Մեկնաբանություն

29.06.2016 00:05


Քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը

Քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը

Վերջին շրջանում իշխանությունը հաճախ է խոսում սերնդափոխության անհրաժեշտության մասին: Իսկ երբ իշխանությունը մի բանի մասին շատ է խոսում, արդեն սկսում ես կասկածել դրա անկեղծությանը:

Որ իշխանությունը երբեք անկեղծությամբ աչքի չի ընկել, ավելին՝ միշտ կեղծում է, դրանում համոզվել ենք բոլորս: Ոչ մի հարցում անկեղծ չէ, Սունդուկյանի լեզվով ասած՝ «Դիփ խափումի՛ ու խափո՛ւմ»: Բայց ուշադրություն դարձրեք այն բանի վրա, որ օգտագործում է միայն «սերնդափոխություն» բառը: Այսինքն՝ չի խոսում քաղաքակա՛ն սերնդափոխության անհրաժեշտության, այլ միայն սերնդափոխության մասին:

Իսկ «սերնդափոխություն» բառի բացատրությունը սերունդների հաջորդականությունն է: Սակայն կան միամիտներ, որոնք կարծում են, թե իշխանությունը երկու ձեռքով կողմ է քաղաքական սերնդափոխությանը: Մինչդեռ, իշխող ուժի համար դա մահվան դատավճիռ է: Մի բան, որը ինքն իր համար չի կարող կայացնել: Հո ինքն իր գերեզմանափորը չի՞ կարող լինել:

Սակայն մի պահ պատկերացնենք, թե իր այս ցանկության մեջ իշխանությունն անկեղծ է եւ իսկապես քաղաքական համակարգում սերնդափոխության անհրաժեշտության սուր կարիք է զգում (չնայած, էլի ենք կրկնում՝ դա կնշանակի սեփական ձեռքով կրակել սեփական քունքին): Այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ է հասկանում սերնդափոխություն ասելով: ՀՀԿ-ին «թարմ արյուն» է ներարկելո՞ւ, ինչ-որ ջահելներով է համալրելու կուսակցական վերնախա՞վը, որոնց տեղաբաշխելու է օրենսդիր եւ գործադիր մարմիններում եւ եռանդուն ու «ուսյալ-կրթյալ» ջահելները բարեփոխումների «բո՞ւմ» են իրականացնելու երկրում: Դուք հավատո՞ւմ եք նման բանի: Ես որ չե՛մ հավատում:

Տարիքով, կրթական եւ մտավոր ցենզով Սերժ Սարգսյանից կամ Գալուստ Սահակյանից տարբերվող «նոր» դեմքերը դարձյալ շարունակելու են առաջնորդվել այն արժեհամակարգով, որը կա Հանրապետականում, դարձյալ շարունակելու են գործել այն խաղի կանոններով, որը սահմանել է ՀՀԿ ղեկավարը: Ի՞նչ է, այդ «նորերը» գալու են ու ՀՀԿ-ի ներսում հեղափոխությո՞ւն են անելու: Ինչպես Հերմինե Նաղդալյանն է ասում. «Հեղափոխությունը պետք է անենք մեր մտքերում»: Ու անգամ իրենց մտքերում չեն անում: Եվ ի՞նչ եք կարծում, այդ «նորերը» անելու են: Թեկուզ, իրենց մտքերում: Իհարկե, ո՛չ: Ոչինչ էլ չեն անելու: Պարզապես, սերունդների հաջորդականության սկզբունքով, ասենք, «Թոխմախի Մհերի», Շմայսի, Լիսկայի կամ Նովոյի ջահել տեսակներն են գալու (բնականաբար, ֆասոնով մի քիչ «մոդեռն» բայց էությամբ նույնը): Քանզի, դրանց մեջ այլ տեսակ չի կարող լինել (տեղում կոչնչանա):

Հետեւաբար, եթե խոսվում է սերնդափոխության մասին, ապա պետք է սկսել առաջնորդից: Բացի այն, որ նա քաղաքականապես վաղուց է սպառվել, այլեւ՝ նրա պատկերացումներն են 1970-ականների (մարդը պարտիան միայն ԽՄԿԿ-ի տեսքով, կառուցվածքով, գործելաոճով, ներքին ժողովրդավարության բացառման ձեւով է պատկերացնում): Քանի դեռ այդ ուժի գլխին նստած է մեկը, որը նստած է (հատկապես Հռոմի պապի ներկայությամբ եւ քնում է միջազգային գագաթնաժողովներում), ուղղակի, ծիծաղելի է, խոսել սերնդափոխության անհրաժեշտության մասին: Անուն-ազգանունների, դեմքերի փոփոխությունը (կամ՝ կոլոտին բոյովով ու չաղին նիհարով փոխելը) սերնդափոխության հետ ոչ մի կապ չունի, երբ այդ «նորույթները» հայտնվելու են դասականի խոսքով ասած՝ «հին ու ծակ ղազանում»:

Այո՛, քաղաքական դաշտում մեզ սերնդափոխություն է պետք: Ու պետք է գլխից բռնել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը