Մեկնաբանություն

16.05.2016 10:26


Սերժ Սարգսյանի եվրատեսիլյան «նախաձեռնողականությունը»

Սերժ Սարգսյանի եվրատեսիլյան «նախաձեռնողականությունը»

Արդեն մանկապարտեզի երեխաներն էլ գիտեն, որ «Եվրատեսիլը» քաղաքական, ես կասեի՝ աշխարհաքաղաքական միջոցառում է, որի ժամանակ նաև երգում են: Համենայնդեպս, վերջին տարիներին այդպես է:

«Եվրատեսիլի» այս տարվա մրցույթը ևս բացառություն չէր: Ակնհայտ էր, որ սցենարի հեղինակները որոշել էին «հաղթեցնել» Ուկրաինային և «պարտվեցնել» Ռուսաստանին, թեև քվեարկող ժողովուրդներն այլ կարծիքի էին: Վերջիններս հաղթող ճանաչեցին Ռուսաստանի ներկայացուցչին: Սա հերթական անգամ ցույց տվեց էլիտաների և ժողովուրդների միջև առկա խզվածությունը:

Հարկ է նկատել, որ այս անգամվա քվեարկության արդյունքներին կնախանձեր անգամ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Շատ բան ունի սովորելու նաև տոկոս «խփելու» մեծ սիրահար Սերժ Սարգսյանը, ով, ի դեպ, «Եվրատեսիլի» հետ կապված «նախաձեռնողականություն» ցուցաբերեց:

Սարգսյանը «Եվրատեսիլում» փորձեց «արևմտամետ» խաղալ և, իբր, ատամ ցույց տալ Ռուսաստանին՝ կրկին հայտնվելով ծիծաղելի վիճակում և հարվածելով Հայաստանի շահերին (հայաստանյան խաղի կանոններն այնպիսին են, որ որևէ կասկած չկա, որ մեր ժյուրիի կողմից տրված միավորները որոշվել են Բ26-ում՝ «կրեաԾիվ» և «արևմտամետ» ջահելության գործուն մասնակցությամբ):

Բանն այն է, որ հայաստանցիները ՌԴ-ին տվել են առավելագույն 12 միավորը, իսկ ահա Սերժ Սարգսյանը որոշել է Կրեմլից իր նեղացածությունը արտահայտել ռուսաստանցի երգչին 2 միավոր տալով (Սերժ Սարգսյանը նեղացած է, քանզի միշտ կարծել է, որ Հայաստանի անվտանգության հարցերով պետք է Պուտինը զբաղվի, իսկ ինքը պետք է մեր երկրի ներսում զբաղվի միայն թալանով ու տոկոսխփոցիով):

Եվ դա այն դեպքում, երբ ՌԴ ժյուրին ու ժողովուրդը միանման դիրքորոշում են ցուցաբերել՝ 12 միավոր տալով փայլուն ելույթ ունեցած Իվետա Մուկուչյանին: Սա Կրեմլի ու ռուս ժողովրդի քաղաքական որոշումն էր Ղարաբաղում տեղի ունեցողի համապատկերին:

Գաղտնիք չէ, որ ՌԴ-ում շատ լուրջ են վերաբերվում «Եվրատեսիլի» տիպի մրցույթներին, սպորտային միջոցառումներին ու նմանատիպ այլ բաների, քանզի հացի պակասի պայմաններում այնտեղ տեսարանների և հայրենասիրական կերակուրների կարիք ունեն: Եվ ահա այս պայմաններում, երբ Ղարաբաղում ամեն ինչ մազից է կախված, Սերժ Սարգսյանը որոշում է գրգռել ՌԴ-ին և ռուսաստանցիներին էլ համոզել, որ Մոսկվայի բարեկամը Ադրբեջանն է, այլ ոչ թե Հայաստանը (եվրատեսիլյան քվեարկությունը ռուսների համար ՄԱԿ-ում տեղի ունեցող քվեարկության պես է ընկալվում, և կարելի է միայն ենթադրել, թե ինչպիսի «թրենդ» կարող է փոխել այնտեղ Սարգսյանի հակառուսական «բզիկը», որը պայմանավորված է սեփական սխալները չտեսնելու ցանկությամբ):

Տեղին է նկատելը, որ Ադրբեջանը 12 միավոր տվեց ՌԴ-ին, իսկ 10 միավոր՝ Ուկրաինային՝ այդպիսով ցույց տալով, որ կարող է երկու ճամբարներում էլ լինել, բայց այս պահին նախընտրում է ռուսական տիրույթը: Ասել է թե՝ Բաքուն հստակ քաղաքական «մեսիջ» ուղարկեց:

Իսկ ահա Սերժ Սարգսյանի մոտ ամեն ինչ «նախաձեռնողական» ստացվեց: Նա Ուկրաինային ոչինչ չտվեց՝ ՌԴ-ին ցույց տալով, որ արևմտյան խաղերի մեջ չկա, բայց ցածր միավոր տվեց ՌԴ-ին ու առավելագույն միավոր հատկացրեց Ֆրանսիային՝ իբր, հասկացնելով, որ հոգու խորքում եվրաասոցացվող է (ի դեպ, ֆրանսիացիները Իվետայի օգտին 12–միավորանոց քվեարկություն էին ապահովել, բայց ժյուրին տվել էր 2 միավոր. Սերժ Սարգսյանը, փաստորեն, անպատասխան սիրով է լցված Ֆրանսիայի հանդեպ):

Թե ինչ շահեց և ինչ կորցրեց Հայաստանն այս քաղաքական դիրքորոշմամբ, դժվար չէ գլխի ընկնել: Ինչպես Սարգսյանի դեպքում է միշտ լինում, Հայաստանը կորցնում է՝ ոչինչ չշահելով (մեր ժողովրդի քվեարկությունը ցույց տվեց, որ այս առումով էլ Սարգսյանն ու իր «արևմտամետ» շրջապատը կտրված են իրականությունից):

Սարգսյանի «նախաձեռնողականության» հետևանքներից է նաև այն, որ վրացիները քվեարկում ու 12 միավոր են տալիս հայաստանցի մասնակցին, իսկ ահա ժյուրին տալիս է 0: Այդ զրոն վերաբերում է Սերժ Սարգսյանին ու Վրաստանում դեսպան աշխատող շտանգիստ Յուրի Վարդանյանին:

Մի խոսքով, Սարգսյանը բոլոր հարցերում է սխալվում: Այդ թվում՝ եվրատեսիլյան:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը