Լրահոս

13.08.2016 22:13


Հայկ Խանումյան. «Պարտվողական տրամադրությունները կենտրոնացած են 1-ին և 3-րդ նախագահներին սատարող քաղաքական գործիչների մոտ»

Հայկ Խանումյան. «Պարտվողական տրամադրությունները կենտրոնացած են 1-ին և 3-րդ նախագահներին սատարող քաղաքական գործիչների մոտ»

Հարցազրույց ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահՀայկ Խանումյանի հետ

–Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել է, թե 150 հազար բնակչություն ունեցող Ղարաբաղը 12 հազար քառակուսի կիլոմետրն ի՞նչ է անում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս արտահայտությունը։

Չէի ցանկանա Ադիբեկյանի ասածներին մեկնաբանություն տալ, բայց պետք է նշեմ, որ պարտվողական հայտարարություններն ուղղակիորեն անդրադառնում են Արցախի անվտանգությանը: Պատկերացրեք Կովսականում կամ Մեխակավանում բնակվող մարդկանց վիճակը, երբ որևէ պաշտոնյա կամ մասնագետ խոսում է տարածքներ հանձնելու կամ դրանց անպետք լինելու մասին: Պատկերացրեք այն ներդրողների վիճակը, որոնք ցանկանում են ներդրումներ անել որոշակի տարածքներում և ՀՀ նախագահը, որոշ պատգամավորներ խոսում են այդ տարածքների զիջումների առարկա լինելու մասին: Վստահաբար, նման կարծիքները խոչընդոտում են Արցախի տնտեսական զարգացմանը, անվստահություն են սերմանում տեղացիների մեջ և, ընդհանուր առմամբ, ոտնձգություն են Արցախի և, եթե կուզեք, ողջ հայության անվտանգության դեմ:

–Կարծում եք, սա զուտ Ահարոն Ադիբեկյանի անձնակա՞ն կարծիքն է, թե՞ իրականում նրա և իշխանական տիրույթում գտնվող շատ այլ անձանց շուրթերով Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումների գնալու նախապատրաստական աշխատանքներ են տարվում հայաստանյան իշխանությունների կողմից։

Հայաստանի քաղաքական դաշտում մեծ ծավալի պարտվողական տրամադրություններ կան, որոնք հատկապես կենտրոնացած են 1-ին և 3-րդ նախագահներին սատարող քաղաքական գործիչների մոտ: Այդպիսի տրամադրությունների հրապարակայնացման անթույլատրելիության մասին նրանց զգուշացվել է թե՛ անմիջականորեն, թե՛ հրապարակայնորեն, բայց, ինչպես տեսնում ենք, վերջիններս իրենց շարունակում են պահել դիվերսանտների նման: Դրա համար էլ երկրում զինված ապստամբություն է տեղի ունենում: Ես վստահ եմ, որ եթե ապրիլյան օրերին չլինեին հայաստանյան որոշ քաղաքական գործիչների դավաճանական հայտարարությունները՝ կորցրած դիրքերի անպետքության վերաբերյալ, չլինեին զիջումների մասին ահագնացած խոսակցությունները, չէր լինի նաև զինված ապստամբությունը:

–Արցախում «հանձնողական» տրամադրություններ կա՞ն։ Ինչպե՞ս կարձագանքեն տեղի բնակիչները, եթե Սերժ Սարգսյանը ստորագրի, օրինակ, կազանյան փաստաթուղթը, որին, ինչպես նա է հայտարարել, ինքը համաձայն է եղել դեռ 2011թ., բայց Ադրբեջանն է մերժել։ Նկատենք, որ կազանյան այդ փաստաթղթով առաջարկվում է ԼՂ–ի հարցի փուլային տարբերակ՝ նախ հայկական կողմը հանձնում է հինգ շրջան, հետո՝ երկու, իսկ նախկին ԼՂԻՄ տարածքի կարգավիճակի հարցը մնում է անորոշ ապագային։

Արցախում առկա տրամադրությունները ժամանակ առ ժամանակ ստուգվում են ՀՀ նախագահականի կողմից: Վերջերս նույնպես տարբեր հարցեր պարզելու համար մի սոցհարցում էր անցկացվել: Պարզվել է, որ տարածքային զիջումների պատրաստ է հարցվողների միայն 0,6 տոկոսը: Հետևաբար արցախյան հասարակությունը գրեթե ամբողջությամբ մերժում է այսօր սեղանին առկա կամ վերջերս եղած առաջարկները: Մենք ապրիլին կորցրել ենք մի քանի դիրքեր` վտանգի տակ դնելով մի ամբողջ գյուղի անվտանգություն: Պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի, եթե կորցնենք բնակավայր կամ շրջան: Ամբողջ Արցախի անվտանգությունը կլինի կասկածի տակ: Եվ դա, ի տարբերություն Երևանի, Արցախում հասկանում են բոլո՛րը:

Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը

Այս խորագրի վերջին նյութերը