Մեկնաբանություն

27.05.2016 16:26


ՀՀԿ ղեկավարի համար կարեւորը Մաշտոցի պուրակն «ազատագրելն» է

ՀՀԿ ղեկավարի համար կարեւորը Մաշտոցի պուրակն «ազատագրելն» է

Ապրիլյան չորսօրյա պատերազմի հետեւանքով մարդկային եւ տարածքային զգալի կորուստ արձանագրած իշխանությունը, թվում է, պետք է ողջուներ Սամվել Բաբայանի վերադարձը հայրենիք:

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի, գեներալ-լեյտենանտի վերադարձը միայն կարող է նպաստավոր լինել չավարտված պատերազմի պայմաններում գտնվող երկրի համար: Մինչդեռ, նրա վերադարձին գործող իշխանության մի հատվածի արձագանքը կարելի է բնութագրել որպես տագնապալի: Բնական է: Սերժ Սարգսյանը գնահատում է ռեստորանային գեներալներին, իրենից սնվող տարատեսակ կաթնասուններին («քաղաքագետ», «քաղտեխնոլոգ», «վերլուծաբան» եւ նման չորքոտանիների): Դրա համար էլ սրանց հիմա նետել է ասպարեզ ու մի քանի օր է խոսում, խոսում, խոսում են Սամվել Բաբայանի «վերադարձի թեմայով»: Փորձում են գուշակել ոչ թե այն, թե ինչ կարող է անել Բաբայանը ճակատում, այլ այն, թե ինչ նպատակ է հետապնդում նրա ներկայությունը հայրենիքում:

Եվ «կաթնասունները» համերաշխորեն եզրակացնում են, որ Սամվել Բաբայանի ծրագրերը ներքաղաքական են (սա այն դեպքում, երբ Բաբայանն իր առաքելությունը տեսնում է Արցախում եւ մտադիր չէ որեւէ կուսակցության մեջ լինել): Միաժամանակ, առեւտրականի հոգեբանությամբ ենթադրություններ են հայտնում այն մասին, թե ով կարող է վճարած լինի Բաբայանի պարտքերը: Հիրավի, անբարոյականությունը սահմաններ չի ճանաչում:

Այս ամենը Սերժ Սարգսյանի հոգեվիճակի հայելային արտացոլանքն է: Բաղրամյան 26-ի ցուցումով «կաթնասուններն» արդեն դաշտը բաժանել են երկու մասի եւ Սերժ Սարգսյանի իրական ընդդիմախոսներին «տեղավորել» են «800 հեկտարի շարժման» մեջ: Այսինքն՝ Բաղրամյան 26-ը ոչ միայն խոստովանում է, որ ինքը մտադիր չէ հետ բերել կորցրած տարածքը (18-20 դիրքերը), այլեւ՝ հեգնանքով է վերաբերվում 800 հեկտար տարածքի կորուստը բացահայտ դավաճանություն համարող ժողովրդի մեծամասնությանը:

ՀՀԿ ղեկավարն իր թույլ տված սխալների դեմ ընդվզողների հանդեպ քամահրական վերաբերմունք է դրսեւորում եւ այլոց բերանով իրական ընդվզողների հոծ բանակի համար էլ հնարավոր շարժման անուն է հորինել (հայտնի արդյունքով՝ մի քանի մետր պուրակի «գրավում»): Մարդը շտապում է եւ, ինչպես, նախկինում է ինչ-ինչ շարժումներ հորինել ու գոլորշին բաց թողել, այնպես էլ հիմա է որոշել, թե իր դեմ ընդվզողները ինչպիսի անվան տակ կարող են հանդես գալ: Հերթական «կրեաԾիվ» գաղափարն են հղացել եւ փորձելու են «Բաղրամյան պողոտա»-2-ը խաղարկել, որի հետ ոչ մի կապ չունի իրական ընդվզողների բանակը: Այն է՝ ժողովուրդը: Ինչպես կապ չուներ «Տարոն ջան, սիրուն չի» պալատական ակցիայի եւ նմանատիպ ցուցք հանդիսացող ակցիաների հետ (վերջինը Պռոշյան փողոցում տեղի ունեցավ, որտեղ ձեռնասուն ակտիվիստները պահանջում էին բոլորի հրաժարականը, բացի մեկից, որի տան մոտ էին գտնվում):

Լուրջ քաղաքական ուժերն ու դեմքերը «800 հեկտարի շարժում» չեն կարող նախաձեռնել: Նրանց գլխավոր խնդիրը պետք է լինի տարածք կորցրած անձին քաղաքականապես չեզոքացնելը եւ երկրի ղեկից 8000 հեկտար հեռու պահելը: Որպեսզի հերթական 800 հեկտարը չկորցնենք:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը