Քաղաքական

27.07.2016 14:10


Ալեք Ենիգոմշյան. «Տղաները ցանկանում են, որ պատգամավորները պահանջ ներկայացնեն ոստիկանությանը՝ մտնել իրենց մոտ» (տեսանյութ)

Ալեք Ենիգոմշյան. «Տղաները ցանկանում են, որ պատգամավորները պահանջ ներկայացնեն ոստիկանությանը՝ մտնել իրենց մոտ» (տեսանյութ)

Այս պահին ասուլիսով են հանդես գալիս «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը և Արմենակ Կյուրեղյանը՝ Կյուրեղյան եղբայրների հայրը։

–Տղաների կորովը բարձրագույն աստիճանի վրա է. ներսում ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին, վճռականությունը մնում է նույնը,–ասել է Ալեք Ենիգոմշյանը։

Նա ընդգծել է, որ «Սասնա ծռերը» ներկա դրությամբ ունեն 2 գործնական պահանջ, որոնցից մեկը վերաբերում է բժշկական ծառայությանը։

–Ներկայումս ներսում կա բժիշկ, իսկ ոստիկանությունը հայտարարում է, որ «Սասնա ծռերի» անդամները պատանդ են վերցրել նրան։ Նման բան չկա։ Տղաները պահանջում են՝ լինի բժշկական բրիգադի հերթափոխ, պահանջում են՝ փոխարինողը գա, և այնտեղ ներկայումս գտնվողը դուրս կգա,–պարզաբանել է Ենիգոմշյանը։

Նաև հավելել է, որ տղաները ցանկանում են, որ պատգամավորները պահանջ ներկայացնեն ոստիկանությանը՝ մտնել իրենց մոտ։

–Բանակցություններ չեն եղել. եթե կային էլ, իմիտացիոն բնույթ են կրել։ Խաբեության և ստոր գործելաձևի մոտեցումները մինչև երեկ և մինչև այս րոպեն շարունակվում են։ Այսօր չկա Հայաստանում մեկը, ով իր աջակցությունը չհայտնի «Սասնա ծռերին»։ Այդ քաղաքական լեգիտիմությունը իրականացվել է։ Հենց այդ պատճառով մենք անցնում ենք 2–րդ փուլին՝ հիմնված ժողովրդական աջակցության վրա։ Մեր քաղաքացիների հետ որոշում կկայացվի, թե ինչ ուղղությամբ կգնա պայքարն այսուհետև։ Այսօր ինքնադրսևորման պահը եկել է, և շատ կարևոր է, որ բոլոր գործողությունները լինեն ոչ թե վերևից թելադրված, այլ ներդաշնակ և համակարգված,–հավելել է նա։

–Սերժ Սարգսյանի հեռացումը նշանակում է ներկա ռեժիմի հեռացում, որին անմիջապես պետք է հաջորդի վստահության կառավարության ձևովորումը։ Այն տեղական մշտական կառավարություն չպետք է լինի։ Վստահության կառավարությունը պետք է լինի այն կառույցը, որը կղեկավարի հստակ ժամանակացույցով անցումային փուլ, որի ընթացքում պետք է կազմակերպվեն ազատ և անկախ ընտրություններ։

Ենիգոմշյանի խոսքով՝ մինչև երեկ երեկո Ժիրայր Սեֆիլյանը մնում էր իր դիրքորոշման.

–Նա կողմ է բացառել արյունահեղությունը, կողմ է խաղաղ հանգուցալուծմանը, դրա համար էլ ուզում է հանդիպել տղաներին, նոր բանակցել Սերժ Սարգսյանի հետ։ Բացառվում է, որ Ժիրայր Սեֆիլյանը հեռանկարային իմաստով հրաժարվի Սերժ Սարգսյանի հրաժարականի՝ իր և ամբողջ ժողովրդի պահանջից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը