Հարցազրույց

05.05.2016 19:31


Անդրանիկ Թևանյանը՝ պատերազմի, ներքաղաքական իրավիճակի, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի հետ կապի մասին

Անդրանիկ Թևանյանը՝ պատերազմի, ներքաղաքական իրավիճակի, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի հետ կապի մասին

«Top-news.am» կայքի հարցազրույցը ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուակցության նախաձեռնող խմբի անդամ Անդրանիկ Թևանյանի հետ։

-Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել չորսօրյա պատերազմը:

-Արդեն հանգեցրել է: Նախ՝ բոլորի աչքերը բացվել են:

Եթե մինչև ապրիլ մեր ժողովրդի մի ստվար հատված կարծում էր, թե Արցախը ինչ–որ հեռու տեղում է, և պատերազմը միայն Սիրիայում կարող է լինել, ապա այժմ հասկացավ, որ ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ վերջանալ, եթե թշնամին ոչ թե որոշեր մարտի միջոցով հետախուզություն իրականացնել և իր համար անսպասելի լոկալ հաջողություն գրանցել Ղարաբաղի հյուսիսարևելյան և հարավարևելյան հատվածներում, այլ դիմեր լայնամասշտաբ գրոհի: Այս մասին պետք է բարձրաձայն խոսել, այլ ոչ թե ջայլամային կեցվածք ընդունել ու կեղծ հայրենասիրական բաժակաճառերի աղմուկի տակ թաքցնել իրականությունը:

Չորսօրյա թեժ մարտերից հետո ամենավտանգավորն այն է, որ մեր հանրության մոտ կասկած է առաջացել 1994-ի փայլուն հաղթանակներով պայմանավորված մեր պետության գրեթե միակ լեգիտիմ կառույցի՝ բանակի նկատմամբ: Սա շատ վտանգավոր բան է։ Մեր բանակն է Հայաստանի ու Արցախի թիվ մեկ երաշխավորը: Դրսի ուժերին ապավինելն ու ներսում ոչինչ չանելը կոպիտ սխալ է։

-«7 օր» կայքը, որի գլխավոր խմբագիրն եք հանդիսանում, հրապարակել էր ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նամակն՝ ուղղված Սերժ Սարգսյանին: Այդ նամակում նա զգուշացնում էր սպասվող պատերազմի մասին ու ներկայացնում առաջարկներ: Ըստ Ձեզ՝ Սարգսյանն ինչո՞ւ չի արձագանքել այդ նամակին ու ինչո՞ւ համապատասխան քայլեր չի արել բանակի մասով, որպեսզի չմնայինք 80-ականների զենքերի հույսին, որպեսզի կանխեինք պատերազմը: Իսկ եթե պատերազմը լիներ, ապա այսքան զոհեր չտայինք:

-Սարգսյանի ռազմավարական սխալն այն է, որ նա մեր անվտանգության հարցում ապավինել է երրորդ ուժին: Դա նշանակում է հեռացում 88-ի շարժման գաղափարներից: Դրսի ուժերին ապավինելու մտածողությունն է պատճառը, որ նա չի արձագանքել Սամվել Բաբայանի նամակին: Մեծ հաշվով, նա հայ ժողովրդին է առանց արձագանք թողել, քանզի Բաբայանն անձնական հարցով չէ նամակ գրել, այլ համապետական նշանակության: Սա արդեն մեր հանրության խնդիրն է դառնում:

Սարգսյանի մտածողությունն է նաև պատճառը, որ մեր բանակի արդիականացման հարցն ու սպառազինության մակարդակը մնացել են նախորդ դարի մակարդակին: Չորսօրյա պատերազմն ու մեր ունեցած կորուստներն այն գինն են, որը վճարեց հայ ժողովուրդը: Ես ակտիվորեն մասնակցելու եմ քաղաքական գործընթացներին և իմ համախոհների հետ այլընտրանք եմ ներկայացնելու այդ մտածողությանը:

Ի դեպ, առիթից օգտվելով, ասեմ, որ, հասկանալի պատճառներով, ես արդեն չեմ հասցնի իրականացնել «7 օր» կայքի գլխավոր խմբագրի ֆունկցիան: Այն կկատարի մեր լրագրողական թիմի մեկ այլ անդամ: Կայքն, անշո՛ւշտ, կպահպանի այն գաղափարական ուղղությունը, որը մենք ունենք հիմնադրման օրվանից: «7 օրի» ռազմավարական գիծը փոփոխության չի ենթարկվի. կոդերը կմնան նույնը: Այլ հարց է, որ կարող են լինել ոճական փոփոխություններ:

-Ներքաղաքական հարցերի մասին դեռ կխոսենք: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա չորսօրյա պատերազմը կարո՞ղ է ազդել:

-Այսպես թե այնպես ազդել է և իր հետքը թողել բանակցային գործընթացի վրա։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ հետևություններ կարվեն, և ինչ տեմպով Հայաստանը կհասցնի փոխվել: Դատելով իշխանության պահվածքից՝ դրական գնահատականներ, ցավոք, չեմ կարող տալ:

Ինչ վերաբերում է դիվանագիտական ոլորտին, ապա պետք է արձանագրել, որ «Ֆուտբոլային» դիվանագիտությունն ավարտվեց կազանյան գործընթացով, իսկ հիմա փակուղային վիճակ է: Պաշտոնական Երևանը պարբերաբար ցույց է տալիս, որ «նախաձեռնողական քաղաքականություն» կոչվածը մի ծայրահեղականությունից մյուս ծայրահեղականության մեջ ընկնելն է: 2008-ին հայտարարվեց, որ իշխանության է եկել, այսպես կոչված, «Խաղաղության կուսակցությունը», իսկ հիմա «ռազմահայրենասիրական» ճառեր են արտասանում և ներկայանում որպես «Պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներ: Վերջին հանգրվանը դարձել է ԼՂՀ անկախությունը ճանաչելու «սպառնալիքը»: Իրականությունն այն է, որ չկան հստակ պատկերացում, ռազմավարություն, աշխարհայացք, սկզբունքներ և գաղափար: «Օրվա կուրսով» քաղաքականությունից դրական արդյունք ակնկալելն առնվազն միամտություն է:

-Ի դեպ, ԼՂՀ անկախությունը ճանաչելու հարցում Ձեր տեսակետն ինչպիսի՞ն է:

-Միջազգային փորձը ցույց է տվել, որ նմանատիպ ռազմական բախումներին անմիջապես հետևում է բուն պատերազմին ուղղակիորեն չխառնված, բայց փաստացի պատերազմ մղող կողմի ճանաչումը: Հայաստանն այդ պահը բաց է թողել 1994-ին:

Ինչ մնում է ԼՂՀ անկախության ճանաչմանն այսօր, ապա այն առավելապես քարոզչական ու, ինչ–որ տեղ, շանտաժային ֆունկցիա է կատարում: Թե ինչքանով դա կաշխատի, չեմ ուզում գնահատել։

ԼՂՀ անկախությունը պետք է ճանաչի առաջին հերթին Ադրբեջանը, ապա միջազգային հանրությունն ու բնականաբար՝ Հայաստանը: Իսկ դա հնարավոր է միայն ուժերի հաշվեկշռի փոփոխության և խաղաղության պարտադրանքով: Եթե Ադրբեջանը հարձակվի, և, Աստված մի՛ արասցե, մենք տարածքներ կորցնենք, ապա քանի՞ կոպեկ արժե Երևանում ԼՂՀ անկախության ճանաչումը: Կրկնեմ՝ պետք է ուժեղանալ ու պարտադրել, որպեսզի Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ-ն այնպես, ինչպես պատերազմի տարիներին էր ճանաչում և զինադադար կնքելու խնդրանքով պաշտոնապես դիմում ԼՂՀ ՊԲ ղեկավար Սամվել Բաբայանին:

-Սերժ Սարգսյանը կարծես հրաժարվում է բանակցություններից:

-Հիմա ուզում են, իբր, կոշտ երևալ, բայց կոշտությունը բանակցություններում և ռազմի դաշտում ենթադրում է թիկունքում զարգացող տնտեսություն, արդիական բանակ, չանապատացված քաղաքական դաշտ և չբզկտված հասարակություն: Այս ամենը չկա, և պետք է այն ստեղծել պետական կառավարման համակարգի առողջ հատվածների, քաղաքական ուժերի ու հանրային բոլոր շերտերի լայն համախմբման միջոցով: Այս պահին ակնկալիքս գործող իշխանության վերին օղակից այն է, որ կարողանա գոնե սեփական սխալների վրա սովորել ու ձեռնպահ մնալ նոր սխալներ գործելուց, ներքին բանսարկություններով չխանգարել բանակին ու թիկունքից չհարվածել, նոր ավերածությունների պատճառ չդառնալ, մինչև որ մեր հանրությունը հասցնի 2017-ի ընտրություններին ընդառաջ՝ այլընտրանքային ճանապարհ գտնել և քաղաքական նոր առաջնորդությամբ հասնել դրական փոփոխությունների:

-ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ինչպե՞ս է տեսնում իր մասնակցությունը քաղաքական գործընթացներում և ի՞նչ հայտ է ներկայացնում:

-Ինչպես կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարության մեջ էր ասված՝ մենք առանցքային քաղաքական ուժ դառնալու հայտ ենք ներկայացնում: Այսօր լղոզված է ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր դաշտը: Ամեն ինչ շատ հարաբերական է դարձել: Պետական մտածողություն ունեցողներ կան ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմադիր դաշտում: Մենք չենք ուզում մտնել կեղծ բաժանումների դաշտ: ՀԱՄԱԽՄԲՈՒՄ-ն այլընտրանքային քաղաքական բևեռ դառնալու և իշխանափոխության հասնելու խնդիր դնող ընդդիմադիր ուժ է:

-Խոսվում է այն մասին, որ կուսակցությունն իրականում ղեկավարում է Ռոբերտ Քոչարյանը:

-Իսկ ո՞վ է խոսում: Նա, ով ամենաքոչարյանակա՞նն է համարվել նրա նախագահության շրջանում, թե՞ նա, ով «մեսիջը» «մեսիջի» հետևից էր ուղարկում, թե բա՝ պատրաստ ենք ամեն ինչ մի կողմ դնել, շարքերին նախապատրաստել ու մտնել Քոչարյանի դրոշի տակ, միայն թե Ծապլվարում ծվարածներիս փոքրիկ խնդիրները կարգավորվեն:

-Եվ, այնուամենայնիվ ...

-Ռոբերտ Քոչարյանը կուսակցաշինության հետ կապ չունի: Նա միշտ եղել է վերկուսակցական գործիչ և հիմա էլ է այդպիսին: Դա տեսակի ու խառնվածքի հարց է: Վարդան Օսկանյանը Քոչարյանի ու մեր կուսակցության կապի մասով շատ հստակ ձևակերպումներ է տվել, ինչը պետք է հիմք ընդունել:

-Բայց, միևնույն է, Քոչարյանի անունն ուղղորդված կամ այլ ձևերով կապվելու է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հետ: Ըստ Ձեզ՝ դա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կթողնի:

-Չէի ուզենա մտնել դրականի ու բացասականի խիստ հարաբերական դաշտ: Ես իմ գնահատականը կներկայացնեմ ավելի քան հիսուն քաղաքներում ու գյուղերում ունեցած հանդիպումներից, պարզ մարդկանց հետ շփումներից, ինչպես նաև մասնագիտական մակարդակով արված հետազոտություններից ելնելով:

Կան մարդիկ, ովքեր կուզենային, որ Քոչարյանը կապ չունենար այս կուսակցության հետ (սա մոտ հինգ տոկոսանոց հատված է): Կան հսկայական թվով մարդիկ, ովքեր ուզում են, որ Քոչարյանն անպայման կապ ունենա ՀԱՄԱԽՄԲՄՈՒՄ կուսակցության հետ: Կան նաև մարդիկ, ովքեր չեն ուզում անձնավորված գնահատել այս կամ այն քաղաքական ուժին, կաղապարված չեն, միֆերով չեն ապրում, կյանքից կտրված չեն, և այդ մարդիկ, ըստ իս, ամենառացիոնալն են:

-Եթե Քոչարյանը որոշի մտնել ակտիվ քաղաքական կյանք, ո՞րը կլինի Ձեր դիրքորոշումը:

-Նախ՝ ասեմ, որ մենք բաց ենք բոլոր ուժերի հետ համագործակցության առումով: Ինքնին հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը չի կարող մտնել այդ շրջանակի մեջ:

Երբ Քոչարյանը քաղաքական գործընթացներին մասնակցելու իր ձևաչափը որոշի, այն ժամանակ էլ առարկայական կարելի է զրուցել այս թեմայով: Իսկ եթե որոշ մարդիկ չեն կարողանում դուրս գալ երեք նախագահների տիրույթից ու անպայման ուզում են քաղաքական դաշտի բաժանումներն այդ պարզ սխեմայով անել, ապա պետք է ասեմ, որ եթե Քոչարյանը ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մասով ներգրավված լիներ, ապա դա մենք ոչ թե կթաքցնեինք, այլ հակառակը և ահա թե ինչու:

Իր բոլոր թերություններով հանդերձ՝ Քոչարյանը երեք նախագահներից եղել է ամենաարդյունավետը: Ստանալով ծանր ժառանգություն և՛ արտաքին, և՛ ներքին հարցերով՝ նա կարողացավ տրանսֆորմացնել դրանք: Քոչարյանն ու Օսկանյանը 1998-ից հետո կարողացան հետ պտտեցնել Արցախի խնդրի կարգավորման հարցով փուլային տարբերակը, որը 2008-ից հետո կրկին հայտնվեց բանակցությունների սեղանին՝ փոխլրացման քաղաքականությունից հրաժարվելու արդյունքում: Մադրիդյան սկզբունքներն, իհա՛րկե, մեր պատկերացրած լավագույն տարբերակը չեն, բայց դրանք փուլայինից դրականորեն տարբերվում են, քանզի ամրագրված է ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքն ամրագրելու կետը: Քոչարյանից հետո պետք էր ավելի մեծ շեշտադրում արվեր ինքնորոշման վրա, և մեր պետությունն աշխատեր այդ ուղղությամբ, բայց, ցավոք, հայկական կողմը գնաց հետ դեպի 1998թ.՝ հակամարտության կարգավորման հիմքում դնելով տարածքների զիջման ու խաղաղապահների ներգրավման հարցը՝ անորոշության մեջ թողնելով ԼՂՀ կարգավիճակի հարցը, ինչն անընդունելի է:

Քոչարյանական շրջանի ամենակարևոր ձեռքբերումներից է խաղաղությունը: Նավթադոլարներ այն ժամանակ էլ Ադրբեջանն ուներ, սակայն մեր ներքին քաղաքականության ու փոխլրացնող արտաքին կուրսի արդյունքում պահպանվում էր ստատուս քվոն: Հիմա ստատուս քվոն փոխվել է ի վնաս մեզ:

Քոչարյանը ստացավ թույլ տնտեսություն և մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող բյուջե: Կանխատեսվում էր, որ ֆիզիկական ծավալների սահմանափակության պատճառով հնարավոր չի լինի էական փոփոխություն ակնկալել տնտեսական կյանքում: Պրակտիկան, սակայն, ցույց տվեց, որ էական փոփոխությունները հնարավոր են, իսկ բյուջեն մեծացավ տասն անգամ: 2008-ին Սերժ Սարգսյանը Քոչարյանից ստացավ մոտ 300 միլիոն դոլար պրոֆիցիտ ունեցող բյուջե, դինամիկ զարգացող փոքր ու միջին բիզնես: Նաև՝ տնտեսական ազատությունների որոշակի սահմանափակման հետ կապված ու քաղաքական բնույթի խնդիրներ ստացավ, սակայն եղած լավը ոչ թե ավելի խորացավ, իսկ թերությունները վերացվեցին, այլ դրական արդյունքները զրոյացվեցին, երկիրն ընկավ վարկային բեռի տակ, բացասական երևույթները խորացան, 2005-ից հետո արձանագրվող թեկուզև փոքրիկ, բայց, այդուհանդերձ, ներգաղթը 2009-ից վերածվեց հսկայական չափերի հասնող արտագաղթի:

Եթե Քոչարյանի նախագահության շրջանին հաջորդող մեկ-երկու տարվա ընթացքում նրան քննադատելը, այսպես ասած, մոդայիկ էր, ու մարդկանց մի մասն ընկնում էր ուղղորդված քարոզչական թակարդի մեջ, ապա ժամանակն ամեն ինչ տեղը դրեց:

Մարդիկ տեսնում ու համեմատում են երեք նախագահներին էլ և եզրակացնում են, թե ով է շահեկանորեն տարբերվում: Այս ամենը մենք արձանագրում ենք ոչ միայն հանրության տարբեր շերտերի հետ շփումներից, այլ նաև համապատասխան հետազոտություններից հետո: Սա հաշվի առնելով՝ եթե Քոչարյանը կապ ունենար կուսակցաշինության հետ, ապա մենք ինչո՞ւ պետք է թաքցնեինք, եթե երկրորդ նախագահի հետ կուսակցության կապ ունենալը վարկանշային դրական արդյունք կարող է բերել: Այնպես որ, մենք բարդույթներ չունենք: Ոչ էլ՝ թաքցնելու բան: Մենք գնահատականները տալիս ենք ու անցնում առաջ: Կա թիմ, կան ծրագրեր, և կա աշխատանք: Մնացածը պատի տակի խոսակցություններ են: Տերեր կարող են փնտրել միայն ստրուկները:

-Ինչպե՞ս եք պատկերացնում քաղաքական փոփոխությունների հասնելու տեխնոլոգիան:

-Մեզ մոտ հավաքված են ինքնուրույն և ինքնաբավ մարդիկ, ովքեր ունեն երկրում փոփոխությունների հասնելու հավակնություններ, կամք և վճռականություն: Կուսակցությունն այն օղակն է լինելու, որը թույլ է տալու կուսակցական ու անկուսակցական մարդկանց մեկտեղել ջանքերը և հասնել հաղթանակի: Հաջողության հասնելու միակ գրավականը տեսնում ենք ամենօրյա քրտնաջան աշխատանքի մեջ: Մերժում ենք հոռետեսությունը և պարտվողականությունը: Մենք հավատում ենք արդար և ուժեղ Հայաստանի կառուցման հնարավորությանը: Մասնակցի՛ր, որ չպարտվես:

Այս խորագրի վերջին նյութերը