Տնտեսական

10.05.2016 14:50


Վ. Բոստանջյան. «ՀՀ-ում սպառումը ոչ արժանավայելության մակարդակում է»

Վ. Բոստանջյան. «ՀՀ-ում սպառումը  ոչ արժանավայելության մակարդակում է»

Ապրիլյան քառօրյա պատերազմը դարձավ կարևոր գործոն, որպեսզի հասկանանք, որ տնտեսությունը պետք է զարգացնել ուղղորդված, նպատակամետ և առաջին հերթին ուղղված մեր պաշտպանության ամրապնդմանն ու բարձրացմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի անվտանգության ամրապնդումը կապված է տնտեսության ամրապնդման հետ:

Հարցին՝ «Ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ ապրիլյան պատերազմը մեր տնտեսության և սպառողական գների վրա չի ազդել, դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը», Վարդան Բոստանջյանը պատասխանել է.

-Իմացեք, որ այդպես է: Հարաբերական առումով մի քիչ էլ վատ է, որ գնաճ չեղավ: Դա նշանակում է, որ սպառողական դաշտն այնքան կաշկանդված է, որ փոքր եկամուտների, փոքր սպառման մակարադակների պայմաններում դա այդ տիրույթի վրա նշանակություն չունեցավ,-ասել է տնտեսագետը՝ ընդգծելով, որ պետք է ֆիքսել, որ ՀՀ-ում սպառումը ոչ արժանավայելության մակարդակում է:

Անդրադառնալով տեսակետին, թե Հայաստանը պետք է հրաժարվի թուրքական ապրանքների ներկրումից՝ տնտեսագետն ասել է, որ ՀՀ-ն այսօր սպառում է թուրքական այնպիսի ապրանքներ, որոնց ստեղծման համար Հայաստանը խնդիր չունի, և պետք է տնտեսական քաղաքականությունը տանել այդ ուղղությամբ.

-Այս քառօրյա պատերազմն էլ ցույց տվեց, որ պետությունը պետք է մաքսիմալ ջանքեր գործադրի այդ ուղղությամբ հաջողություններ գրանցելու համար: Բազմաթիվ ապրանքների կտրվածքով ունենք պոտենցիալ հնարավորություններ սեփական արտադրությունն ունենալու համար: Իսկ ընդհանրապես, կտրուկ հարցը դնել, թե մի երկիրը մեզ համար ցանկալի է, մյուս երկիրը ցանկալի չէ, եկեք ապրանքափոխանակություն չիրականացնենք, ճիշտ չէ: Կտրուկ քայլերը դիմացի երկրին չեն վնասի. կարող են վնասել մեր սպառողներին,-ասել է Բոստանջյանը:

Աղբյուրը՝ «Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը