Մեկնաբանություն

04.05.2016 00:20


Սեռաբջիջների «վկաները»

Սեռաբջիջների «վկաները»

Իշխանությունների սիրտը 18 տարեկան տղաների սեռաբջիջներ է ուզում: Դա է պատճառը, որ Բ26-ին կից «կրեաԾիվ» թևը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ:

Զորակոչիկներին առաջարկում են «արտահայտվել» և համալրել պետության սերմնաբջջային բանկը, ապա նոր միայն գնալ ոգով ու մարմնով կռիվ տալու մինչև ատամները զինված թշնամու դեմ:

Փաստորեն, մարդուն ասում են, թե կարևորը ոչ թե դու ես, այլ քո սեռաբջիջը, որը քո մահից հետո կարող է կրկին սերունդ տալ, այնպես որ, դու արխային ընկիր հերոսի մահով:

Կարևորը, ըստ «նախաձեռնողականների», հերոսի մահն է և սեռաբջիջը, որը պետությունը պահելու է իր բանկում, ապա աճուրդի է հանելու:

Այդպիսով իշխանությունները հետևյալ մեսիջն են հղում հանրությանը. «Հարգելինե՛րս, չորսօրյա պատերազմից հետո մենք տեսանք ձեր վիշտը և լսեցինք ձեր լացի ձայնը: Մանրամասն վերլուծելով որդեկորույս մայրերի արտասուքների արանքից հնչող ցանկությունները՝ եկանք այն եզրակացության, որ շատերը կուզենային գոնե սպանված տղայից հետո մի ժառանգ ունենալ նրանից:

Դե, քանի որ մեր միակ նպատակը իշխանական աթոռն է, և այդ աթոռի համար մենք պատրաստ ենք Հայաստանը պատեպատ տալ ու զոհաբերել բազում երիտասարդների կյանքեր, ուստի, որպես փոխզիջումային տարբերակ, առաջարկում ենք առաջին գիծ ուղարկելուց առաջ վերցնել երիտասարդների սեռաբջիջները, որպեսզի հետագայում որդեկորույսները հնարավորություն ունենան զոհվածի ժառանգի խնդիրը լուծել: Իսկ թե ում կընտրեն նրանք որպես մայրացու, արդեն պետության խնդիրը չէ, քանզի ճաշակին ընկեր չկա: Եվ այսպես, դուք մեզ զինվորի ոգի ու մարմին՝ պատերազմի «մսաղացում» օգտագործելու համար, իսկ մենք ձեզ՝ սեռաբջիջների պահպանման ինստիտուցիոնալ համակարգ: «Ներազգային միասնությունը» շարունակվում է»»:

Սա՛ է այդ օրենսդրական նախաձեռնության ենթատեքստը:

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը