Մեկնաբանություն

13.07.2016 08:15


Արտագաղթը մտահոգո՞ւմ է երկրի ղեկավարությանը

Արտագաղթը մտահոգո՞ւմ է երկրի ղեկավարությանը

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հրապարակել է 2016թ. հետազոտությունը, ըստ որի՝ Հայաստանում, մարտ ամսի դրությամբ, ապրում է 2 միլիոն 994 հազար մարդ: Նախորդ տարվա համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է: Թերևս չարժե խոսել այն մասին, թե ինչպես է վերաբերվում այս տվյալներին գործող իշխանությունը:

Ընդհանրապես, արտագաղթը մտահոգո՞ւմ է երկրի ղեկավարությանը: Ինչպես դասականը կասեր՝ իմաստ չունի խոսել «զրո բաների» մասին: Քանզի հայաթափության չդադարող «գործընթացը» զրոյական նշանակություն ունի գործող իշխանության համար: Դրա վառ ապացույցը 2013-ի նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանի մուննաթախառը արդարացումն էր, երբ գյուղացու տրտունջին, թե որդին լքել է հայրենիքը, ՀՀԿ ղեկավարը բարկությամբ արձագանքեց. «Ե՞ս եմ մեղավոր, որ քո տղան արտագաղթել է»:

Բաղրամյան 26-ում արտագաղթի հանդեպ տիրող մտայնությունն այսպիսին է: Եվ դա նորություն չէ:

«Արի տուն» ծրագրի վրա միլիոններ մսխեցին, բայց այդպես էլ ոչ ոք տուն չեկավ. հակառակը՝ ավելի երկարեց գաղթի ճամփան բռնած մարդկանց շարանը՝ ընդարձակելով Տիգրան Սարգսյանի երազած «Հայկական աշխարհը»:

Հալեպի ռմբակոծություններից մազապուրծ փախած և հայրենիքում հանգրվանած մեր հայրենակիցներն էլ շատ քիչ դիմացան ու ընդմիշտ լքեցին Հայաստանը՝ ապահովություն գտնելով եվրոպաներում և ամերիկաներում (շա՜տ քիչ թվով սիրիահայեր են դեռ շարունակում մնալ հայրենիքում): Մարդուժի պակասից երկիրը կորցրել է դիմադրողականությունը, և դա շատ էլ ձեռնտու է գործող իշխանությանը (թեպետ, համապետական ընտրությունների ժամանակ «անսպասելիորեն» ընտրողների թիվը կտրուկ ավելանում է, ու «ներգաղթ» է արձանագրվում): Իսկ հերթական ընտրություններից հետո տեսնում ենք, որ երկիրն ավելի է դատարկվում: Սակայն դեմոգրաֆիական աղետը բնավ չի մտահոգում գործող իշխանությանը և նրա ղեկավարին:

Եվ, մեղմ ասած, ամենաապշեցուցիչն այն է, որ գործող իշխանությունը մատը մատին չի խփում տնտեսությունը զարգացնելու, սոցիալական իրավիճակը բարելավելու, կոռուպցիան, անպատժելիությունը, արատավոր երևույթները եթե ոչ կանխելու, ապա գոնե մեղմելու ուղղությամբ (ինչի հետևանքով մարդիկ փախչում են երկրից):

Անպատկառությունն այն աստիճանի է հասել, որ հիմա էլ որոշ իշխանական գործիչներ հայտարարում են, թե եղածը ոչ թե մարդաթափություն է, այլ տեղաշարժ: Եվ այլ երկրների օրինակներ են նշում: Ընդ որում՝ 50-60 միլիոնանոց բնակչություն ունեցող երկրների: Եվ այս գիտակցությամբ էլ դեռ վերարտադրման ախորժակ ունեն:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը