Լրահոս

02.05.2016 15:35


Արդարադատության նախարարն այցելել է Քուվեյթ

Արդարադատության նախարարն այցելել է Քուվեյթ

Քուվեյթի Պետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 1-ին հանդիպել է Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեի հետ:

Հայաստանի արդարադատության նախարարը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար և բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, նշել է, որ արդարադատության ոլորտում համագործակցությունը մեծ դեր ունի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների խորացման հարցում:

Այդ համատեքստում Արփինե Հովհաննիսյանը կարևորել է երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև ստորագրվելիք համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը և ընդգծել, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև արդյունավետ և բազմակողմ հարաբերություններին:

Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարարը, շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար, նշել է, որ այս տարի Երևանում ստորագրված միջպետական համաձայնագիրը (http://moj.am/article/1486) սկիզբ է դրել երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության խորացմանը:

Հանդիպման ավարտին երկու երկրների արդարադատության նախարարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որն ուղղված է քրեական, քաղաքացիական օրենսդրության, դատական գործերի աջակցության կազմակերպման, իրավական օգնության, իրավաբանական անձանց գրանցման ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանը:

Այնուհետև Արփինե Հովհաննիսյանն այցելել է Քուվեյթի Պետության Իրավական և դատական ինստիտուտ, նույն օրը հանդիպել նաև Քույվեյթի Բարձրագույն դատարանի նախագահի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը