Մեկնաբանություն

19.05.2016 14:15


Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. հեռանալու պահը

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. հեռանալու պահը

Սերժ Սարգսյանի «օդային մեսիջները» հեկտարների ու մարդու կյանքի հակադրության մասին չեն դիմանում ոչ մի քննադատության։

Ադրբեջանը պահանջում է ամբողջ Ղարաբաղը, Սյունիքը համարում է իրենը և հավակնություններ ունի Երևանի հարցում։ Նույնը կարելի է ասել Թուրքիայի մասով։

Հիմա ի՞նչ։ Եթե Ադրբեջանը հարձակվի, ապա Սերժ Սարգսյանի «ռազմական դոկտրինի» համաձայն՝ մենք պետք է հեկտարները հանձնենք, այդ հեկտարների համար զոհեր տանք, նոր զոհեր չտալու համար հակահարձակման չանցնենք ու հետո այդ ամենը որպես հաղթանա՞կ ներկայացնենք։ Այդպես կարող ենք մինչև Բավրա ու Այրում նահանջել ու հետո ազգովի փախչել «Ով ուզում է՝ թող գնա ազատագրի կորցրած տարածքները» հակապետական ծրագրի շրջանակներում։

Եթե հետևելու լինենք Սարգսյանի ասածներին ու նրա քիրվայամետ երկրպագուների հիացական բացականչություններին, ապա գլխավոր միտքն այն է, որ հողակտորի համար չարժե կռվել, քանզի կարևորը մարդու կյանքն է։ Դեռ մի կողմ թողնենք, որ Սարգսյանի անցած ուղին դիակներով է լցված, ու նրա կարիերային աճն էլ դիակների վրայով է տեղի ունեցել, հետևաբար մարդու կյանքի մասին նրա տված սրտաճմլիկ ձևակերպումները կեղծ են։

Բայց եկեք մի պահ ենթադրենք, որ մարդու կյանքն իրոք արժեք է ՀՀԿ ղեկավարի համար, և նա համակերպվել է տարածքային կորուստների հետ, որպեսզի մարդկային զոհեր չլինեն (տարածքները հանձնելուց մարդկային զոհերի մասին, փաստորեն, չեն մտահոգվել ու հարյուրից ավելի զոհ են տվել)։

Մարդու կյանքն, անշո՛ւշտ, կարևոր է, բայց այն պահպանելու համար դեմագոգիան ու կեղծ պացիֆիզմն օգտակար չեն։ Սարգսյանի ասածները մարդու կյանքի ու հեկտարների հակադրության մասով զարգացնելու դեպքում վերջում կհանգենք պետություն չունենալու գաղափարին, քանզի պետությունը սահմաններ է ունենում, և այդ սահմաններն անհրաժեշտ է լինում պաշտպանել թշնամական հարձակումներից։ Պաշտպանելիս նաև զոհեր են լինում։ Ուստի, զոհ չտալու համար պետք է հանձնել հեկտարներն ու ծափահարել սերժական ձախողումների՞ն։ Չէ՞ որ սա մարազմի կարող է վերածվել։ Նաև՝ ողբերգության, քանզի ինքնապաշտպանության անընդունակ ազգերը դատապարտված են ոչնչացման։

«Վերջի բոլշևիկին» ծափահարելու գործը թողնենք լևոնականներին, իսկ մենք նկատենք, որ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» ոճի մեջ Սերժ Սարգսյանի հնչեցրած տեսակետները նշանակում են, որ եկել է նրա հեռանալու պահը։

Սեփական կամքով նա, բնականաբար, չի հեռանա։ Ամեն ինչ ու ամենքին «փուռը կտա», բայց չի հեռանա։

Նրան հեռացումը պետք է պարտադրել հերթական ընտրությունների կամ արտահերթ գործընթացների արդյունքում։

Երկու տարբերակին էլ պատրաստվել է պետք։ Այսօրվանից։ Ավելի ճիշտ՝ երեկվանից։ Հենց դա էլ արվում է համախմբման շրջանակներում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը