Կարծիք

21.05.2016 14:09


Կրկեսի ու հեկտարների վերածելու հայրենիք

Կրկեսի ու հեկտարների վերածելու հայրենիք

Իր հայտնի ելույթում Սերժ Սարգսյանն ասել էր, որ «մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»: Անխոս, սա ճիշտ դիտարկում է, սակայն Սարգսյանն իր գործունեության ընթացքում մեր բոլորիս հայրենիքը ոչ միայն կրկեսի, այլ վերջերս նաև հեկտարների վերածեց:

Ինչպես գիտեք, ապրիլյան պատերազմի հետևանքով մենք ունեցանք 800 հեկտարի կորուստ, 800 հեկտար, որ Սերժ Սարգսյանի անունը կթողեն պատմության մեջ որպես հանձնող նախագահ: Բայց զարմանալին ու զզվելին այն է, որ այս թեմայի շուրջ նույնպես շահարկումներ են տեղի ունենում: Մի կողմից Վահրամ Բաղդասարյանն է ասում, թե այդ 800 հեկտարը անմշակ գոտի էր, ոչ պիտանի ու ամայացված, մյուս կողմից էլ Սերժ Սարգսյանի մեկ այլ հաստիքային գործիք Աղասի Ենոքյանը 1in.am-ի էջերում այդ 800 հեկտարը անվանում է «ՀՀԿ-ի անվտանգության գոտի» ու «դարդ» է անում, թե այդ տարածքային կորուստը կարող է սասանել ՀՀԿ-ի դիրքերը: Վահրամ Բաղդասարյանի ու Ենոքյանի պահվածքը լիովին համապատասխանում է Սերժ Սարգսյանի տրամաբանությանը ու աշխարհայացքին, ըստ որի` Հայաստանն ու Արցախը դիտարկվում են ոչ թե որպես անձեռնմխելի հարստություն, այլ մի տարածք, որը կարելի է օգտագործել սեփական շահերի համար, իսկ այդ տարածքում 800 հեկտար քիչ թե 800 հեկտար շատ` կապ չունի, քանի որ, միևնույն է, օրական շահույթն այդ տարածքից չի ավելանում կամ պակասում:

Սերժ Սարգսյանի իշխանության տարիները կմնան մեր պատմության մեջ որպես տնտեսական կոլապսի, արտագաղթի, տարածքային կորստի ու Հայրենիքը կրկեսի ու հեկտարի վերածելու տարիներ: Սա մեզ համար պետք է նաև հստակ ազդակ լինի` հստակ գործունեություն ծավալելու համար: Միավորվենք հանուն մեր Հայրենիքի ու խաղաղ կերպով ազատենք քաղաքական դաշտը Սերժ Սարգսյանի հաճախորդներից, Սերժ Սարգսյանից ու նրա գաղափարախոսությունից:

Արսեն Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը