Լրահոս

26.07.2016 16:34


Գարեգին Չուգասզյան. «Ձնագնդի նման մեծացող գործընթաց է»

Գարեգին Չուգասզյան. «Ձնագնդի նման մեծացող գործընթաց է»

ՍիվիլՆեթը մի քանի հարց է ուղղել ընդհատակում գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանին։

Ինչպե՞ս եք գնահատում ներկա իրավիճակը, մասնավորապես փոխհրաձգությունը ապստամբների ու ոստիկանության միջև։

–Գնդի տարածքում պահվող բոլոր ոստիկաներին ապստամբների կողմից ազատ արձակելուց հետո վարչախմբի «Սասնա ծռերի» նկատմամբ ձեռնարկած վերջին քայլերը, այն է ջրից, սննդից, էլեկտրականությունից և վիրավորին բժշկական ծառայությունից զրկելը, իսկ հիմա՝ նաև սպիտակ դրոշով շարժվող մեքենայի վրա կրակ բացելը ավելորդ անգամ մեր ժողովրդի համար ակնհայտ է դարձնում ռեժիմի ոչ միայն մարդկային տարրական բարոյականության բացակայությունը, այլև անհատակ հիմարությունը, քանի որ վարչախմբի այս վարքը «Սասնա ծռերի» ասպետական վարքի ֆոնին միայն անսահման գարշանք ու արդարացի ընդվզում կարող է առաջացնել մեր ժողովրդի մեջ, որի ականատեսն ենք մենք այսօր։

–Խորենացի փողոցում տեղի ուենցող իրադարձությունների մասին ի՞նչ կասեք։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ փուլում են հավաքները։

–Առաջին օրը բոլոր ամբիոններից հայտարարվում էր, որ ապստամբները ընդամենը ծայրահեղական մարգինալ խումբ են և 50-100 կողմնակցից ավելի հետևորդ չունեն: Մարտմեկյան անպատիժ հանցագործությունների և սահմանին ամենօրյա մատղաշ զոհեր տալուն սովոր, իր իսկ սպաներից Վահե Ավետյաններ ու Բուդաղյաններ հոշոտող, բայց և ամբողջովին նեխած ռեժիմը հաջորդ օրերին փորձ արեց իր ոստիկանապետական ողջ զինանոցը օգտագործելով հարյուրավոր մարդկանց դաժան բռնությունների ենթարկելու, տասնյակ մարդկանց մարմնական խեղումներ պատճառելու միջոցով սարսափի մթնոլորտ ստեղծել՝ նպատակ ունենալով սաղմի մեջ խեղդել քաղաքացիական անհնազանդությունը՝ մարդկանց հեռու պահելով փողոց դուրս գալուց և իրենց համերաշխությունը ապստամբներին ցույց տալուց։ Արդյունքում այսօր արդեն ունենք տասը հազարանոց ցույցեր և երթեր: Այն ձնագնդի նման մեծացող գործընթաց է, որը վերջապես սրբել-տանելու է ատելի խամաճիկների ու մակաբույծների փոքրաթիվ այս խումբը, որը հիմա էլ որոշել է Հայրենիքը մաս առ մաս վաճառքի հանել և որի դեմ իբրև թե խաղ չկա։ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է, և մեր ժողովուրդը իր քաղաքացիական խիզախության զանգվածային օրինակներով ցույց տվեց, որ ուրվականներից չի վախենում։ Վստահ եմ, որ առաջիկա օրերին մենք կտեսնենք այդ գիտակցությունը նաև ուժային մարմիններում աշխատող և այդ նույն ժողովրդից ծնված զավակների մեծամասնության մոտ։

Մանրամասները՝ ՍիվիլՆեթ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը