, որը պետք է ստիպի սպասվելիք քաղաքական զարգացումների ժամանակ աշխատել ուժերի գերլարումով ու ջանք չխնայել հաջողություն գրանցելու համար: Հաջողության պարագայում հնարավոր է շատ կարճ ժամանակահատվածում (1-1,5 տարում) երկրում բարեփոխումներ իրականացնել ու ազգային շահերի պաշտպանությանը միտված ավելի արմատական բարեփոխումների հիմք ստեղծել, որոնց գերնպատակը պետք է լինի ժամանակակից պետություն կառուցելը, որում հաստատված կլինեն օրենքի գերակայությունը, սոցիալական արդարությունը, սոցիալական «վերելակի» անխափան գործունեությունը ու շատ այլ կոմպոնենտներ, առանց որի հնարավոր չէ պատկերացնել պետության զարգացումը 21-րդ դարում:

Հաջողությունը կախված է միմիայն մեզանից, մեր նվիրվածությունից, աշխատելու պատրաստակամությունից, ժամանակակից պետություն կառուցելու ձգտումից: Եվ հետևաբար` կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու:

Բենիամին Մաթևոսյան

Այս խորագրի վերջին նյութերը