Լրահոս

26.05.2016 17:00


Պարզվում են քննիչի կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ տվյալները

Պարզվում են քննիչի կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ տվյալները

Քաղաքացի Արուսյակ Ա.-ն ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է վարույթն իրականացնող անձի կողմից առերևույթ խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ քաղաքացի Արուսյակ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ վաշխառության վերաբերյալ իր դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունն իրականացրած քննիչը իրենից վերցրել է 260 հազ. ՀՀ դրամ՝ որպես քրեական գործով մի շարք վկաների հարցաքննելու համար ճանապարհածախս:

Բացի այդ, քրեական գործով դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու և փորձագետներին վարձատրելու պատրվակով նույն քննիչն իրենից պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով խաբեության եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը