Մեկնաբանություն

22.07.2016 16:45


«Է՛լ հարիֆ չկա»

«Է՛լ հարիֆ չկա»

Վերցերորդ օրը միայն Սերժ Սարգսյանը որոշեց ինչ-որ բան ասել: Այն էլ ոչ թե ժողովրդին, այլ իր եւ իր շրջապատի անվտանգությունն պահպանող իրավապահ համակարգի ղեկավարներին (այդ անվտանգության պահպանությունն, ի դեպ, ՀՀ հարկատուների հաշվին է իրականացվում):

Իրավապահների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը Սերժ Սարգսյանի ունեցած կարճ ելույթին անմիջապես հաջորդեց ՀՅԴ հայտարարությունը:

Հավանաբար, շուտով Գեղամյանը, Խոսրովը, Բաբուխանյանը եւ մյուսներն էլ հայտարարություն կտարածեն (Տեր–Պետրոսյանն արդեն հասցրել է հայտարարություն անել):

Վեցերորդ օրը քաղաքական դաշտի մեծ մասը ՀՀԿ ղեկավարի «պադյո՛մ» հրամանով «քնից արթնանում» է: Ինչեւէ: Եվ ի՞նչ են ասում:

Օրինակ՝ Սերժ Սարգսյանը կարծում է, թե այս իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ: Վեց օր ժողովուրդն իրեն է փնտրում, իսկ ինքը հիմա ասում է, որ այսքան երկար ձգելն էլ մի բան չի:

Իսկ ո՞վ էր խանգարում, որ նա ավելի վաղ խոսեր եւ ասեր այն, ինչ հիմա ասում է հրավիրված խորհրդակցության ժամանակ: Թեպետ, խուսափում է խոսել զինված ապստամբության պատճառների մասին, սակայն կես բերան խոստովանում է, որ, այո՛, Հայաստանում դժգոհներ կան: Ոչ թե դժգոհներ կան, այլ իշխանության հանդեպ ատելության չափաբաժինը կրիտիկականի սահմանագծին է հասել, եւ դա համատարած է:

Զգոնության եւ զսպվածության կոչերն ու հորդորները, որ հնչեցնում է Սերժ Սարգսյանը, այլեւս ուշացած են: Իսկ խոստումը, թե իրենք գործում եւ գործելու են համբերատար, պարզ էր ի սկզբանե: Սարգսյանի հույսը հանրային ներուժը «մաշեցնելն» ու «ահաբեկչների» կողմից թույլ տրվող հնարավոր սխալներից օգտվելն է:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հայտարարությանը, կարծում եմ՝ չարժե դրա բովանդակությանն անդրադառնալ: Սին խոստումներով այլեւս հնարավոր չէ կերակրել ժողովրդին՝ ասելով, թե փոփոխություններ կլինեն երկրում, բայց դե, կամաց-կամաց, էլի: Հո վռազը չե՞ք: Ի՞նչ եք ջուր լցնում թուրքի ջրաղացին:

Մի խոսքով, հանրությանը հիմարացնելու եւ մարդկանց զգոնությունը կրկին բթացնելու «զոնդաժն» սկսվա՛ծ է: Բայց դե, ժողովրդական լեզվով ասած՝ «էլ հարիֆ չկա»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը