Մեկնաբանություն

11.08.2016 00:01


«Անկախ» շոու

«Անկախ» շոու

Եթե հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով մարդիկ չծեծեին մի քանի լրագրողի, մենք, երևի, երբեք փողոցում չէինք տեսնի ՀՀ Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանին: Այն էլ՝ Ազատության հրապարակում, այն էլ՝ «Հանուն խոսքի ազատության» բողոքի ակցիայի մասնակցի դերում: Այն էլ՝ այդ առիթով ինչ-որ խրոխտ հայտարարության տակ ստորագրելիս: Սա արդեն մե՜ծ առաջընթաց է «խոսքի ազատության» ոլորտում: Միաժամանակ, չափազանց զվարճալի տեսարան:

ՀՀԿ-ի ցուցակով Երևանի ավագանու անդամի կարգավիճակ ունեցող երկրի թիվ «մեկ լրագրողը» եթե որոշել է հայտնվել նման «վտանգավոր» բողոքի գործողության վայրում, դա նշանակում է, որ նա վերջապես հիշել է, թե ո՞ր միությունն է ղեկավարում անհիշելի ժամանակներից: Իսկ հիշել է, որովհետև այդպես էր պետք կամ այդպիսի հրահանգ էր ստացել Բաղրամյան 26-ից (քանի որ տիկին Գևորգյանը նման շառ ու փորձանքից միշտ հեռու է եղել ու խառնվել է միայն այն դեպքերում, երբ վերևներում հարմար են համարել նրա մասնակցությունը):

Ոչ միայն նրա, այլև ՀՀԿ-ական պատգամավորների, ՀՀԿ ղեկավարի «քաղաքագետների» և նմանատիպ անձերի ներկայաությունն Ազատության հրապարակում ամբողջացնում է այդ դիմակահանդեսը, որը նախաձեռնել էին շա՜տ «անաչառ» ու շա՜տ «օբյեկտիվ», շա՜տ «ընդդիմադիր ու անկախ» լրատվամիջոցները (բացառյալ մի լրատվամիջոցի): Իսկապես, շա՜տ ծիծաղելի էր իրենք իրենց «կամերաների» առաջ խոսող, իրենք իրենց «հոգու ճիչն» արտահայտող մարդկանց դիտելն ու լսելը, որոնք բողոքում էին ամեն ինչի և ամենքի դեմ, բացի՝ Սերժ Սարգսյանից:

Ավելի ծիծաղելի էր, երբ չգիտես՝ ում էին սպառնում՝ հայտարարելով, որ եթե իրենց նշած ժամկետում չպատժվեն իրենց լրագրողներին ծեծողները, ապա... Մի խոսքով, «դուք ձեր հալը կտեսնեք» ոճի մեջ:

Խնդալիք էր, իհարկե, նաև դեմքին վիշտ ու մտահոգություն նկարած ՀՀԿ-ական պատգամավորի ասելիքը խոսքի ազատության պաշտպանության մասին: Լրիվ մասկարադ: Դուք ու ձեր լրատվամիջոցները, դուք ու ձեր շեֆի հրահանգով իրականացված ծեծուջարդը: Հիմա ումի՞ց եք բողոքում (իբր): Ումից սնվում եք, նա արդեն հորդորել է ձեզ մոռանալ կերած մուշտին: Հիմա ո՞ւմ եք ինչ ասում:

Ձեր տերն է ասել՝ մոռացե՛ք, դե, փորձեիք գնալ ու նրա դռան դիմաց՝ Բաղրամյան 26-ի շեմքին կանգնեիք ու բողոքեիք: Թե՞ տեղում չէր, դրա համար չգնացիք այնտեղ: Կամ էլ, երևի, սցենարով հստակ վայր էր նախատեսված: Ինչևէ:

Դիմակահանդեսը դիտարժան էր: Հո միայն «թունդ ընդդիմադիր» դիրքերից գրելով չի՞ (մարդկանց հիմարացնելով), նաև այսպես կարելի է զբաղեցնել հանրությանը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը