Մեկնաբանություն

03.05.2016 09:00


«Միասնականություն» շոուն շարունակվում է

«Միասնականություն» շոուն շարունակվում է

Գործող իշխանության համար ինչը ձեռնտու չէ, ասում է՝ դա արհեստական օրակարգ է: Ինչը ձեռնտու է, ասում է՝ երկրի օրակարգը մե՛նք ենք թելադրում: Եվ այդպես էլ ՀՀ քաղաքացիների համար չի գալիս բնական օրակարգ ձեւավորելու ժամանակը: 8 տարի չի գալիս: Էնքան «չեկավ», որ այսօր թշնամին հարձակվեց, եւ ունենք տասնյակ զոհեր եւ վիրավորներ:

ՀՀԿ փոխնախագահի համար շա՜տ դժվար պատկերացնելի բան է, որ հնարավոր է հենց այսօր պահանջել իր առաջնորդի հրաժարականը: Խոսում է բոլորի անունից ու վստահ հայտարարում, թե Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն արհեստական օրակարգ է, եւ այդ հարցը տեղափոխում է բարոյական հարթություն: Այստեղ են ասել՝ վա՛յ, ձեր բարոյական ջանին մեռնեմ, էդ դուք եք խոսում բարոյականությունի՞ց:

Աշոտյա՛ն, մի հատ սառցեջրով դույլը շուռ տուր գլխիդ ու սթափվիր: Այդ ժամանակ գուցե մտաբերես, որ քո առաջնորդի հրաժարականը ժողովուրդը պահանջում է արդեն 8 տարի: Եվ, այո՛, այսօր էլ է պահանջում: Իսկ ինչո՞ւ ոչ: Քո առաջնորդը որ մնաց իր պաշտոնին, ի՞նչ է՝ որեւէ հարց է լուծելո՞ւ: Էլի չի լուծելու, ինչպես չի լուծել մինչեւ հիմա:

Ու քանի որ խոսողը դասալիք է, մինչեւ հիմա չգիտի էլ, որ «գլխավոր գերագույն հրամանատար» չեն ասում: Ըստ դասալիքի՝ երեւի, այսօր կարելի է պահանջել բոլորի հրաժարականը, որոնք «գլխավոր գերագույն» չեն: Իսկ «գլխավոր գերագույնը» պետք է հանգիստ մնա իր տեղում, բանակին աջակցեն բոլորը, բացի պետությունից, ինքն էլ հերթական անգամ «Բլումբերգին» հարցազրույց տա եւ հերթական անգամ խոսի հակամարտության լուծման իր նախընտրած տարբերակի մասին (շրջանների հանձնում, խաղաղապահների մուտք, փախստականների վերադարձ, իսկ Ղարաբաղի կարգավիճակի մասին էլ «բարոյական» չէ խոսելը): Ու հերթական անգամ էլ «բնական օրակարգի» շրջանակներում «միասնականության» շոու կազմակերպվի նրա շուրջը: Այս ամենը դարձյալ շա՜տ «բարոյական» կհամարվի: Իսկ թե երկրից ինչ կմնա, դա էլ Աստված գիտի երկնքում, գետնի վրա էլ՝ «Բենթլի Սամոն»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը