Մեկնաբանություն

28.06.2016 00:09


ՀՀԿ ղեկավարը դիմել է ժողովրդին

ՀՀԿ ղեկավարը դիմել է ժողովրդին

«Ռոյթերզին» տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է, թե ընտրություններում ՀՀԿ-ի պարտության դեպքում քաղաքականության մեջ ինքն այլեւս անելիք չի ունենա: Բայցեւ՝ հաջորդ հարցին պատասխանելիս, նա անմիջապես բացառել է իր գլխավորած ուժի պարտությունը:

Նորություն չէ, որ ՀՀԿ ղեկավարն առանձնահատուկ սեր է տածում օտար լրատվամիջոցների հանդեպ: Սեփական ժողովրդի հետ խոսելու փոխարեն նա միշտ գերադասում է «սիրտը բացել» օտարերկրյա լրատվամիջոցների առաջ: Իսկ ժողովրդին մնում է այդ լրատվամիջոցներից իմանալ, թե ինչ է մտածում, ինչպիսին են Սերժ Սարգսյանի տեսակետները ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ:

Հիշում եք, երեւի, որ ապրիլին նա հարցազրույց տվեց «Բլումբերգին» եւ պատասխանելով հարցին, թե անցած տարիներին ո՞րն է համարում իր ամենամեծ ձեռբերումը՝ ՀՀԿ ղեկավարը վստահ պատասխանեց՝ «Այն թիմը, որը ձեւավորել եմ»: Այսինքն՝ նախագահության 8 տարիներին ունեցած միակ ձեռբերումը իր թիմն է եղել: Դա՛ է համարում ամենակարեւորը: Մնացյալը ոչինչ է. երկիր, արտաքին քաղաքականություն, բանակ, տնտեսություն, սոցիալական վիճակ, արտագաղթ, գործազրկություն, արտաքին պարտք եւ այլն:

Թեպետ, մյուս կողմից էլ, մեղադրելու բան չկա. մարդը անկեղծորեն պատասխանել է: Նշված ոլորտներում ձեռքբերումներ չի ունեցել, ինչպե՞ս կարող էր նշել: Ուրեմն միակ ձեռքբերումը թիմ ձեւավորելն է եղել, ու դա էլ նշեց «Բլումբերգին» տված հարցազրույցի ժամանակ:

Հիմա էլ «Ռոյթերզի» միջոցով իր կուսակցությանն «ուղերձ» է հղում, որ չեն պարտվելու: Ոչ մի դեպքում չեն պարտվելու: Ի՞նչ է՝ հո ինքն առանց անելիքի չի՞ մնալու, հո չի՞ հեռանալու քաղաքականությունից (լավ հիշում եք, չէ՞, որ մի երկու տարի առաջ էլ հրապարակավ երդվում էր, որ ինքը ոչ մի պաշտոն չի ուզում): Պարզ ասած՝ ՀՀԿ-ին առաջարկում է գործել «Դու՝ ինձ, ես՝ քեզ» սկզբունքով (մարդ ես, էլի, մեկ էլ տեսար, «խիյարը թարս բուսեց» ու պարտվեց): Ավելի ճիշտ, իր թիմին հստակ հասկացնում է, որ եթե ուզում են պահել իշխանությունը, ապա պետք է միասին ամեն ինչ անեն լավ տոկոս «խփելու» համար: Այդպիսով Սերժ Սարգսյանն ակամայից դիմել է ժողովրդին ու հասկացրել, թե ինչ է պետք անել այս իշխանություններից ազատվելու համար:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը