Մեկնաբանություն

18.07.2016 16:35


Սարգսյանը կրկին անհետացել է

Սարգսյանը կրկին անհետացել է

Արդեն երկրորդ օրն է՝ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր խմբավորման» անդամների պահանջները Բաղրամյան 26-ի լրատվամիջոցները մկրատված են ներկայացնում: Ոչ մի բառ չեն գրում գլխավոր պահանջի մասին, որ պետք է հրաժարական տա Սերժ Սարգսյանը:

Արդեն երկրորդ օրն է՝ նույն Սերժ Սարգսյանը, ինչպես ապրիլյան չորսօրյա պատերազմի օրերին, այնպես էլ հիմա, լռում է: Չի փորձում անգամ ժողովրդի աչքին երևալ և տեսակետ արտահայտել զինված ապստաբմության մասին: Իր փոխարեն հայկական եթերը լցրել է բազմապրոֆիլ «մտավորականներով» և հաճախորդ կուսակցությունների ներկայացուցիչներով, որոնք բարոյախրատական ճառերով զահլա են տանում (ապրիլին նույն անձինք ռազմահայրենասիրական «բըխկոցներ» էին հանում): Ստացվում է, որ այս երկիրը գլուխ չունի, որի հրաժարականի պահանջն են ներկայացրել ապստամբները:

Ձևեր թափել, թե ոչինչ էլ չի պատահել, ու իրավապահներն «իրավիճակը վերահսկում» են, թիվ մեկ պաշտոնյայի կեցվածք չէ: Կամ պախկվել այլ ճարտասանների թիկունքում ու ոչ մի բառ չասել երկրում տիրող գերլարված իրավիճակի մասին՝ ևս թիվ մեկ դեմքին հարիր պահվածք չէ:

Դժվար է հավատալ, թե ՀՀԿ ղեկավարն ամբողջ խորությամբ չի պատկերացնում երկօրյա հոգեբանական այն «կաթվածը», որն ստացել է հանրությունը: Այն հանրությունը, որի համար անգամ սպասելի էր նման ըմբոստության դրսևորումը: Բայց դե, Սերժ Սարգսյանը վատ դերասանի պես է խաղում, ցույց է տալիս, թե ամեն բան «վերահսկվում» է, ու իրավիճակի հանգուցալուծումը կլինի այնպես, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հանգիստ նստած՝ ԱԺ-ի կողմից ընդունված օրենքներն է ստորագրում: Իբր, տեսե՛ք, թե որքան հանգիստ եմ ես:

Մյուս կողմից էլ եթե դիտարկենք նրա վարքագիծը, ապա չենք կարող չհարցնել՝ իսկ մի՞թե նա երես ունի ժողովրդի առաջ դուրս գալու և խոսք ասելու: Ինչպես սովորական, այնպես էլ արտակարգ իրավիճակներում նա ասելիք չունի ժողովրդին, քանզի գիտակցում է, որ իրեն վաղուց հավատացող և վստահող չկա: Երբևէ չի էլ եղել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը