Կարծիք

02.08.2016 20:51


Իշխանափոխություն չեն պահանջում, այլ` պարտադրում են

Իշխանափոխություն չեն պահանջում, այլ` պարտադրում են

«Սասնա ծռերի» որոշումը հանձնվել` ավելորդ արյունահեղությունից խուսափելու նպատակով, ողջունելի քայլ էր և միանգամայն դրական ընդունվեց գրեթե բոլորի կողմից: Սակայն, դրանից հետո Ս.Սարգսյանի ելույթն ու շեշտադրումները է՛լ ավելի սրեցին իրավիճակը մեր առանց այդ էլ ծայրաստիճան մասնատված հասարակության մեջ, ուր իշխանությունները վայելում են զրոյից ցածր ժողովրդական վստահություն, եթե չասենք` բացահայտ ատելություն: Ս.Սարգսյանի ելույթն ուներ երեք հիմնական նպատակ` քաջալերել սեփական ճակատագրով անհանգիստ իրեն հավատարիմ մարգինալ իշխանական խմբին, վերջիններիս վստահեցնել, որ ամեն ինչ իր վերահսկողության տակ է և, որ վճռական է լինելու իր սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու հարցում, ուրեմն և պաշտպանելու իր մտերիմների շահերը:
Ստեղծված իրավիճակում, երբ երկիրը գտնվում է ներքին ու արտաքին գոյութենական մարտահրավերների առաջ, բռնաճնշումներն ու առճակատումը սեփական ժողովրդի հետ կարող է անկառավարելի դարձնել դեպքերի հետագա զարգացումները ու հանգեցնել քաոսի` իշխանական գործող «բուրգի» ու այնտեղ պետական լիդերների ակնհայտ չգոյության պայմաններում: Ուստի, կոչ եմ անում ամենաբարձր ատյանում որոշումներ կայացնողի վրա ազդեցություն ունեցող խորհրդականներին ու պաշտոնյաներին միջամտելու Ժ.Սեֆիլյանի, առողջական լուրջ խնդիրներ ունեցող Ա.Ենիգոմշյանի, ինչպես նաև վերջին օրերին անհիմն ձերբակալված Ա.Մարտիրոսյանի, Դ.Սանասարյանի, Ա.Ղուկասյանի և բազմաթիվ այլ ՀՀ քաղաքացիների շինծու գործերը կարճելու և նրանց ազատ արձակելու հարցում` հասարակությունում լարվածությունը էլ ավելի չսաստկացնելու նպատակով: Իշխանությունները պետք է սթափվեն: Վախի միջոցով ու վախ սերմանելով անհնար է հավերժ կառավարել: Իշխանություններին տված «Սասնա ծռերի» ամենակարևոր դասը հենց դա էր: Ժողովրդին կարող են ճնշել ու ստորացնել, սակայն նրա ոգին հաղթել չի հաջողվել որևէ բռնակալի: «Սասնա ծռերի» մյուս ամենակարևոր ուղերձը ուղղված էր ժողովրդին` հաղթում են ոչ թե քանակով, այլ` որակով, հաղթում են ոչ թե զենքով, այլ` ոգով:

Ուրեմն, մենք երբեք չպետք է հավատը կորցնենք սեփական ուժերի նկատմամբ ու ոչ էլ հուսահատվենք: Իշխանափոխություն չեն պահանջում, այլ` պարտադրում են:

Այսօր մեր հասարակության բոլոր խավերի, քաղաքական ուժերի, հասարակական կազմակեպությունների միակ խնդիրը պետք է հանդիսանա այդ օրակարգային հարցի շուրջ համախմբումն ու դրա իրականացման կոնկրետ աշխատանքային ծրագրի և «ճանապարհային քարտեզի» մշակումը: Դա քաղաքական գործընթաց է, որի անցումային լուծումներից մեկն էլ կարող է հանդիսանա` Վստահության կառավարության ձևավորումը: Վերջինս կարող է ապահովել համապատասխան պայմաններ մեր երկրում անկախությունից ի վեր գեթ մեկ անգամ ազատ և արդար ընտրությունների իրականացման համար:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ
Ռուբեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը