Մեկնաբանություն

16.05.2016 09:10


Ինչպես դուրս գալ կազանյան գործընթացից

Ինչպես դուրս գալ կազանյան գործընթացից

«Քաղաքական գրոսմայստեր» Սերժ Սարգսյանը խճճվել է իր արտաքին «նախաձեռնողականության» մեջ:

Տարիներ շարունակ նրա վարած քաղաքականությունը ապրիլին հանգեցրեց առաջնագծում ռազմական գործողությունների ինտենսիվության աճի: Ունեցանք ծանր կորուստներ և դիրքային զիջումներ:

Կազանում նա համաձայնել էր միակողմանի զիջումների, սակայն ի ուրախություն մեզ՝ Ալիևը չէր համաձայնել, քանզի պահանջել էր ամբողջը և միանգամից: Սարգսյանը ամբողջը և միանգամից չէր կարող հանձնել, քանզի կկորցներ աթոռը: Արդյունքում՝ կողմերը բաժանվել էին՝ ոչինչ չպայմանավորվելով:

Ալիևը Կազանից հետո պատրաստվեց պատերազմի, Սերժ Սարգսյանը՝ իշխանության վերարտադրության: Վերջինիս անպատասխանատու վարքագծի հետևանքով էլ Ադրբեջանը լկտիացավ ու անցավ հարձակման:

Սարգսյանը նոր է հասկացել, որ կոպիտ սխալ է թույլ տվել Կազանում՝ կողմ արտահայտվելով հակամարտության կարգավորման տխրահռչակ փուլային տարբերակին:

ՀՀԿ ղեկավարը հիմա փորձում է դուրս գալ կազանյան գործընթացից, բայց ամեն մի նոր քայլով է՛լ ավելի է բարդացնում իրավիճակն ու է՛լ ավելի է խճճվում «նախաձեռնողականության» ոլորաններում՝ ամբողջ աշխարհի առաջ անլրջացնելով մեր պետությունը:

Սարգսյանը զգում է, որ իր «գլուխը» կթռնի, եթե հանկարծ փորձի կրկին գնալ կազանյան ուղղությամբ, բայց հակառակ ուղղությամբ գնալու ռեսուրս չունի:

Ղարաբաղի հարցում կազանյան գործընթացից դուրս գալու երկու տարբերակի մասին առիթ ունեցել ենք խոսելու: Դրանք են՝ 1. ռազմական փոքրիկ հաղթանակն ու մինչապրիլյան ստատուս քվոյի վերականգնումը, 2. Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Ռազմական հաղթանակի ու դիրքերի վերականգնման փորձ եղավ ապրիլի 28-ին, սակայն էական բան չփոխվեց: Սարգսյանը 2008-ից հետո միտումնավոր թուլացրել է բանակը, և հիմա մենք տեսնում ենք, թե ինչպիսի հետևանքների է այդ ամենը հանգեցրել:

Սարգսյանի լեգիտիմությունն այնքան ցածր է հանրության լայն շրջանակների ու պետական ապարատի մոտ, որ նա այլևս որևէ ոլորտում մեր երկրի համար դրական արդյունք արձանագրելու հնարավորություն չունի: Հատկապես որ նման ցանկություն ունենալու դեպքում անգամ նրա կարողությունները սահմանափակ են:

Մնում է հրաժարականը: Եթե Սարգսյանը կազանյան գործընթացից չկարողանա դուրս գալ դիվանագիտական ճանապարհով կամ ռազմական հաջողության միջոցով, ապա միայն հրաժարականով կարող է իր սխալներն ուղղել ու նոր ավերածությունների պատճառ չդառնալ:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը