Մեկնաբանություն

31.07.2016 17:02


Մայր բուհը վերածել են մայր կռտարանի

Մայր բուհը վերածել են մայր կռտարանի

Ինձ ցնցել է ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի՝ Մարատ Յավրումյանի լուսանկարը: Նրա դուստրը 15 տարեկան է: Ու ես պատկերացրեցի՝ եթե իմ ամուսինը մեր 19-ամյա դստեր հետ գնար ցույցի և հորը այդ օրը գցեին... Մարատը դստեր հետ էր գնացել ցույցի և հինգ ոստիկան հարձակվել էին նրա վրա ու ոտքերով հարվածել այնքան ու այնպես, որ Մարատի լուսանկարը դիտելիս՝ սարսռում ես.... Անասուննե՛ր... Որքան հետևել եմ Մարատի ՖԲ-ի էջին՝ հիացել եմ նրա կամ ընտանիքի հրատարակչական գործունեությունից: Տպագրում են լավագույն հեղինակների լավագույն գործերը: Գիտեի նաև, որ Մարատը ԵՊՀ-ում դասավանդում է, արաբագետ է: Այդքանը:

Երևանի պետական համալսարանի ՀՀԿ-ական ռեկտոր Արամ Սիմոնյանի ղեկավարությամբ, փաստորեն, այնտեղ աշխատում են թե՛ տականքներ, ովքեր կոչ են անում սատկացնել «Սասնա ծռերին», և թե՛ Մարատի նման ազնիվ, պայքարող մարդիկ (վերջիններիս թիվը չնչին է, ավաղ...):

Երբ մայր բուհի կառավարման խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, այնտեղ Մարատի նման դասախոսները սպիտակ ագռավ կարող են լինել: Նույն այդ բուհում, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնում դասավանդում են ՀՀԿ-ական «բուղաներ»: Ավելին՝ նրանք նաև ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ են կարգվում (լրիվ խորհրդային դիկտատուրա. ուսանողներին գազոնային մտածողության ծիրում պահող, վերահսկելի «մասսա»-ի վերածող բաժնի վարիչություն): Խոսքը՝ ՀՀԿ խորհրդի անդամ Միհրան Հակոբյանի մասին է, որը օրեր առաջ կոչ էր անում սատկացնել ՊՊԾ գնդի տարածքը գրաված տղաներին: Եվ հիմա պետք չէ զարմանալ, որ ԵՊՀ-ն չի արձագանքում իր դասախոսի նկատմամբ անհիմն հաշվեհարդարի փաստին: Մայր բուհը Սերժ Սարգսյանը վերածել է «եղիր հեզ, բանող եզ» չակերտավոր գիտակրթական զանգվածի: Որտեղ ուսանողները պետք է կոմսոմոլական վարք ու բարք դրսևորեն, իսկ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը խուլ ու համր ձևանա: Նաև՝ կույր: Քանզի երկրորդ օրն է այդ ՀՀԿ-ական «մայր» կռտարանից ծպտուն չկա՛: Կարծես, իրենց դասախոսի, իրենց գործընկերոջ հետ ոչինչ չի պատահել: Ամաչե՛ք, պարոնայք և տիկնայք...Ամաչե՛ք... Որքա՞ն կարող եք կուչ գալ «Վերջի բոլշևիկի» սապոգների մոտ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը