Կարծիք

25.07.2016 12:31


Արյան գնով իշխանության եկած մարդը այլ ելք չի թողնում

Արյան գնով իշխանության եկած մարդը այլ ելք չի թողնում

Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները մի շարք կարևորագույն խնդիրներ ի հայտ բերեցին: Առաջին հերթին պարզ դարձավ, թե ինչպիսի ծանր և հուսահատ վիճակում է գտնվում հասարակությունը, ինչպիսի ատելությամբ է լցված իշխանությունների նկատմամբ: Ատելությունն էլ այդ արդարացի է: Իսկապես, բացի մի շարք ծախու լրատվամիջոցներից և իշխանական հեռուստաալիքներից՝ ոչ ոք երկրում չի փորձում սևացնել «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Տարակարծություն չկա նաև իրենց նպատակի վերաբերյալ:

Սերժ Սարգսյանի նեղ շրջանակից և իրեն սպասարկող քիչ և շատ հայտնի հաճախորդներից բացի՝ ոչ ոք չի առարկում, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Այս մարդը հասարակությանը հասցրել է այն աստիճանի, որ շատերն այսօր հավանություն են տալիս զինյալների ընտրած միջոցներին, քանզի այլ ճանապարհ՝ Հայաստանը Սերժ Սարգսյանից ազատելու համար, չեն տեսնում: Այս ատելությունն այն սերմի պտուղն է, որ ցանել է հենց ինքը Սերժ Սարգսյանը. արյան գնով իշխանության եկած մարդը, ով այդ իշխանությունն ուժով է միայն պահում՝ թալանելով այն երկրի քաղաքացիներին, որի ղեկավարն է, ամեն օր այս կամ այն կերպ բռնություն կիրառելով նրանց նկատմամբ, իսկապես մարդկանց այլ ելք չի թողնում:

Այսօր նրան արդեն չեն օգնում այն բարբաջանքները, թե «մենք պատերազմող երկիր ենք», «սահմանին թշնամի է կանգնած» և այլն: Այո, թշնամին սահմանին կանգնած է, մեկ-մեկ էլ կրակում է: Բայց ժողովուրդն այսօր և այստեղ այլևս սեփական գոյությունը պահպանելու հնարավորություն չունի, և ձեր շահարկումներն ու թշնամով շանտաժի ենթարկելը չի օգնի:

Չի օգնում նաև «գեբելսյան քարոզը». մարդիկ ամեն ինչ շատ լավ տեսնում են և հասկանում: Ինչքան ուզում եք՝ «Արմենիայով» ու մնացած ալիքներվ պատմեք, որ զինյալներին խաբելով են տարել: Ի՞նչ են խաբել, հետաքրքիր է: Միակ բանը, որից այդ տղաները կարող են իրենց խաբված զգալ, նա է, որ 8 օր անցել է ու դեռ ոչինչ չի փոխվել: Սերժ Սարգսյանի դեմ պայքարի դուրս գալու համար ոչ մեկին խաբել կամ նույնիսկ համոզել պետք չէ:

Այս դեպքերը ցույց տվեցին նաև իշխանությունների տկարությունը, վախը և իրավիճակը ճիշտ գնահատելու ունակության բացակայությունը: Չեն գիտակցում, որ այն, ինչ տեղի է ունենում, դեռ միայն սկիզբն է: Ամայացնելով քաղաքական դաշտը, այն լցնելով ծախու և անսկզբունքային գործիչներով, ինստիտուցիոնալ՝ հաստիքային ընդդիմադիրներով, ճնշելով քաղաքական այլակարծությունը և զրկելով հասարակությանն այլընտրանքից՝ իշխանությունները, ի վերջո, միայնակ են մնալու ժողովրդի ցասման դիմաց: Եվ այդ ժամանակ նրանց ո՛չ ջրցաններն են փրկելու, ո՛չ ոստիկանական մահակներն ու վահանները, ոչ էլ զրահամեքենաներն ու զենքը:

Քաղաքական բանավեճը մերժողը սա՛ է ստանում, սթափվե՛ք: 88-ին էլ խորհրդային իշխանությունները երկխոսությանը նախընտրեցին բռնությունը. նրանցից ուժեղ չլինեք: Այն ժամանակ կարողացան ճիշտ պահի ճամբարափոխ լինել և կանգնել հաղթողի՝ ժողովրդի կողմը: Վախենամ՝ այս անգամ Սերժ Սարգսյանին դա այլևս չհաջողվի:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը