Հարցազրույց

15.06.2016 16:30


Էլինար Վարդանյան. «Մենք շարունակելու ենք պնդել մեր նախագիծը»

Էլինար Վարդանյան. «Մենք շարունակելու ենք պնդել մեր նախագիծը»

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Էլինար Վարդանյանի հետ

Տիկի՛ն Վարդանյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիա­լական ապահովության մասին» օրեն­քում լրացում կատարելու մասին Ձեր ու Ստեփան Մարգարյանի ներկայացրած նախագծին։

Նախ և առաջ կուզենայի ներկայացնել իմ տեսակետը նախագծի վերաբերյալ։ Քանի որ մարտական գործողություններին մասնակցող զինծառայողների համար չկան որոշակի պետական երաշխիքներ և հոգածություն, ապա ասեմ, որ մեր ներկայացրած նախագծի նպատակը հետևյալն է՝ վերջիններիս հնարավորություն ընձեռել ծառայությունից հետո գոնե 3 տարի, ինչը դեռ քննարկման ենթակա է, օգտվել այն նույն իրավունքներից, որոնցից օգտվում են հանրային ծառայողները սոցիալական փաթեթների շրջանակներում։ Դա հնարավորություն կտա զինծառայողներին ինտեգրվել, վերադառնալ հասարակական կյանք, ինչպես նաև այդ ընթացքում հնարավորություն ունենալ ապահովագրության շրջանակներում անցնել բժշկական ստուգումներ և այլն։ Նշեմ, որ այս ամենը վերաբերում է ոչ միայն ապրիլյան մարտական գործողություններին մասնակցածներին, այլ ապրիլի 1–ից սկսած և այնուհետ մարտական գործողություններին մասնակցող զինծառայողներին։

Ի՞նչ կասեք ՀՀ կառավարության ներկայացրած եզրակացության մեջ տեղ գտած այն առարկության մասին, որ մարտական գործողություններ են տեղի ունեցել նաև նախ­կինում՝ 1988-94 թթ., ինչպես նաև դրանից հետո՝ մինչև 2016 թ. ապրիլի 1-ը, որոնց մասնակիցներն այլևս զինվորական ծառայության մեջ չեն:

–Ինչ վերաբերում է 1988-94 թվականներին, ապա այդ ժամանակ մարտական գործողություններին հիմնականում մասնակցում էին կամավորները, և վերջիններիս և նրանց ընտանիքների համար սոցիալական ապահովության և երկրապահ կամավորների մասին օրենքով նախատեսված են որոշակի երաշխիքներ։ Բացի այդ, վերջին հաշվով 1994թ.–ից հետո բավականին երկար ժամանակ է անցել, և ես կարծում եմ, որ այդ թվականների գործողությունների զինծառայողները հասարակական կյանքին ինտեգրվելու խնդիր 2016թ. չէ, որ պետք է ունենան։ Իսկ ապրիլյան գործողությունների և, Աստված չանի, հաջորդիվ գործողությունների մասնակիցները միանշանակ ունեն կյանքին ինտեգրվելու և առողջության նկատմամբ վերահսկողության իրավունք։

ՀՀ կառավարության եզրակացության մեջ ուշադրություն է դարձվել նաև այն փաստին, որ ապահովագրական գումարը, ըստ էության, վերածվում է մարտական գործողու­թյունների մասնակիցներին տրամադրվող դրամական նպաստների, ինչն ընդհանուր ոչինչ չունի ապահովագրության հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը։

–Հանրային ծառայողների համար ապահովվում են սոցիալական փաթեթներ։ Մեր նախագծի գաղափարը նման փաթեթների ներդրումն է։ Այն հանգամանքը, որ հանրային ծառայողն աշխատում է, նույնպես ապահովագրության հիմք չի կարող դիտարկվել, բայց մենք նայում ենք այդ ինստիտուտի կարևորությունը և վերջիններիս համար սահմանում փաթեթներ։ Նույն ձևով պետք է դիտարկել մարտական գործողությունների մասնակիցների կարևորությունը և փորձել հանրային ծառայողների համար գոյություն ունեցող մեխանիզմը կիրառել նաև մարտական գործողությունների մասնակիցների համար։ Անկախ նրանից, թե ՀՀ կառավարությունն ինչ որոշում կկայացնի, մենք շարունակելու ենք պնդել մեր նախագիծը։

Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը

Այս խորագրի վերջին նյութերը