Լրահոս

29.07.2016 21:22


Հիվանդանոցներում բազմաթիվ տուժածներ կան (ուղիղ միացում, լրացված)

Հիվանդանոցներում բազմաթիվ տուժածներ կան (ուղիղ միացում, լրացված)

Ազատության հրապարակում աստիճանաբար ավելանում է մարդկանց հոսքը։ Մոտ մեկ ժամից այնտեղ հանրահավաք է նախատեսվում։ Հիշեցնենք՝ մարդիկ փողոց են դուրս գալիս ի պաշտպանություն Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի»։ Վերջինները պահանջում են Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը և Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Նկատվում է նաև ոստիկանական ուժերի կուտակում։ Ոստիկանության գործողությունները համակարգելու է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը մի քանի օր պատանդ էր Էրեբունու ՊՊԾ գնդում։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ «Սասնա ծռերի» ֆեյսբուքյան էջում նշվել էր, որ Արայիկ Խանդոյանը վիրավորվել է, և բանակցությունները չեն շարունակվում։ «Սասնա ծռերի» 31 անդամից ներկայումս գնդում 24–ն է մնացել։

***

Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՊՊԾ գնդում իրավապահների պատասխան կրակից վիրավորվել է կրակոց արձակողներից ևս երկուսը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն:

***

Ոստիկանությունը հայտնում է, որ ՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած եւ իրավապահների պատասխան կրակից վիրավորվածներն Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանն են։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն են ստանում:

***

Ազատության հրապարակից երթ մեկնարկեց դեպի Խորենացի փողոց՝ Թումանյան փողոց, Աբովյան փողոց, Պուշկին փողոց, Վարդանանց փողոց, Նար- Դոս փողոց երթուղով։

Մարդիկ վանկարկում են՝ Պավ–լի՛կ, Սաս–նա ծը–ռե՛ր, մի–ա–ցե՛ք։

***

Դեպի Խորենացի գնացող ցուցարարները կտրուկ փոխեցին երթուղին, Նար–Դոսի փողոցում ճեղքեցին ոստիկանական պատը և մտան Սարի թաղ։ Նրանց դեպի ՊՊԾ գունդ տանող ճանապարհը ցույց են տալիս հենց տեղի բնակիչները։

***

ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ են լսվում։ Ոստիկանական ուժեր են կենտրոնացվում Սարի թաղում։

***

Ցուցարարների մի ստվար մասն էլ Խորենացի փողոցում է։ Նրանք փակեցին ոստիկանական ավտոբուսների դիմացը, ովքեր շարժվում էին դեպի ՊՊԾ գնդի տարածք։

***

Բավականին անակնկալ կերպով ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց, լուսաձայնային ճայթուկներ էին պայթում։

***

ՊՊԾ գնդի տարածքից պարբերաբար կրակոցների և պայթյունների ձայներ են լսվում։

***

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հինգ րոպե ժամանակ տվեց ցուցարարներին հեռանալ Սարի թաղից և գնալ Խորենացի։ Սակայն, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ինքնաբուխ ցույցն օրինական է, իսկ կանանց և երեխաներին խնդրեց հետ գնալ, որպեսզի առաջին գծում մնան միայն տղամարդիկ։

***

Ոստիկաններն անակնկալ կերպով հարձակվեցին Խորենացի փողոցում հավաքված ցուցարարների վրա և սկսեցին բոլորին բերման ենթարկել։ Նաև հատուկ միջոցներ են կիրառվում։

Կան նաև տուժածներ։

***

Սարի թաղում հարձակման է ենթարկվել նաև «Ազատության» նկարահանող խումբը։ Ըստ տեղեկությունների՝ նրանց ծեծի են ենթարկել քաղաքացիական հագուստով ոստիկանները։

***

Սարի թաղում հրդեհ է բռնկվել։ Տեղեկություններ կան, որ տներ են այրվում, հավանաբար ոստիկանության կիրառած հատուկ միջոցերի հետևանքով։

***

Ոստիկանության գործողությունների հետևանքով հիվանդանոցներում բազմաթիվ տուժածներ կան. նրանք ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը