Կարծիք

27.07.2016 12:55


Սարգսյանը չի գիտակցում, որ այսօր իր դեմ է դուրս եկել ողջ հայ ժողովուրդը

Սարգսյանը  չի գիտակցում, որ այսօր իր դեմ է դուրս եկել ողջ հայ ժողովուրդը

Սերժ Սարգսյանի ոչ ադեկվատ պահվածքը հղի է անդառնալի հետևանքներով: Այս մարդը չի գիտակցում, որ այսօր իր դեմ է դուրս եկել ողջ հայ ժողովուրդը: Սա այլևս զուտ քաղաքական խնդիր չէ, քանզի ոչ «Սասնա ծռերը», ոչ էլ Խորենացիում հավաքված մարդիկ իշխանական հավակնություններ չեն ներկայացնում. պահանջը միայն Սերժ Սարգսյանի հեռանալն է (քաղբանտարկյալների ազատումն այս դեպքում ածանցյալ է, քանզի առաջին խնդրի իրականացումը կվերացնի նաև քաղբանտարկյալներին պահելու հիմքը):

Եվ բացարձակապես կտրված լինելով իրականությունից՝ նա երեկ փորձեց ուժային ճանապարհով լուծել խնդիրը՝ ֆիզիկապես վերացնելով ՊՊԾ գունդը գրաված անձանց: Չեմ պատկերացնում, թե ինչ խնդիր էր նա փորձում դրանով լուծել, քանզի «Սասնա ծռերն» այլևս իր համար իրական վտանգ չեն ներկայացնում. նրանք հանդիսացան հանրային ընդվզման կատալիզատոր, և հիմա պայքարը տեղափոխվել է այլ հարթություն: Եթե այդ գործողության և քաղաքացիներին առևանգելու և բանտերում պահելու նպատակը ժողովրդին ահաբեկելն է, ապա սա նույնպես անարդյունավետ է. խնդիրը մի քանի տասնյակ մարդիկ չեն, որոնք իրենց հետևից տարել են բողոքավոր զանգվածը. ողջ հասարակությունն է պատրաստ պայքարի, և ցուցարարների թիվն ավելանում է ձնագնդիի պրոգրեսիայով: Այս պարագայում դա միայն ավելի է հրահրում մարդկանց:

Դա էլ Սերժ Սարգսյանին քիչ է. էժանագին և անբարոյական կայքերի անսկզբունքային խմբագրերին է դաշտ հանել, որ հայհոյանքով ու վիրավորանքով փողոց հանեն ու պայքարի մաս դարձնեն նաև քաղաքական ուժերին:

Այսպիսով, Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է, որ ժողովրդից ստանա իր արժանի պատիժը: Այս պահին գուցե նա իրեն դեռ անպարտելի է զգում, բայց դա ամենևին էլ այդպես չէ: Նրա դեմ այսօր մի ամբողջ ժողովուրդ է կանգնած, ծայրահեղ հուսահատության հասցրած ժողովուրդ: Լավ կլինի՝ ինքն այս պահից պատրաստ պահի ինքնաթիռը, մեկ էլ Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրի. կարծում եմ՝ Ալիևը նրան չի մերժի՝ հաշվի առնելով «հայրենիքին» մատուցած ծառայությունները: Իսկապես, Ադրբեջանը Սարգսյանի համար թերևս ամենաանվտանգ տեղն է, քանզի այնտեղ հայ չկա:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը