Լրահոս

05.05.2016 17:19


«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակությունը հյուրընկալվել է Շվեդիայում ՀՀ դեսպանատանը (լուսանկարներ)

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակությունը հյուրընկալվել է Շվեդիայում ՀՀ դեսպանատանը (լուսանկարներ)

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն ու ողջ հայկական պատվիրակությունը Ստոկհոլմում այսօր հանդիպում են ունեցել Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մրցույթի շրջանակներում իրականացված անելիքներին, ինչպես նաև առաջիկա քայլերին:

Դեսպան Արտակ Ապիտոնյանը, ողջունելով ներկաներին, պատրաստակամություն է հայտնել յուրաքանչյուր հարցում աջակցել հայաստանյան պատվիրակությանը:

«Չեմ կասկածում մեր սպասվելիք հաջողությանը, քանի որ այժմ հայաստանյան ելույթն ամենից քննարկվողների շարքում է: Իսկապես մեծ հաջողություններ եմ մաղթում Իվետային ինչպես մրցույթում, այնպես էլ կյանքում: Լիահույս եմ, որ Հայաստանը առաջին հորիզոնականներում կհայտնվի»,- նշել է Շվեդիայում ՀՀ դեսպանը:

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ջերմ ընդունելության համար: «Շատ զգացված ենք, որ Դուք մեր կողքին եք և անհրաժեշտության պարագայում օժանդակում եք մեզ»,- նշել է Գոհար Գասպարյանը` հավելելով, որ մրցույթի ողջ ընթացքում արվում է ամեն բան, որպեսզի Հայաստանի անունը հնարավորինս լայն շրջանակների համար հնչի:

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:

«Մենք միասին կարող ենք շատ բան հաղթահարել: Հայերը հենց այս գլխավոր հատկությամբ են առանձնանում մյուս բոլոր ժողովուրդներից»,– նշել է Իվետա Մուկուչյանը:

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` 7-րդ համարի ներքո:

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը