Քաղաքական

18.05.2016 14:20


Երվանդ Բոզոյան. «Ստեղծել մեծ բևեռ ու բոլորին համախմբել դրա շուրջ»

Երվանդ Բոզոյան. «Ստեղծել մեծ բևեռ ու բոլորին համախմբել դրա շուրջ»

«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խումբը մայիսի 10-ին հայտարարել էր «Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախագծի մեկնարկի մասին: Այդ շրջանակներում այսօր «Հեռանկար» կենտրոնում ընթանում է սեմինար-քննարկում «Քաղաքական գործընթացների զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:

Սեմինար-քննարկումում զեկուցող, քաղաքագետ, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Երվանդ Բոզոյանն իր ելույթում անդրադարձել է խնդրին՝ ինչպես անել, որ մարդիկ խոսեն ոչ թե խոսելու համար, այլ կարողանան այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որոնց միջոցով հնարավոր կլինի իրապես ազդել քաղաքական գործընթացների վրա:

-Բոլորս հետևում ենք, թե ինչ է կատարվում հատկապես ԼՂ բանակցությունների շրջանակում, և բոլորս հայտնվել ենք դիտորդի կարգավիճակում: 2008-ին՝ ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում Թուրքիան շահեց ու դարձավ լրջագույն գործոն՝ անուղղակիորեն ներխուժելով Ղարաբաղի բանակցային գործընթացի մեջ: Մենք ընկանք մի թակարդի մեջ, որից դուրս գալու համար կախվածություն ունեցանք Մոսկվայից, որից հետո էլ՝ 2011-ի ամռանը, Կազանում ՀՀ-ն իր դրական դիրքորոշումը հայտնեց կազանյան փաստաթղթի վերաբերյալ, որը ներկայացրել էր ՌԴ-ն,-ասել է բանախոսը՝ ընդգծելով, որ ներկայացված բոլոր որոշումների վրա ՀՀ քաղաքական վերնախավն ունեցել է գրեթե զրոյական ազդեցություն:

Երվանդ Բոզոյանի խոսքով՝ 2 տարվա ընթացքում Ադրբեջանը մերձեցավ Ռուսաստանի հետ ու վերազինեց իր բանակը, իսկ հայկական կողմը փորձեց ՌԴ-ից մի քիչ տարանջատվելով՝ սկսել եվրաասոցացման գործընթացները:

-Դրանից հետո ի հայտ եկավ Սամվել Բաբայանի փակ նամակը՝ գործող նախագահին, նաև տեղեկություն ստացվեց, որ ՌԴ-ն փորձում է պատժել ՀՀ-ին ԵՄ գործընթացի համար: Ես ու իմ գործընկերներն ուզում էինք որոշակի քայլեր ձեռնարկել, բայց մենք չունեինք լուրջ լծակներ: Այս ամենն ավարտվեց 2013-ի սեպտեմբերի 3-ով, երբ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց մտնել ԵԱՏՄ: Պարզ է, որ եղել էր շանտաժ,-ասել է նա՝ հավելելով, որ այդ ժամանակ արդեն կանխատեսում կար՝ Ադրբեջանը շեշտակիորեն փոխել է ռազմական բալանսը ՀՀ-ի համեմատ, իսկ 2014-ի ամռանից ոչ պաշտոնական հիբրիդային պատերազմ է սկսվել, որի վառ դրսևորումը եղավ քառօրյա պատերազմը:

-Հայաստանում ստեղծված կուսակցությունները չեն կարողանում երկրում առկա խնդիրները լուծել: Մենք պետք է փորձենք հասկանալ՝ ի՞նչ անել այս դաժան իրականությունը փոխելու համար: Տարբերակներից մեկն այն է, որ փորձենք ստեղծել մեծ բևեռ ու բոլորին համախմբել դրա շուրջ, որի դեպքում իշխանությունների հետ բախումն անխուսափելի է,-նշել է նա՝ ընդգծելով, որ այն խնդիրները, որոնք կան Հայաստանում, առաջացել են այն պատճառով, որ որոշումները կայացվել են մաքսիմում 5 հոգու կողմից:

Եզրափակելով իր խոսքը՝ քաղաքագետն ասել է, որ պետք է փորձել անցումային փուլի համար այնպիսի մոդել կառուցել, որպեսզի հնարավոր լինի այս խնդիրները լուծել. հակառակ դեպքում Հայաստանի զարգացումը վտանգված կլինի:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը