Լրահոս

26.07.2016 13:23


Ավազակային հարձակում Գեղարքունիքի մարզում. ձերբակալվել է երկու անձ

Ավազակային հարձակում Գեղարքունիքի մարզում. ձերբակալվել է երկու անձ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ճամբարակ քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, 2 անձ ձերբակալվել է:

Հուլիսի 23-ին՝ ժամը 11:05-ին, ահազանգ էր ստացվել, որ Ճամբարակում գործող առևտրի սրահից կատարվել է ոսկյա զարդերի հափշտակություն։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 23-ի առավոտյան 2 երիտասարդ մուտք են գործել Ճամբարակ քաղաքում գտնվող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առևտրի կենտրոն, որտեղ դանակի գործադրմամբ սպառնացել են վտանգավոր բռնություն գործադրել վաճառողուհու կյանքի նկամամբ։ Երիտասարդներից մեկը փակել է վաճառողուհու բերանը, իսկ մյուսը առևտրի կենտրոնի սրահի ցուցափեղկից հափշտակել ոսկյա զարդերը ու դիմել փախուստի։

Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը եւ ձերբակալվել ավազակային հարձակում կատարելու կասկածանքով։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը