Մեկնաբանություն

27.07.2016 11:25


Սերժ Սարգսյանը՝ զինված ապստամբության ու հեղափոխության «գաղափարախոս»

Սերժ Սարգսյանը՝ զինված ապստամբության ու հեղափոխության «գաղափարախոս»

Թող զարմանալի չթվա, բայց «Սասնա ծռերի» գործունեության «գաղափարախոսը» Սերժ Սարգսյանն է։ Նա, իհարկե, այդպես չէր ուզում, սակայն այդպես ստացվել է։

Երբ 2008թ. մարտի 1–ից հետո Սերժ Սարգսյանը փորձեց աթոռը պահել արտաքին «նախաձեռնողականությամբ», երբ նա «Ֆուտբոլային» դիվանագիտության միջոցով առևտրի առարկա դարձրեց Հայոց ցեղասպանության հարցը և քայլ կատարեց Ղարաբաղն առևտրի առարկա դարձնելու ուղղությամբ (Կազանում այդպես էլ եղավ, ու հիմա մենք շատ ավելի վատ դիրքում ենք, քանզի ապրիլյան մարտերի արդյունքում ստատուս քվոն փոխվել է ի վնաս մեզ), մարդիկ տեսան, որ Բ26–ում հայտնված մարդը պատրաստ է ամեն ինչի, միայն թե իշխանություն ունենա և կարողանա անձնական հարստություն կուտակել։

Երբ Սարգսյանն ու նրա նեղ շրջապատը սկսեցին «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել, որի արդյունքում երկրից ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ արտագաղթեցին, արդեն իսկ պարզ էր, որ ՀՀ–ին ծանր օրեր են սպասվում, և մի օր ամեն ինչ պայթելու է։

Երբ հայտարարվեց, որ ինչքան ուզենք՝ այնքան «կխփենք», ոմանք արդեն սկսեցին մտածել զինված դիմադրության մասին։

Երբ ասվեց, որ իշխանության հետ կապված բոլոր հարցերը լուծվելու են Մելիք–Ադամյան փողոցում, զինված ապստամբության հարցը դարձավ օրակարգային։

Երբ ՀՀԿ–ի «պադվալում» խոսվեց այն մասին, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, պարզ էր, որ պայթյունը մոտենում է։

Երբ քաղաքական ու լրատվական դաշտի մեծ մասը հաճախորդացվեց ու «միաբանացվեց», երբ շատերին ֆոտոսեսիայի ենթարկեցին, ամրապնդվեց այն կարծիքը, որ այս գաղջ մթնոլորտը հնարավոր է փոխել միայն արտառոց քայլերի միջոցով։

Երբ սահմանադրական հանրաքվեն ամենալկտի ձևով կեղծվեց, որպեսզի Սերժ Սարգսյանը, հետ կանգնելով իր իսկ խոսքից, վերարտադրվելու հնարավորություն ստանա, հասկանալի էր, որ «Սասնա ծռերի» ստեղծման հիմքերը դրվելու են։

Եվ վերջապես, երբ ապրիլյան մարտերից հետո հայտարարվեց, որ մենք ունենք անպետք հեկտարներ, որ պետք է գնալ միակողմանի զիջումների՝ իբր թե պատերազմից խուսափելու համար, մեր հանրության ճնշող մեծամասնության մոտ ամրապնդվեց այն համոզմունքը, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա։

Այդ հեռացումն ամեն մեկն իր ձևով է պատկերացնում, բայց կա համընդհանուր կարծիք, որ Սարգսյանն ու ՀՀ շահերը խոր հակասության մեջ են։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Գիշերը կրակոցներ են հնչել։ Վիրավորվել են ու հիվանդանոցում են գտնվում Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին, նաև՝ մեկ ոստիկան։

Սարգսյանը բառիս բուն իմաստով այլևս սվիններով կարող է պահել իր աթոռը։ Միայն սվիններով։ Թե ինչքան, ինքն էլ չգիտի։ Նա հիմա «մահապարտ» է ու վտանգավոր թե՛ իր, թե՛ պետության համար։

Սերժ Սարգսյան–հանրություն անտոգոնիզմը հասել է գագաթնակետին։ Թե ինչ հանգուցալուծում կստանա այս վիճակը, դժվար է ասել։ Շատ կարևոր է, որ ամեն ինչ լինի առանց ցնցումների կամ նվազ ցնցումներով, որպեսզի ՀՀԿ ղեկավարը հետագայում երնեկ չտա Մուբարաքի, Յանուկովիչի կամ Սահակաշվիլու հեռացման սցենարներին, և չկրկնվի Քադդաֆիի կամ Չաուշեսկուի պատմությունը։

Այս խորագրի վերջին նյութերը