Աշխարհ

24.05.2016 11:31


Էրդողանն ու Ալիևը Ստամբուլում քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը

Էրդողանն ու Ալիևը Ստամբուլում քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը

«Ազատության» փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը Ստամբուլում քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը։

Հանդիպման մասին «Թրենդ»-ի կարճ հաղորդագրությունում նշված է, որ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը։ Հաղորդագրությունում ասվում է նաև, որ նրանք մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունները զարգացնելու շուրջ։

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ փակ դռների հետևում կայացած հանդիպումը կես ժամ է տևել։

Իլհամ Ալիևը Ստամբուլ է մեկնել՝ մասնակցելու մայիսի 23-24-ը անցկացվող հումանիտար հարցերով երկօրյա գագաթաժողովին։ Երեկվա ելույթներում քննադատություններ են հնչել ՄԱԿ-ի հասցեին, մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից։ Իսկ Իլհամ Ալիևը հերթական անգամ ծանր մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ ասելով, թե ավելի քան քսան տարի ադրբեջանցի 1 միլիոն փախստական տառապում է «Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով»։

Ապրիլի սկզբի չորսօրյա պատերազմի մասին Ալիևը հայտարարել է, թե «հայկական կողմը գրոհ էր ձեռնարկել, ադրբեջանցի զինվորներ, սպաներ և քաղաքացիական անձինք են զոհվել, վիրավորվել, հարյուրավոր տներ են վնասվել»։

Նա նորից հայտարարել է, որ Հայաստանն անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը՝ ասելով, որ Հայաստանը պետք է կատարի այդ բանաձևերը, «հակառակ դեպքում Հայաստանի դեմ պետք է պատժամիջոցներ կիրառվեն»։

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի», - հայտարարել է Ալիևը Ստամբուլի համաժողովում և մի նոր մեղադրանք է առաջ քաշել՝ ասելով, թե ինֆորմացիա կա, որ Հայաստանն օգտագործում է Մեծամորի ատոմակայանի ռադիոակտիվ թափոնները։

Վկայակոչելով Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, թե Հայաստանը միջուկային զենք ունի՝ Ալիևն ասել է, որ «Հայաստանի միջուկային սպառնալիքները և շանտաժը պետք է կանգնեցվեն»։

Մանրամասն՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը