Լրահոս

23.05.2016 17:45


Ե.Բոզոյան. «Եթե ճնշումները մեծ են լինում, սովորաբար իշխանությունը տուրք է տալիս դրան» (տեսանյութ)

Ե.Բոզոյան. «Եթե ճնշումները մեծ են լինում, սովորաբար իշխանությունը տուրք է տալիս դրան» (տեսանյութ)

Ամենամտահոգիչն այն է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ իր համար գոնե տեսանելի է, որ ամենաարդյունավետ տարբերակը ղարաբաղյան խնդրի փուլային լուծումն է, ինչին աջակցում են նաև միջնորդները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ ընդգծելով, որ դա մեզ համար լուրջ մարտահրավեր է:

-Բանն այն է, որ միջնորդների համար շահավետ չէ մեծ պատերազմը, որի ամենամեծ սպառնալիքն Ադրբեջանն է, և որպեսզի մեծ պատերազմ չլինի, նրանք փաստացի փորձում են բավարարել Ադրբեջանի որոշակի պահանջներ,-ասել է բանախոսը՝ ընդգծելով, որ սա առաջացել է ռազմական բալանսի փոփոխությունից. վերջին տարիների ընթացքում Ադրբեջանն ուժեղացել է և ուժի դիրքերից սպառնում է մեծ պատերազմով, և մեր խնդիրն է այդ բալանսը վերականգնելը:

Անդրադառնալով փոխզիջումներին՝ քաղաքագետը նկատել է, որ նման վտանգ միշտ էլ կա, քանի որ երբ իշխանությունը հանդիպում է դրսի ճնշումներին, իրենց ներսից ևս ճնշում է անհրաժեշտ լինում, որպեսզի կարողանան դրան դիմակայել.

-Եթե ճնշումները մեծ են լինում, սովորաբար իշխանությունը տուրք է տալիս դրան: Նման ճնշման մեխանիզմ պետք է ստեղծի նաև հայ հասարակությունը, որպեսզի թույլ չտա իշխանություններին գնալ այդ քայլերին,-ասել է Երվանդ Բոզոյանը՝ ընդգծելով, որ հասարակությունն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի թույլ չտա Հայաստանի իշխանություններին գնալ զիջումների:

Քաղաքագետի խոսքով՝ Լավրովը Հայաստան կատարած այցի ժամանակ տեսավ, որ այստեղ մեծ ճնշում կա, և եթե նախկինում ռուսներն ավելի հստակ էին պահանջում փուլային տարբերակի կիրառումը, այսօր ավելի զգուշավոր են տրամադրված:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը