Մեկնաբանություն

20.07.2016 16:10


Իյա՜, իրո՞ք, պարո՛ն Թոներ

Իյա՜, իրո՞ք, պարո՛ն Թոներ

ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը, անդրադառնալով Երևանում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններին, ասել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է բռնության միջոցով Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու փորձերը (եվ ոչ միայն ՀՀ-ում):

Մարկ Թոները ճեպազրույցում նաև կոչ է արել ՀՀ իշխանություններին իրավիճակը կարգավորել զսպվածությամբ ու ցավակցել է զոհված ոստիկանի ընտանիքին:

«Դա միշտ էլ վատ գաղափար է, երբ ռազմական ուժի կիրառմամբ փորձում են տապալել կառավարությունը, որը ժողովրդավարական ճանապարհով է ընտրվել։ Մենք ցանկանում ենք, որպեսզի քաղաքական փոփոխությունները տեղի ունեն ժողովրդավարական գործընթացների միջոցով»,– հայտարարել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Մ. Թոները:

Այն, որ ԱՄՆ-ը դատապարտում է բռնությունը աշխարհի որևէ ծագում, հասկանալի է: Թեպետ, Իրաքի ու «արաբական գարնան» մասին չենք մոռացել: Բայց ապշեցուցիչ է ԱՄՆ պետդեպի ներկայացուցչի գնահատականը ՀՀ իշխանության մասին, որը, պարզվում է, «ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով»: Էստեղ են ասել՝ իյա՜, իրո՞ք, պարո՛ն Թոներ: Բա 2013-ին Օբաման ինչո՞ւ չշնորհավորեց Սերժ Սարգսյանին, որի շնորհավորական ուղերձին ամենից շատն էին սպասում Բաղրամյան 26-ում: Զարմանալի է, չէ՞, որ Օբաման Սարգսյանի «ժողովրդավական ճանապարհով վերընտրությունը» չի նկատել: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է ԱՄՆ նախագահն այդքան անուշադիր ու ցրված եղել:

Լավ, մեկը չկա՞ր կողքին, որպեսզի նրան հիշեցներ այդ կարևոր իրադարձության մասին, և ասեր՝ պարո՛ն Օբամա, պետք է շնորհավորել ՀՀ նախագահի վերընտրությունը, որը տեղի է ունեցել «ժողովրդավարական ճանապարհով»:

Իսկապես, հետաքրքիր է, թե ինչպես է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը խոսում Հայաստանում «ժողովրդավարական ճանապարհով ընտրված» իշխանության մասին, երբ իր երկրի ղեկավարն անտեսեց 2013-ի «ժողովրդավարական» ընտրություններն ու հակառակ Բաղրամյան 26-ի նյարդային սպասումների՝ այդպես էլ չշնորհավորեց ՀՀԿ ղեկավարին:

Բռնությունը դատապարտել պետք է, սակայն նույն ԱՄՆ-ում հիանալի գիտեն հայաստանյան ցուցանիշների մասին: Նույն պետդեպին ավելի քան հայտնի են միջազգային կառույցների գնահատականները ՀՀ-ում ավտորիտար ռեժիմի, խոսքի ազատության, կոռուպցիայի, քաղաքական մենաշնորհի, տնտեսական մրցունակության մակարդակի մասին: Բնականաբար, ԱՄՆ պետդեպը հետևել է նաև արտագաղթի տվյալներին, ու նրան քաջ հայտնի է, թե վերջին 8 տարում որքան է ավելացել ամերիկահայության թիվը: Այնպես որ, կարելի էր դատապարտելով սահմանափակվել, իսկ մնացածի մասով լռել: Թե՞ հիմա եկել է ժամանակը ՀՀ իշխանությունների և առանձնապես Սերժ Սարգսյանի գլուխը շոյելու: Քանզի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում ակնհայտ է հանձնողական մոտեցումը վերջինիս կողմից: Մի խոսքով, երկակի ստանդարտներով առաջնորդվողների ավելի քան «հին ու բարի ավանդույթ»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը