Լրահոս

06.05.2016 15:58


Վաղ առավոտյան «տագնապ» հրամանով բարձրացանք դիրքեր

Վաղ առավոտյան «տագնապ» հրամանով բարձրացանք դիրքեր

«Մեդիամաքսը» շարունակում է ներկայացնել ապրիլյան պատերազմի մասնակից շարքային զինվորներին, որոնք հերոսաբար կատարել են իրենց առջեւ դրված մարտական խնդիրն ու հետ մղել թշնամուն:

19-ամյա զինծառայող Կարեն Սեդրակյանին պարբերականի թղթակիցը հանդիպել է Արցախի հարավում՝ Ջրականի (Ջաբրայիլի) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում:

***

Ապրիլի 2-ին՝ վաղ առավոտյան, «տագնապ» հրամանով բարձրացանք դիրքեր. պատերազմ էր՝ բառի ողջ նշանակությամբ, ֆիլմերում տեսածի պես ու շատ ավելի ազդեցիկ: Երբեմն դժվարանում եմ հավատալ, թե այդ ամենն իրականում եղել է:

Ամենակարեւորը, որ թե դիրքում կանգնած եւ թե հետո դիրք բարձրացած տղաները խուճապի չեն մատնվել ու կարողացել են մինչեւ վերջ անել իրենց գործը:

Շատերին Աստված է պահել: Մեր կացարանից քիչ հեռու մի խաչ կա, երկու ժամ շարունակ կրակում էին այդ խաչի ուղղությամբ, բայց խաչին ոչինչ չեղավ: Այդ ժամանակ կրկին հասկացանք, որ գործ ունենք հիվանդ հոգեբանությամբ թշնամու հետ:

***

Ընդամենը 10 ամիս է՝ ծառայության մեջ եմ: Ապրիլյան պատերազմը շատ բան փոխեց իմ կյանքում: Այդ մի քանի օրվա ընթացքում տեսա ու հասկացա շատ ավելին, քան ողջ կյանքում: Երբ հողի համար թեժ կռիվ է գնում, ու կողքիդ ընկեր է զոհվում, իսկ արկերն աջ ու ձախ պայթում են, այդ պահին նոր հասկանում ես, թե իրականում ինչ ասել է հայրենի հող, հող պահել ու կռվել այդ հողի համար:

Գալիս է մի պահ, երբ զգում ես, որ իսկապես պատրաստ ես զոհվել հանուն մայր հողի, ու դա զուտ խոսք չի, որը ես էլ միշտ ասել եմ: Մի բան է ասել, մեկ այլ բան՝ զգալ ու գիտակցաբար պատրաստ լինել դրան:

***

Այս կռվի ընթացքում շատ տան ճրագներ մարեցին, ես երեք շատ հարազատ ընկեր կորցրեցի: Բայց դա մեզ չի ընկճել: Անկասկած, տխրել ենք, ցավել ու միշտ հիշելու ենք մեր հերոսներին՝ չմոռանալով, որ նրանց դեմ պարտք ունենք. իրենց կյանքի հաշվին պահված հողից թշնամուն հեռու պահելու պարտքը: Արյան գնով պահած հողին թուրքը մոտ չի գալու:

Թուրքն իր նպատակին չի հասնելու: Մենք միշտ այստեղ ենք՝ սահմանին կանգնած, մենք մենակ չենք. մեր կողքին մեզանից պրոֆեսիոնալներն են, մեզ «դուխ տվող»՝ առաջին պատերազմի հերոսները, որոնց ձեռքի ուժը թուրքը լավ գիտի: Մեր կողքին են մեր զոհված ընկերներն են ու նրանց պայքարի ուժը. մենք միշտ հաղթելու ենք:

«Մեդիամաքս»

Այս խորագրի վերջին նյութերը