Կարծիք

30.05.2016 17:06


Սամվել Բաբայանի վերադարձի, իշխանությունների ու իշխանամետ արձագանքի մասին

Սամվել Բաբայանի վերադարձի, իշխանությունների ու իշխանամետ արձագանքի մասին

Արդեն մի քանի օր է, ինչ Սամվել Բաբայանը Հայաստանում է, շուտով նա գնալու է Արցախ, որովհետև, ըստ նրա իսկ խոսքերի, նա իր գլխավոր առաքելությունն այնտեղ է տեսնում: Առաքելությունը, կարծում եմ, հասկանալի է բոլորի համար, սակայն շուտով գեներալ-լեյտենանտն ինքը կպատմի դրա մասին: Ես այսօր կուզենայի խոսել իշխանությունների ու իշխանական շրջանակների արձագանքի մասին:
Գոնե հրապարակային առումով իշխանությունները բավականին զուսպ են իրենց արտահայտությունների ու գնահատականների մեջ, որովհետև իրենք լավ գիտեն, թե ով է Բաբայանը, ինչ ճանապարհ է նա անցել ու ինչ ներդրում ունի մեր երկու հայկական պետությունների կայացման գործում: Առավել հետաքրքրական է այն շրջանակների արձագանքը, որոնք ֆորմալ անկախ են, բայց գործում են Բաղրամյան 26-ի անմիջական կառավարման ներքո: Տարբեր «անկախ» ԶԼՄ-ների, «ազատամարտիկների», «անկախ քաղաքացիական ակտիվիստների», հաստիքային իշխանական պրոպագանդիստների ֆեյսբուքյան էջերի միջոցով իշխանությունները փորձում են

1. կեղծ տեղեկատվություն տարածել Բաբայանի անցյալի մասին,
2.աղավաղել նրա բացակայության պատճառները,
3.նսեմացնել նրա ավանդը Ղարաբաղի ազատագրման գործում (ավելին՝ դա արվում է այն մարդկանց շուրթերով, որոնք ո՛չ պատերազմի օրերին, ո՛չ պատերազմից հետո Ղարաբաղի տեղը նույնիսկ չեն իմացել, բայց ներկայանում են որպես ազատամարտիկ, չնայած որ պատերազմի օրերին ու դրանից հետո Հայաստանում մարդ ծեծելով են զբաղվել):

Բայց մեր հասարակությունն ամեն բան արդեն լավ հասկանում է, ու իրեն խաբելը նույնիսկ «անկախ, ազնիվ ու ընդդիմադիր» գործիչների շուրթերով հնարավոր չէ: Բացի այդ, եկեք անկեղծ լինենք. ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում տիրող աղմուկը չի կարող Բաբայանին ստիպել չկատարել իր առաքելությունը` առավել ևս հաշվի առնելով այն, որ իրական կյանքում (այո, այո, ոմանք կարող են զարմանալ, բայց «Ֆեյսբուքից» այնկողմ կա կյանք) նրա վերադարձը շատ ազդեցիկ շրջանակներ շատ լավ են ընդունել, չափից ավելի լավ ես կասեի: Ասածս այն է, որ իշխանությունների «զակազը» կատարողները պետք է մի քիչ զուսպ լինեն, որովհետև վերջում մնալու են իրենց տերերի հետ կոտրած տաշտակի առջև:

Հ.Գ. Ես հեռու եմ այն մտքից, որ իշխանություններին սատարողների ու իրենց «գծի մեջ» աշխատողներից շատերը կիսում են նրանց տեսակետները Ղարաբաղի հարցով, որ համարում են, թե այդ 800 հեկտարը «ռազմավարական նշանակություն չունեցող» հողեր են, կամ որ Կազանի փաստաթուղթը մեզ համար շատ ընդունելի փաստաթուղթ է: Այդ մարդիկ մեզանից բոլորից (ով իրեն այսօր ընդդիմադիր բեւեռում է տեսնում) ավելի լավ են հասկանում, թե ինչի հանգեցրեց այդ հողերի կորուստը, որի պատճառով թալիշցիները չեն կարող իրենց տներ վերադառնալ: Իրենք դա գիտեն, բայց չեն արտահայտվում: Բայց հիմա իսկը ժամանակն է, ի վերջո, մի կողմ դնել սեփական շահերը ու դեմ դուրս գալ պարտվողական քաղաքականությանը, որը մեր Հայրենիքի 800 հեկտարը համարում է «ոչ ռազմավարական տարածք»: Մենք ոչ թե 800 հեկտար, այլ 8 հատ քար չունենք ազերիներին տալու, և մեզ միացնող գաղափարը պետք է սա լինի:

Արմեն Միքայելյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը