Մեկնաբանություն

25.06.2016 10:35


Ինչպես է «ծախվում» Ղարաբաղը

Ինչպես է «ծախվում» Ղարաբաղը

Ղարաբաղը «ծախելու» մասին խոսակցություններն ինտենսիվացել են: «Ծախելն», իհարկե, պարզունակ ձևակերպում է, բայց իմաստը հասկանալի է:

«Սերժ Սարգսյանը Ղարաբաղն ուզում է ծախե՞լ»,- հարցնում են պարզունակները:

Պատասխանը միանշանակ է՝ ո՛չ, Սերժ Սարգսյանը չի ուզում Ղարաբաղը «ծախել», բայց այդպես կարող է ստացվել:

Եթե վերջին ութ տարիներին մեր երկրից Ղարաբաղի բնակչության 2-3 չափ մարդ է արտագաղթել, եթե տնտեսությունը փոքրանում է ու կամաց-կամաց հայտնվում մեկ կենտրոնի կառավարման ներքո, եթե ՀՀ բյուջեից երկու անգամ ավելի փող է ութ տարվա ընթացքում դուրս հոսում երկրից, եթե պաշտոնապես աղքատ է ՀՀ-ում փաստացի բնակվողներից ամեն երկրորդը, ապա ստացվում է այն, ինչը կոչվում է «Ղարաբաղը ծախել»: Ընդ որում՝ ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Հայաստանը. պետք չէ մեկը մյուսից անջատ դիտարկել:

Սարգսյանը չէր ուզում, որպեսզի չորս օրում հարյուրից ավելի զոհ տայինք, ու Թալիշը դատարկվեր: Չէր ուզում, բայց այդպես ստացվեց, քանզի տարիներ շարունակ անուշադրության էին մատնվել անվտանգության խնդիրները, և շեշտը դրվել էր երկրի ներսում թալանի «քաղաքակիրթ» ձևերի զարգացման վրա (բյուջետային ատկատներ, կեղծ տենդերներ, արագաչափերի ու տեսախցիկների տեղադրում, Որոտանի կասկադի սեփականաշնորհում, հոսանքի գնի թանկացում, կարմիր կետագծերով ասֆալտից փողի քամում, հարկային բեռի ավելացում և այլն):

Սարգսյանն ուզում էր, որ ապրիլյան օրերին այլ արդյունք գրանցվեր: Նա ԵՄ-ն ներկայացնող պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հույս հայտնեց, որ մինչև իրենց հանդիպումն ավարտվի, Ղարաբաղի հյուսիսարևելյան հատվածում հայկական կողմը հետ կբերի կորցրած դիրքերը: Հետ բերել, սակայն, ամբողջությամբ չստացվեց, քանզի թշնամին տարիներ շարունակ զինվել է, իսկ Սարգսյանն անվտանգության հարցերում հույսը դրել է դրսի ուժերի և հին զենքերով կռվող հայ զինվորի ոգու ու մարմնի վրա:

Հիմա, երբ խոսվում է Ղարաբաղը հանձնելու կամ չհանձնելու մասին, պետք է լավ հասկանալ, որ դրանք այս կամ այն մարդու ցանկությամբ չի լինում: Եթե տարիներ շարունակ թուլացել ես և ձախողել պետականաշինությունը, ապա ինքնաբերաբար դառնում ես «Ղարաբաղ ծախող»:

Ծախելը հո պոզով ու պոչով չի՞ լինում: Լինում է կազանյան փաստաթղթի տեսքով և «գեղեցիկ» ձևակերպումներով:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը