Մեկնաբանություն

01.08.2016 20:35


Ինչի մասին է խոսում Սերժ Սարգսյանը, և ինչ է պետք անել

Ինչի մասին է խոսում Սերժ Սարգսյանը, և ինչ է պետք անել

Սերժ Սարգսյանն այսօր Բաղրամյան 26–ում էր հավաքել իր ենթականերին։ Նա անդրադարձել է վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին և ներկայացրել իր եզրակացությունը։

«Զենքով և բռնությամբ Հայաստանում հարցեր չեն լուծվելու,– նշել է Սարգսյանը, ապա ավելացրել,– Իշխանությունները կգան ու կգնան, ահաբեկչության խրախուսումը քաղցկեղի պես կմնա ու կտարածվի, կոչնչացնի մեր ժողովրդի կողմից ստեղծած ամեն ինչ»:

Գնահատականները ճիշտ են, բայց ո՞վ է այն ներկայացնում։

Սարգսյանը միայն զենքով ու բռնությամբ է հարց լուծել և եկել իշխանության։ Ահաբեկումը նույնպես այս իշխանության հիմնական գործիքակազմերից է։

Ահաբեկչություն չէ՞ տոկոս «խփելը», ընտրական իրավունքի բռնաբարումը, տնտեսությունը մեկի ձեռքում կենտրոնացնելը, սեփական թիմակիցների (լիսկաների) համար անպատժելիության պայմաններ ապահովելը, ոստիկանությանը խաղաղ ցուցարարների դեմ հանելը, բյուջեն ատկատահան անելը, բանակը խարդավանքների միջոցով թուլացնելը, մեր երկրի պարտքը քառապատկելը, աղքատությունն ավելացնելը, արտագաղթի համար նպաստավոր պայմաններ ստեղծելը։

Սարգսյանի նախագահության շրջանում ստեղծվել է «Գեբելսյան» քարոզչամեքենա, որը ամեն օր տեղեկատվական ահաբեկչության է ենթարկում հանրությանը՝ սուտ ու կեղծիք տարածելով, իրականությունը խեղաթյուրելով, քաղաքական դաշտը լղոզելով։

Յուրօրինակ ահաբեկչություն է նաև քաղաքական դաշտի մեծ մասի հաճախորդացումն ու Հայաստանը միջազգային հզորների ձեռքում մանրադրամ սարքելը։

Իրականությունն այն է, որ Սարգսյանն իր գործունեությամբ, ցմահ իշխելու ցանկությամբ ու ագահությամբ ծնել է զենքի օգնությամբ վիճակ փոխելու համոզմունք, ինչն, անշուշտ, վտանգավոր է մեր պետության համար։ Հարց է առաջանում՝ ո՞վ է մեղավոր այս ամենի համար։ Պատասխանն ակնհայտ է՝ իշխանությունն ուզուրպացրած ՀՀԿ ղեկավարը։ Հետևաբար՝ բուն պատճառները թողած այլ բաներից խոսելը հարցի լուծում չէ։

Ինչ վերաբերում է արվելիք քայլերին, ապա Սարգսյանը հայտարարել է, որ Սահմանադրությունն իրենք փոխել են, որպես ազգային համաձայնության իշխանություն ձևավորվի։ Այսինքն՝ ստացվում է, որ հանրաքվեն կեղծել են լավ նպատակով։ Բայց չէ՞ որ այդպես չի լինում։

Սարգսյանը վստահաբար պնդում է, որ ամիսներ անց (երևի նկատի ունի ԱԺ ընտրությունների արդյունքում) ազգային համաձայնության կառավարություն է ձևավորվելու, սակայն փորձը ցույց է տալիս, որ նրա ասածները ճիշտ հակառակ բանն են ենթադրում։ Եվ ուրեմն, ազգային համաձայնության նոր իշխանությունը պետք է ձևավորվի ոչ թե իշխանական պալատից հնչած խոստմամբ, այլ հանրության ջանքերով։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ պետք է հասնել իշխանափոխության։ Միայն նոր որակի իշխանությունը կկարողանա երկիրը դուրս բերել այս վիճակից։ Սարգսյանն այս վիճակը փոխող չէ։ Եթե փոխի էլ, ապա միայն դեպի վատը։ Նման շռայլություն հայ ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը